Կմնա՞ ուժի մեջ

25/06/2009

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն` Ազատության ակտի 907-րդ ուղղումն Ադրբեջանի հանդեպ կշարունակի գործել: Այդ մասին որոշումն ընդունվել է 2010թ. համար ԱՄՆ արտաքին օգնությունների չափաբաժինների հարցը քննարկելիս: «ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհրդակցել է Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի հետ` հավաստիանալու համար՝ արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանե՞լ են աջակցությունը ստանալու պահանջներին»,- ասված է այս կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ, որով նաեւ երախտիքի խոսք է ուղղվում որոշման կայացման հարցում էական ներդրում ունեցած կոնգրեսականների հասցեին: «Ամերիկայի հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Նիտա Լոյեին, կոնգրեսականներ Ադամ Շիֆին եւ Մարկ Կիրկին ենթահանձնաժողովի վճռի կայացման կապակցությամբ»: Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը որոշել էր 2010 թվականի ԱՄՆ պետբյուջեում Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը հասցնել 48 միլիոն դոլարի, ինչպես նաեւ` առանձին տողով 10 միլիոն դոլարի չափ օգնություն սահմանել Լեռնային Ղարաբաղի համար: Իսկ որոշման մեկ այլ կետի համաձայն` հանձնաժողովը համաձայնության է եկել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության պարիտետը պահպանելու հարցում: Ինչ վերաբերում է 907-րդ կետն ուժի մեջ թողնելուն, ապա հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՀԱ ջանքերի շնորհիվ թե՛ Կոնգրեսը, թե՛ հանձնաժողովը կարեւորել են այդ քայլը` կոչ անելով Ադրբեջանին «զերծ մնալ սպառնալիքներից, ուժի կիրառման նկրտումներից, ինչպես նաեւ` ռազմատենչությունից»: Որոշումն ընդունելիս կոնգրեսականները հաշվի են առել վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերը: Տեղեկացնենք, որ ավելի վաղ` մարտ ամսին, Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին ներկայացրած զեկույցում ԱՀԱ հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանն ընդգծել էր 907-րդ ակտի կարեւորությունն ու արտահայտել իրենց խորը մտահոգությունը Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: Որոշումն ընդունելիս, ըստ հաղորդագրության, ենթահանձնաժողովը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս պետքարտուղար Քոլին Փաուելի միջնորդությամբ որոշակի պայմանական սահմանափակումներ էր մտցվել 907-րդ Ակտում, նպատակ ունենալով խթանել Ադրբեջանում իրականացվող ահաբեկչական կազմակերպությունների գործունեության խոչընդոտմանը: Սակայն այդ փոփոխությունները հստակ նշում էին, որ հատկացվելիք օգնությունը «չպետք է վտանգի ենթարկի» ԼՂ խաղաղ բանակցային գործընթացը «կամ կիրառվի Հայաստանի եւ տարածաշրջանում հայաբնակ որեւէ տարածքի հանդեպ հարձակողական նպատակներով»: Սակայն, մինչ 907-րդ ակտի պայմանական փոփոխություններում երաշխիքներ են մշակվել Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնելուց կամ նոր պատերազմ սկսելուց հետ պահելու ուղղությամբ, ԱՀԱ-ն արձանագրել եւ խորը մտահոգություն է հնչեցրել այն առնչությամբ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախագահի կողմից ռազմատենչ հայտարարություններ են հնչում: Որոշման ընդունման կապակցությամբ ԱՀԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանն իր խոսքում ասել է. «Ակտի 907-րդ ուղղման կիրառման օրվանից ի վեր համագումարը կարեւորել է որոշումը, դիտարկելով այն որպես ազդակ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին: Մի կողմից՝ Թուրքիան շարունակում է իրականացնել Հայաստանի շրջափակումը, ջանալով ստիպել Հայաստանին զիջումների գնալ ԼՂ կարգավորման գործընթացում, մյուս կողմից՝ Ադրբեջանը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում հայ-թուրքական` վերջերս ստորագրված «Ճանապարհային քարտեզի» կապակցությամբ: Կոնգրեսի սույն որոշմամբ կհաջողվի վերականգնել ԱՄՆ միջնորդների կողմից խրախուսվող խաղաղ գործընթացի շարունակականությունը»: Հիշեցնենք, որ օրինագծի ամբողջական ընդունումը նախատեսվում է օգոստոս ամսին` մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի արձակուրդ մեկնելը: