Ազատվեցին դատարանի դահլիճից

22/06/2009

Ինչպես եւ սպասվում էր երեկ առավոտյան, դատարանի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը: Բնականաբար, դատավորները անցած հանգստյան օրերին չեն մեղանչել եւ անհեթեթ քրեական գործերով մեղադրվող այս մարդկանց արդարացնելու դատավճիռներ չեն կայացրել: Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը դատապարտվել են՝ 5-ական, Սուրեն Սիրունյանը` 4 տարվա ազատազրկման եւ ազատ են արձակվել Ազգային ժողովի` հունիսի 19-ին ընդունած համաներման որոշման հիման վրա: Իսկ ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման, այսինքն` համաներումը նրա վրա չի տարածվել: Այս մարդկանցից դատարանը կամ իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, ոչ միայն չեն արդարացրել նրանց, այլ այնպիսի պատժաչափեր են սահմանել, որպիսիք հաճախ չեն սահմանվում նույնիսկ այն ժամանակ, երբ որեւէ օլիգարխի սափրագլուխ մարդ է սպանում: Սակայն տվյալ դեպքում խնդիրն իշխանությունների արարքները չեն. ի վերջո, նրանք բազմիցս ապացուցել են, որ ընդունակ են ամենասանձարձակ ապօրինությունների, եւ այդ իմաստով երեկ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել: Անկախ այս դատավարությունների անօրինական լինելուց, անկախ նրանից, որ այս համաներումը իրականում այլ նպատակներ ուներ, անկախ նրանից, որ քաղբանտարկյալները պետք է արդարացվեին, երեկ զուտ մարդկայնորեն ուրախության օր էր, որպիսին թերեւս չէր եղել 2008 թվականի մարտի 1-ից հետո. ավելի քան մեկուկես տարի այս մարդիկ կտրված էին իրենց ընտանիքներից, ընկերներից, ազատությունից…: Եվ էլի զուտ մարդկայնորեն, մեղմ ասած` զարմանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ գոնե Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքված ժողովրդի մեջ չէր: Ի վերջո, երեկ դատարանի դահլիճից ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարարն է, այլեւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը: