Միայն կողոպուտ

03/08/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր իշխանությունները զարմացած են։ Չեն հասկանում, թե ինչ է իրենցից
ուզում Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակը։ Վերջին 3 շաբաթում
գրասենյակի ղեկավարությունը հրապարակայնորեն բացատրություն է պահանջում
ՌԱՕ ԵԷՍ-ին Հայաստանի էլեկտրացանցերը վերավաճառելու մասին։
Իշխանությունների հետ ու նրանց նման զարմացած է իշխանամետ մամուլը։ Ոչ մի
կերպ չեն հասկանում ՀԲ Երեւանյան գրասենյակի կոշտ դիրքորոշումը։ Մինչդեռ,
այդ վարքի տակ, քաղաքական ենթատեքստից զատ, զուտ տնտեսական հիմնավորում կա։

Ո՞վ է մեզ պարտք տալիս

Պաշտոնական տվյալներով՝ 2005-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին
պարտքը կազմել է մոտ 1 մլրդ 183 մլն դոլար։ Արտաքին պարտքի չափի հետ
հրապարակվել է նաեւ պարտքի կառուցվածքը։ Այսինքն, կարելի է պարզել, թե ո՞ր
երկիրը կամ ո՞ր միջազգային կազմակերպությունն է մեզ պարտք տալիս։ ՀՀ
արտաքին պարտքի 66 տոկոսից ավելին, այսինքն՝ 783 մլն դոլար, պարտք է տվել
Համաշխարհային բանկը։ Միջազգային ֆինանսական կառույցները ՀԲ-ի միջոցով ու
երաշխավորությամբ են Հայաստանին այդքան գումար տրամադրել։ ՀԲ-ն՝ որպես
երաշխավոր պարտապան, բնականաբար, պարտավոր է ուշադիր հետեւել Հայաստանի
տնտեսության զարգացմանը։ Թե՛ պարտքերի հետագա մարման, թե՛ նոր գումարների
տրամադրման հեռանկարը ՀԲ-ին պարտավորեցնում է մշտապես տեղյակ լինել, թե
ինչ է կատարվում մեր տնտեսության ոլորտում։ Հատկապես, որ 2004-ին լրացավ
ՀԲ-ից ստացված առաջին վարկի արտոնյալ ժամանակաշրջանը։ Եվ մենք պարտավոր
ենք սկսել պարտքերի մարումը։ Ժամանակացույցը ենթադրում է, որ մարման
գործընթացը առաջիկա մեկ-երկու տարում ավելի ու ավելի մեծ ծավալներ պիտի
ստանա։ Սրան զուգահեռ՝ նախնական բանակցությունների համաձայն՝ ՀԲ-ն 2005-ին
շարունակելու է մեզ պարտք տալ՝ ավելի քան 78 մլն դոլար։

Հայաստանի տնտեսության մեջ այս մասշտաբի ներգրավվածությունը ֆինանսական ու
քաղաքական հիմք է տալիս, որ Երեւանյան գրասենյակը կոշտ ու ակտիվ վարք
դրսեւորի։ Ի վերջո, նրանք իրենց իսկ համար պարտավոր են պարզել, թե ինչպիսի
գործընկեր է ՀՀ-ն։ Արդյո՞ք մեր երկիրը տնտեսական փոխհարաբերություններում
պահպանում է միջազգային ընդունված նորմերը եւ սեփական օրենսդրությունը։

Դատելով հրապարակային գործընթացներից՝ ՀԲ-ն մեր իշխանություններից առայժմ
հոդաբաշխ պատասխան չի ստացել։ Ընդամենը մեկ-երկու օր առաջ էներգետիկայի
փոխնախարար Արեգ Գալստյանը փորձում էր ժխտել էլեկտրացանցերի վերավաճառքի
փաստը։ Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Հայաստանի
հարաբերությունները ՀԲ-ի հետ մտնում են լարված փուլ։ Իսկ միջազգային նման
հզոր կառույցի հետ վեճը միանշանակ բացասական է ազդելու մեզ վրա։
Հարեւանցիորեն, համարյա անկապ, նշենք, որ Ռուսաստանը չկա Հայաստանին պարտք
տվող երկրների ցուցակում։

Առաջին հետեւանք

Առաջին բացասական հետեւանքն արդեն հայտնի է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը
տարածել է USAID-ի հայտարարությունը։ Այս կառույցը հայտարարում է, որ
մինչեւ էներգացանցերի հետ կապված իրավիճակի հստակեցումը վերանայում է իր
օժանդակության ծրագրերը։ Արտասահմանյան բազմաթիվ գրասենյակներ տարիներ
շարունակ գործում են Հայաստանում։ Նրանք նպատակ ունեն աջակցել
իշխանություններին՝ բարեփոխումներ իրականացնելու հասարակական կյանքի այս
կամ այն ոլորտում։ Այն, որ այդ կազմակերպություններին չի հաջողվել թեկուզ
փոքր-ինչ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, ապացուցվեց էներգացանցերի
օրինակով։ Տնտեսավարման նոր մոդելների, կառավարման թափանցիկ համակարգերի,
ազատական բարեփոխումների խթանման փոխարեն՝ այդ գրասենյակները վաղուց
դարձել են լրացուցիչ կերակրաման՝ իշխանությունների եւ նրանց կողքին
կանգնած խամաճիկ մասնագետների համար։ Վերջիններիս հնարավոր է տեսնել միայն
պաշտոնական միջոցառումներին, հասարակական սննդի օբյեկտներում կամ
զվարճանքի վայրերում։ Միջազգային (կամ արտերկրյա) գրասենյակներում աշխատող
ու բարձր վճարվող այդ զանգվածն է ստեղծում միջին խավի գոյության իմիտացիա։
Ոչ մի կերպ չնպաստելով պետական համակարգի բարեփոխմանը՝ նրանք դարձել են
կառավարման ապարատի 5-րդ անիվ։

Հակատեսլական

Եթե USAID-ը որոշի արմատական լուծում գտնել եւ իսկապես «վերանայի իր
օժանդակությունների փաթեթը», բնականաբար, պիտի փակի Հայաստանում գործող իր
բազմաթիվ գրասենյակները։ Ամերիկյան հարկատուների հաշվին գործող այս
կառույցին հարկավ կհետեւեն մյուսները։ Եթե դա տեղի ունենա, Արեւմտյան
երկրների հարկատուների հաշվին բարձր եկամուտ ունեցող անգլախոս ու
եվրանորոգված արտաքինով նրանց աշխատակիցները անմիջապես կվերհիշեն իրենց
մայրենի ռուսերենը։ Վերհիշելուց հետո մատակարարի, կապտյորշչիկի,
պրապորշչիկի պաշտոններով աշխատանքի կանցնեն ռուսական ռազմական բազաներում։
Եվ որեւէ մեկը չի զարմանա։ Կոմպլեմենտար քաղաքականություն ասածն իրականում
սա է։ Այլապես ոչ ոք չէր զարմանա, թե ինչու է Համաշխարհային բանկն իրար
անցել եւ փորձում պարզել, թե տնտեսական ու քաղաքական զարգացման ինչ ուղի է
ընտրել Հայաստանը։ Մենք հո՛ գիտենք, որ զարգացման ոչ մի հեռանկար էլ չենք
պլանավորել։ Խորհրդային դասական վեպի հերոսների նման պարզապես քննարկում
են՝ թալա՞ն, թե՞ կողոպուտ։