«Մենք հույս ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան հետքայլ չի արել: Մենք պատրաստ ենք գնալ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն, եւ հույս ունենք, որ Թուրքիան էլ այդ ուղղությամբ կգնա»,- հունիսի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ Բին Զայեդ ալ Նահայանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի` «Թուրքիան հետքայլ է կատարել» հայտարարությանը: Է.Նալբանդյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում Հայաստանը մտադիր է գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման ճանապարհով, թեեւ հարաբերությունները միայն դրանով չեն սահմանափակվում: «Հարաբերությունները զարգացնելու համար մտադիր ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի կողմերին հուզող բազմաթիվ հարցերով»,- հավելել է նա: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայից հաճախ հնչող իրարամերժ հայտարարություններին, ապա, ըստ Է. Նալբանդյանի` իրարամերժ հայտարարություններով հարցեր չեն լուծվում, եթե ցանկություն կա հարցերը լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել բանակցությունների, այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իրագործման միջոցով: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մենք այդ հնարավորությունն ունենք, եւ այդ ուղղությամբ էլ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը»,- նշել է Նալբանդյանը: ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ Բին Զայեդն էլ, ով հունիսի 21-ի երեկոյան Երեւանից մեկնել է Անկարա, նկատել է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» հետաքրքրություն է առաջացրել երկու երկրների միջեւ: «Մենք ուրախ ենք, որ հարաբերությունների նորմալացումը ճիշտ ուղով է ընթանում: Ես հույս ունեմ, որ այն կշարունակի այդ կերպ զարգանալ: Մենք հետեւում ենք եւ ուրախ կլինենք ցանկացած դրական զարգացմամբ: Դա երկու կողմի կառավարություններից էլ դժվար որոշումներ կպահանջի, բայց մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ քաջություն կունենան եւ կանեն այդ քայլերը»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը: