Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Օնիկ Ցոլակի Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»): Դատարանը նրան դատապարտել է ազատազրկման` 3 տարի ժամկետով: Սակայն կիրառելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը` դատարանը Ալեքսանյանին ազատել է նշանակված պատժից: Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Օնիկ Ալեքսանյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին: Հիշեցնենք, որ սա այն տեղամասի այն հանձնաժողովի նախագահն է, որի «բարձր հովանու ներքո» եւ անմիջական մասնակցությամբ մայիսի 31-ի ընտրություններում ոչ միայն լցոնումներ էին կատարվել, այլեւ բռնություն էր կիրառվել լրագրողների նկատմամբ: Նշենք, որ ըստ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի, ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից երեկվա դրությամբ ազատ են արձակվել՝ Զաքարյան Աշոտը, Աբրահամյան Արան, Այվազյան Սմբատը, Հակոբյան Հովհաննեսը, Հարությունյան Հովհաննեսը, Հայրապետյան Դավիթը, Հայրապետյան Էդուարդը, Հովսեփյան Մանուկը, Խաչատրյան Համլետը, Խաչատրյան Լեւոնը, Սարգսյան Հայկազը, Կարագյոլոմ Բուրխանետին, Կարապետյան Արամը, Մելքոնյան Տիգրանը, Մաթեւոսյան Դավիթը, Սահակյան Միխայիլը, Գյոդակյան Կարապետը, Ղարիբյան Հարությունը, Մկրտչյան Տիգրանը, Էլազյան Քրիստափորը, Ղազարյան Գեւորգը եւ Ղավալբաբունց Վարդանը: Որոշման 7-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն, Հովսեփյան Միքայելի պատժի չկրած մասը կրճատվել է: