ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Իրան կատարելիք այցը, որը նախատեսված էր հունիսի 20-21-ը: ԱԺ նախագահի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանի փոխանցմամբ` այցը հետաձգվել է իրանական կողմի խնդրանքով, միաժամանակ չհստակեցնելով, թե արդյո՞ք դա կապված է Իրանի ներքաղաքական իրադրության հետ: Իսկ թե մինչեւ երբ է հետաձգվել այցը` դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Իրանում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ծրագրով նախատեսված էին հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, ինչպես նաեւ՝ իրանահայ համայնքի ներկայացուցիչների, Թեհրանում աշխատող հայաստանցի դիվանագետների հետ: