«Զուտ մարդասիրական տեսակետից` այն, որ անարդար ձեւով դատված մարդիկ հիմա ազատության մեջ են, կարելի է հասկանալ, բայց արդյո՞ք համաներումը լուծեց այն խնդիրը, որ Հայաստանն ուներ, այսինքն` լուծե՞ց այն խնդիրը, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում են: Ես գտնում եմ, որ ոչ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի անդամ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխանությունները ոչ բոլոր քաղբանտարկյալներին են ազատ արձակում, Հ. Իգիթյանը նշեց, թե չի հասկանում այն սիստեմը, որով քաղբանտարկյալների մի մասն ազատ են արձակվում, իսկ մյուս մասը` ոչ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ իշխանությունները ոմանց հանդեպ թշնամական վերաբերմունք ունեն, ինչպես, օրինակ, Սասուն Միքայելյանի դեպքում է: «Ես գտնում եմ, որ Սասունի հանդեպ անձնական թշնամանք կա, այսինքն` ինքն իր որոշ հայտարարություններով կպել էր մի քանի հոգու: Բայց մյուս կողմից էլ` Հանրապետականը պետք է ցույց տա իր անդամներին` ինչ է լինելու իրենց հետ` հատկապես երկրապահների հետ, հատկապես Սասունի նման երկրապահներ էլի կան եւ՛ պառլամենտում, եւ՛ պառլամենտից դուրս, թե ինչ է լինելու նույնիսկ Ղարաբաղյան պատերազմում լավ կռված, հերոսի կոչում ստացած մարդկանց ճակատագիրը, եթե նրանք հանկարծ համարձակություն ունենան քաղաքական դիրքորոշումը փոխելու կամ հակաիշխանական հայտարարություններ անելու»,- պարզաբանեց Հ. Իգիթյանը: Վերջինիս կարծիքով` Երկրապահը Սասուն Միքայելյանին ազատ չարձակելու կապակցությամբ բացասական վերաբերմունք կունենա, սակայն, թե դա որքանո՞վ ազատորեն կարտահայտի` հայտնի չէ:
Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին, ապա Հ. Իգիթյանն ասաց, թե չգիտի` նրանք մինչեւ սահմանված ժամկետը` հուլիսի 31-ը, կներկայանա՞ն իրավապահ մարմիններին, որպեսզի նրանց վրա համաներումը տարածվի, թե՞ ոչ: «Ես չգիտեմ, ճիշտն ասած` կներկայանա՞ն, թե՞ չէ, ես ձեզ գլոբալ տեսակետից եմ ասում, որ համաներումը չլուծեց քաղաքական հայացքների համար հետապնդման հարցը, եւ այս մարդիկ, որոնք հետախուզման մեջ են գտնվում, ընդհատակում են գտնվում, նրանց պատժելու հարցը, ի վերջո, լուծելու են այն իշխանավորները, որոնք գրել են այդ փաստաթուղթը,- հայտարարեց Հ. Իգիթյանը` հավելելով,- Ես չգիտեմ, թե Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ իշխանությունների զայրույթն ինչ աստիճանի է»: Այսինքն` ըստ Հ. Իգիթյանի, համապատասխան մարմիններին ներկայացնելու դեպքում իշխանությունները կարող են Ն. Փաշինյանին եւ Խ. Սուքիասյանին բանտարկել եւ մի քանի տարի դատական պրոցես իրականացնել: «Իրավական տեսակետից այս համաներման փաստաթուղթը չի լուծում այս մարդկանց միանշանակ ազատ արձակելու հարցը: Այսինքն, եթե նրանք ներկայանան մինչեւ հուլիսի 31-ը, եւ եթե իշխանությունը որոշի, որ նրանք պետք է ազատ արձակվեն, նրանք մի օրում դատավարությունը կանեն, կտան, օրինակ, 4 տարի եւ ազատ կարձակեն»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ նրա՝ համաներման փաստաթուղթը թերի է նաեւ իրավական առումով, քանի որ բազմաթիվ հակասություններ է պարունակում, որն էլ կոռուպցիայի վտանգ է ստեղծում: Հ. Իգիթյանի ասելով, իշխանությունն անընդհատ շեշտում էր, որ համաներումը ոչ մի կապ չունի Մարտի 1-ի հետ, որ եթե Մարտի 1 տեղի չունենար էլ, այս համաներումը լինելու էր: Բայց, ըստ Հ. Իգիթյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, գնալով Ստրասբուրգ, պաշտոնական հանդիպումներում ասելու է, որ իրենք կատարել են Եվրախորհրդի պահանջները ու ազատ են արձակել Մարտի 1-ի գործով ձերբակալվածներին: Այսինքն` այս դեպքում իշխանությունները բարձրաձայն հայտարարելու են, որ համաներումը կապված էր հենց Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Ըստ Հ. Իգիթյանի` պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները համաներումն իրականացնում են այս օրերին, երբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է Հայաստանի մասին հարցը, եւ Հայաստանի իշխանությունները նիստին մասնակցելուց առաջ պետք է «գրպանում» որեւէ բան ունենան: Իսկ Եվրախորհուրդը, ըստ Հ. Իգիթյանի, ավելի շատ դիտարկում է տեղի ունեցող գործընթացները, քան արդյունքները: