ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության են ենթարկել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի` Իրանի հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը: Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Լինդսի Գրեհեմանի ասելով` «ԱՄՆ նախագահը պետք է իր հետեւից տանի ամբողջ ազատ աշխարհը, այլ ոչ թե պոչի պես հետեւի: Իսկ Բարաք Օբաման Իրանի հարցում շատ զգույշ եւ պասիվ է»: Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո Բարաք Օբաման Իրանի իշխանություններին եւ վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեջադին կոչ էր արել հրաժարվել ուժային մեթոդներից եւ «դադարեցնել ազգի հանդեպ բռնությունների կիրառումը»: Ի պատասխան` Իրանի նախագահը ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային կոչ էր արել չխառնվել իր երկրի ներքին գործերին: Ի դեպ, Բ. Օբաման կիրակի օրն իր աշխատանքային կաբինետում հերթական խորհրդակցությունն է անցկացրել առաջատար օգնականների հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանում շարունակվող բողոքի ակցիաները եւ իշխանությունների կողմից ուժի կիրառումը դրանք ճնշելու համար: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը` նշելով, որ հանդիպմանը, որը տեւել է ավելի քան 30 րոպե, վարչակազմի ղեկավարը «վերստին տագնապ է հայտնել Իրանի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ կատարվող բռնի եւ անարդար գործողությունների կապակցությամբ»: