Երեկ դատարանների դահլիճներից ազատ արձակվեցին 2008թ. հետընտրական զարգացումների արդյունքում ձերբակալված չորս քաղբանտարկյալները`
ՀՀ նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանն ու ընդդիմության ակտիվիստ Սուրեն Սիրունյանը:
Ինչպես հայտնի է, անցած շաբաթ ԱԺ ընդունած համաներման որոշման արդյունքում ազատության մեջ պետք է հայտնվեն ինչպես այս չորս, այդպես էլ` մոտ 30 այլ քաղբանտարկյալներ: Ընդ որում` այս չորս գործիչների դատական վճիռների հրապարակումը նախատեսված էր նույն ժամին` առավոտյան 10-ին: Ա.Արզումանյանի եւ Ս.Սիրունյանի գործերը քննվում էր մեկ ընդհանուր գործով` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նրանք մեղադրվում էին ՔՕ 225-րդ հոդվածով` զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով: Եվ դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ նախատեսված ժամից 20 րոպե ուշացած ներս մտավ եւ նախ մեղավոր ճանաչեց այս երկուսին` Ա.Արզումանյանի համար սահմանելով` 5 տարվա, Ս.Սիրունյանի համար` 4 տարվա ազատազրկման պատիժ: Հետո հայտարարեց, որ համաներման որոշման կիրառման արդյունքում նրանք դատարանի դահլիճից անհապաղ ազատվում են: Մեղադրողները նրանց երկուսի համար էլ մեկական տարով ավելի ազատազրկման պատիժ էին պահանջել դատարանից: Հետաքրքիր էր, որ մեղադրողները Կորյուն Փիլոյանի գլխավորությամբ չէին եկել դատավճիռը լսելու:
Գրեթե նույն սցենարը տեղի ունեցավ նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մյուս երկու քաղբանտարկյալների դեպքում: Մյասնիկ Մալխասյանը մեղադրվում էր 38-316-րդ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ 225-րդ հոդվածներով: Դատավոր Արմեն Խաչատրյանն արդարացրեց Մ. Մալխասյանի առաջին մեղադրանքը: Հիշեցնենք, որ այդ հոդվածի արդյունքում Մ.Մալխասյանը մեղադրվում էր 50 սանտիմետրանոց մետաղյա ձողով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Իսկ երկրորդ մեղադրանքի համար դատապարտեց 5 տարվա ազատազրկման, հետո համաներման որոշման կիրառմամբ ազատ արձակեց: Նույնը տեղի ունեցավ նաեւ 225-րդ հոդվածով մեղադրվող Հ.Հակոբյանի դեպքում:
Ազատված քաղբանտարկյալներին թե՛ դատարանի դահլիճում եւ թե՛ դրսում սպասում էին նրանց հարյուրավոր բարեկամները, ընկերները, համակիրներն ու ՀԱԿ ներկայացուցիչները: Գրեթե բոլորի դատավճիռները լսելու էին եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: «Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, ապրեք: Պայքարը նոր փուլ է մտնելու, այնպես որ, պինդ մնացեք»,- դրսում դիմելով հավաքվածներին` ասաց Ա. Արզումանյանը: «Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում: Վստահ եմ, որ մեր պայքարը նոր է սկսում»,- իր հերթին ասաց Ս. Սիրունյանը:
Նրանք երկուսն էլ ասացին, թե բողոքարկելու են թե՛ մեղադրական, թե՛ համաներման կիրառման արդյունքում ազատ արձակվելու որոշումները: «Միանշանակ մեզ պետք է արդարացնեն: Գտնում եմ, որ սա անօրինական ու նախօրոք պատվիրված դատավճիռ էր, որը Մ. Մարտիրոսյանը չէր կայացրել: Ես եւ իմ բոլոր ընկերները հայտարարել ենք, որ դեմ ենք համաներմանը, քանի որ մենք ոչ մի հանցանք չէինք կատարել, որի համար մեզ պետք է ներեն: Բայց այսօր ինձ համար առաջնային է իմ մյուս ընկերների ազատության համար պայքարելը: Վաղը առավոտյան ժամը 9-ից պայքարելու եմ նրանց ազատության համար»,- ասաց Ս. Սիրունյանը: «Անօրինական դատավճիռ էր: Մենք պահանջելու ենք արդարացում: Ես մինչեւ վերջ վճռական եմ լինելու: Դատավճիռը բողոքարկելու ենք ու հասնելու ենք արդարացման եւ օրինականություն ենք հաստատելու մեր երկրում»,- ասաց Մ. Մալխասյանը: Ազատ արձակելու վճիռների հրապարակման ժամանակ դատարանների դահլիճները թնդում էին ծափերից: Ներկաները գրկախառնվում ու շնորհավորում էին միմյանց: Շատերն արտասվում էին: «Հերոսներ, հերոսներ», «հերոս տղաներ»` վանկարկում էին հավաքված հարյուրավոր մարդիկ: Ի դեպ, հետաքրքիր էր Հ.Հակոբյանի ու Մ. Մալխասյանի հանդիպումը: Նրանք գրեթե միաժամանակ դուրս եկան դատարանի տարբեր դահլիճներից, միջանցքում հանդիպեցին ու գրկախառնվեցին: Մինչ այդ, այս երկու պատգամավորները գժտված էին այն պատճառով, որ Հ.Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը մի քանի տարի առաջ դուրս էին եկել Երկրապահ կամավորական միությունից: Պատգամավորները գրկախառնված դուրս եկան դատարանից: Հ. Հակոբյանն այնտեղից անմիջապես ուղեւորվեց Աբովյան քաղաք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այդ ժամանակ պետք է հրապարակվեր իր ընկերոջ` քաղբանտարկյալ Ս.Միքայելյանի դատավճիռը: Իսկ Ա.Արզումանյանն ու Ս.Սիրունյանը հավաքվածների հետ նախ գնացին Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու 10 զոհերի հիշատակը: Մ.Մալխասյանն էլ միացավ նրանց, հետո բոլորով միասին գնացին Աբովյան` Ս.Միքայելյանի դատավարությանն այնտեղ գտնվելու համար: Պատգամավորները որոշեցին օրվա վերջում գնալ Եռաբլուր: Ազատ արձակման վճիռների հետ միասին դատավորները որոշեցին կալանքից ազատել քաղբանտարկյալների գույքը, բանկային հաշիվները: Իսկ տեսաձայնագրություններն ու իրեղեն այլ ապացույցները կցել մայր գործից անջատված մասին: Մ.Մալխասյանի դեպքում էլ որոշվեց ոչնչացնել 38-316-րդ հոդվածի մեղադրանքի հիմքում ընկած մետաղյա ձողը` արժեք չներկայացնելու հիմքով:
Ի դեպ, Մ.Մալխասյանը որոշել է չշարունակել պատգամավորական գործունեությունը: «Գնամ` նստե՞մ այն մարդկանց կողքին, որոնց չգիտեմ՝ ինչպե՞ս բնութագրել: Հ. Հակոբյանը բնութագրել է: Ես շատ ավելի ազատ եմ եղել, հանգիստ եմ եղել բանտում, քան թե պետք է գնայի, նստեի ԱԺ-ում, քվեարկեի եւ օրինականացնեի մարտի 1-ի սպանդը, օրինականացնեի արտակարգ ռեժիմը, որը մտցրեց Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Մ.Մալխասյանը:
Հ.Հակոբյանը, սակայն, հայտնեց, որ ինքն անձամբ չի պատրաստվում հրաժարվել մանդատից, քանի որ իրեն ժողովուրդն է ընտրել մեծամասնական կարգով: «20.000 մարդ է ինձ ձայն տվել: Ես երկրի վիճակը լավ եմ պատկերացնում եւ մարդկանց չեմ մեղադրում»,- ասաց Հ.Հակոբյանը:
Իսկ Աբովյանում, ինչպեսեւ սպասվում էր, դատավոր Հրաչյա Սարգսյանը 8 տարվա ազատազրկման դատապարտեց քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին: Դատավճռի հրապարակման պահին պատգամավորը սկսել է երգել, եւ դատավորի բառերը չեն լսվել:
Ու եթե մայրաքաղաքի դատարաններում ուրախություն էր տիրում, մարդիկ ուրախությունից էին լաց լինում, ապա Կոտայքի մարզի դատարանում մթնոլորտը շատ լարված էր: Այնտեղ հավաքվել էին պատգամավորի հարյուրավոր համակիրները, ընկերները, հարազատներն ու ընդդիմության ներկայացուցիչները: Շատ էին նաեւ ոստիկանները: Դատարանի կարգադրիչները քաղբանտարկյալների հարազատներին թույլ չէին տվել ներս մտնել: Թույլ չէին տվել դատարան մտնել նաեւ ընդամենը 1 ժամ առաջ ազատված քաղբանտարկյալներին: Դահլիճում տեղերը, ինչպես միշտ, զբաղեցրել են ինչ-որ անծանոթ տղաներ: Լարվածությունն այնքան սուր է եղել, որ վեճ է բռնվել այդ երիտասարդների, դատական կարգադրիչների ու լրագրողների եւ պատգամավորների հարազատների մեջ: Ս.Միքայելյանի կողմնակիցները պահանջել են դատարանից նրան էլ ազատ արձակել: Վանատուրցիները նորից սպառնում էին փակել իրենց մարզի ճանապարհներն ու իշխանավորներին թույլ չտալ այնտեղ մտնել: Դատական նիստի ավարտից հետո հավաքվածները շրջափակել էին Ս.Միքայելյանին տեղափոխող մեքենան ու չէին թողնում անցնել: Մի կին նույնիսկ պառկել էր մեքենայի առաջ: Ս.Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանն էլ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալին 8 տարվա ազատազրկման դատապարտող վճիռը: Հիշեցնենք, որ Ս.Միքայելյանը մեղադրվում էր ՔՕ 225-րդ եւ 235-րդ` ապօրինի զենք պահելու հոդվածներով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ուղարկած իր առաջարկության մեջ որոշել էր համաներումը չտարածել պատգամավորի նկատմամբ: Քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավորներն առաջարկեցին այնպիսի համաներում կիրառել, որի արդյունքում ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, սակայն առաջարկությունը չընդունվեց: Հիշեցնենք նաեւ, որ 235-րդ հոդվածով Ս.Միքայելյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար: Եվ Ս.Միքայելյանին ազատ չարձակելու համար այս հոդվածը համաներման որոշման մեջ չընդգրկվեց, ու այդպիսով այդ ակտը չտարածվեց նաեւ պատգամավորի մյուս մեղադրանքի` 225-րդ հոդվածի վրա: Ի դեպ, 225-րդ հոդվածն ավելի ծանր մեղադրանք է նախատեսում, քան 235-ը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անցած շաբաթ ԱԺ-ում հայտարարեց, թե համաներման համար ընտրվել են այն հոդվածները, որոնք ծանր հանցանք չեն պարունակում: Այս համատեքստում տարօրինակ է, որ Ս.Միքայելյանի դեպքում համեմատաբար թեթեւ հանցանքն է պատճառ դարձել, որ համաներում չկիրառվի ծանրի`
225-րդ հոդվածի վրա: Իսկ սա՝ այն դեպքում, երբ միայն 225-ով մեղադրվող չորս քաղբանտարկյալները երեկ առավոտյան ազատ արձակվեցին: Մյուսներն ազատ կարձակվեն ավելի ուշ: Ընդ որում` 235-ի 5-րդ կետի համաձայն, եթե ապօրինի զենք պահողը կամովին է հայտնում այդ մասին ու դրանք հանձնում իրավապահներին, ապա ընդհանրապես ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ս.Միքայելյանը ձերբակալման ժամանակ կամովին է հայտնել զինամթերքի պահպանման վայրը: Սակայն նախաքննական ու դատավարական մարմինները չեն ցանկացել այդ փաստը հաշվի առնել: Եվ համաներման դեպքում արդեն իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառել քաղբանտարկյալների նկատմամբ:
Հ.Գ. Ի դեպ, հնարավոր է` առաջիկայում ՀԱԿ-ն արտահերթ հանրահավաք կազմակերպի, որը, թերեւս, կապված կլինի քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: Այս տեղեկությունը մեզ հետ զրուցյում չի հերքել ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: