Սուսաննա Ավետիսյանի խցի նման նեղլիկ «տանն» այնքան շատ երեխա կա, որ թվում է` մանկապարտեզում եմ հայտնվել: Տեղաշարժվելիս բոլորն իրար հրմշտում են, ու էդ խառնափնթոր տեղաշարժի արագությունից մարդ ուզում է գլուխն առնել, փախնել: Այս տան անդամները սովորել են անդադար աղմուկին, դրա համար էլ թեկուզ հինգ վայրկյանանոց լռությունը տիկին Սուսաննայի համար երազանքի պես թանկ բան է: Ասում է. «Էս ա, մեր հնարավորությունները ո՛չ ավելանում են, ո՛չ էլ մեր կյանքը բարելավվում ա: Սովորում ենք, էլի, մարդն անասունի պես բան ա, ամեն ինչին էլ սովորում ա»: 52-ամյա այս կինը խոսում է նույնքան արագ ու անհասկանալի, որքան արագ «եռում» է նրանց տան անցուդարձը: Արտաբերած յուրաքանչյուր նախադասությունն ընկալելու համար մի քիչ անդորր է պետք: Այս կնոջ տարօրինակ լարվածությունն ու իրար ետեւից արձակած բառերը նրա ներաշխարհի վերարտադրությունն են, որը լաբիրինթոսի նման խճճված, հոգսաշատ է: Ասում է` «Էդ իշխանությունները մի օր պիտի հասկանան, որ ընտրություններին բաժանած 5000 դրամ կաշառքով մենք ապրեցինք ընդամենը 2-3 օր, բա հետո՞… Չե՞ն մտածում, որ հետո ապրել չի լինում, որովհետեւ էլ կաշառք բաժանող չկա, որովհետեւ աշխատելու հնար չկա, որովհետեւ ապրելու հնար չկա»: Միատոն ու սեփական ասելիքին անկարեւոր ձայնի ելեւէջներ հաղորդող տիկին Սուսաննան ամեն բառն ասելուց հետո կրկին անդրադառնում է ապրելու հնարքի հարցում իրենց ապաշնորհությանը: Հետո գյուտ արած տաղանդավոր մարդու նման գլխում ծագած մտքից զարմացած ասում է` «Ես չեմ հասկանում, նեուժե՞լի էս պաշտոնավորները, որ էսքան փող են բաժանում, չեն ֆայմում էդ կաշառքի փողերն իրար վրա դնել ու մի հատ գործարան սարքել: Էս ժողովրդին դարմաեդ են սարքել: Չե՞ն ֆայմում, որ կաշառք վերցնողն իրանց չի ընտրում, բայց, եթե մեկը գործարան սարքի ու ամեն ամիս աշխատավարձով ապահովի` գլխներիս վրա տեղ կունենա: Դուք՝ ժուռնալիստկեքդ, չե՞ք կարում դրանց գլխի քցեք, ասեք, որ կաշառքի փոխարեն աշխատատեղ ստեղծեն, մարդիկ աշխատեն, որ իրանք իրանց հարգեն»: Երեւանի ավագանու ընտրություններին 5000 դրամ կաշառք վերցրած տիկին Սուսաննան երկար-բարակ խելք է սովորեցնում ինչպես «ժուռնալիստկեքին», այնպես էլ` պաշտոնյաներին, իսկ հետո մի հատ լավ ամոթանք է տալիս, որ մեր նման ժուռնալիստկեքը չեն կարողանում էդ «անֆայմ» պաշտոնավորներին գործարան կառուցելու հարցում «գլխի գցել»: Ասում եմ` «Չէ` հա, մեզ էդքան խելք որտեղի՞ց: Ա՛յ, որ գալիս, կաշառք են բաժանում` դուք փորձեք իրենց գլխի գցել»: «Է՜հ, բալամ, մեզ ո՞վ ա բանի տեղ դնում, որ մի հատ էլ լսի մեր ասածը: Կաշառք վերցնողի կարծիքն ո՞ւմ ա կարեւոր: Ստորանում ենք իրանց առաջ, բայց իրանք էլ ինչքան կարան ստորացնում են: Հիմա կասես` մի վերցրու: Տեսնո՞ւմ ես էս պուճուրներին: Սրանք որ սոված զկրտում են, ուզում ա` երկնքից մարդ իջնի` կվերցնեմ»,- ասելիքն ավարտում է չորս երեխաների մայր, 10 թոռների տատիկ տիկին Սուսաննան, բայց շարունակում է նույնությամբ դժգոհել արդեն քթի տակ, շշուկով: Որդին` Արթուրը, տագնապելով մոր կաշառք վերցնելու անզգույշ անկեղծությունից՝ աչքով-ունքով հասկացնում է, որ չարժե լրագրողի մոտ «սիրտը թեթեւացնել», բայց տիկին Սուսաննան մինչեւ կոկորդը կուշտ է ու չի պատրաստվում «կոկետություն» անել հանուն զգուշավորության: Բերանից եկածը շպրտում է առանց ծանր ու թեթեւ անելու: «Դե՛, ասում ես` երեք երեխա ունի տղես, էն մյուս տղես էլ` չորսը, էլ չեմ ասում աղջիկներիս երեխեքին: Տունը նստած են, գործ չկա: Երեխեքը սոված երեսին են նայում, բայց ի՞նչ անի: Իրան գցում ա մի տեղ, որ բանվորություն անի, համբալության գործ ճարի` մի երկու կոպեկ առնի: Շաբաթը մեկ մի գործ լինի կամ չլինի»,- դժգոհում է տիկին Սուսաննան` նույն խոսքերը կրկնելով մյուս տղայի` Ստեփանի մասին խոսելիս: Սուսաննա Ավետիսյանն ամուսնու, երկու տղաների եւ յոթ թոռների հետ ապրում է Ներքին Չարբախ, 5-րդ փողոցում գտնվող մի փոքրիկ սեփական տանը: Սովետական տարիներին երկար ժամանակ աշխատել է Առեւտրի բազայում, որտեղ էլ հերթագրված է եղել բնակարան ստանալու համար, բայց բնակարան ստանալու իր հերթը հասնելուն պես այդ տարի երկրաշարժը եղավ, ինչից հետո՝ «Էլ ի՞նչ բնակարան, էլ ի՞նչ բան, ամբողջ երկիրը խառնվեց իրար, գործարանները քանդվեցին, հերթերն էլ ոչնչացան: Բայց գիտես` ի՞նչ կոտրեցին մարդկանց մեջ, էդքան տարվա սպասումը միանգամից… Սթրեսի պես բան էր, է՜: Հենց էդ տարի պիտի ստանայինք տունը: Էն ժամանակ շատ մարդիկ բնակարան ստանալու համար էին մտնում աշխատանքի: Ասում էինք՝ չորս երեխա ունենք, գոնե մաս-մաս կապրենք, բայց…»։
Հավաբնի նման փոքրիկ տանը դժվար է տարանջատել, թե ով ում երեխան է, ով ում ամուսինը. «Հացի կռիվ ա: Չգիտես ոնց յոլա տանես: Հեն ա, երեկ տեսա էլ ճար չկա, հարսիս ասեցի` երեխեքին վերցրու գնա մի քանի օր հերանցդ տանը մնա: Նրանք էլ գյուղում, փոքր վագոնի մեջ են ապրում, ո՞նց մի քանի օր մնա: Զանգել-ասում ա` մամա, ուզում եմ գամ: Գալիս էլ ա, իրար գլխի ենք քնում, ոտքերի տակ, գետնին…»: Ամուսինը` Արտավազդը, խորիմաստ նայում ու հեգնում է, որովհետեւ կարծում է, որ կնոջ դժգոհությունն անտեղի ու անօգուտ է: Ասում է` «Հա՛, դե որ ասում ես` ի՞նչ է… ո՞ւմ ա հետաքրքիր, թե դու ո՞նց ես ապրում: Ապրում ենք, էլի…»: Երկար տարիներ Բետոնի գործարանում աշխատած այս տղամարդն անգամ ծերության տարիներին չի դադարում աշխատել, բետոն է թափում, բայց համարում է, որ ստաբիլ աշխատանքի բացակայությունը մարդուն մշտապես լարվածության մեջ է պահում, վաղվա օրվա հանդեպ վստահություն չկա. «Որովհետեւ մի օր աշխատում ես, բետոն ես թափում, մի 1000-2000 դրամ տուն ես բերում, բայց չգիտես՝ վաղը դու էլի պետք կգա՞ս, թե՞… Դրա համար էլ Սովետի տարիներին տղամարդն իրան վստահ էր զգում, գիտեր, որ վաղն էլ, մյուս ամիսն էլ, մյուս տարին էլ իրա ընտանիքի գոյությունն իրա աշխատանքից ա կախված, ոչ թե` մեծահարուստից»:
Տիկին Սուսաննան ու ամուսինը` Արտավազդը, կարծես ապրում են Սովետի թվի հիշողության մեջ, որովհետեւ ամեն նախադասության հետ վերադառնում են Սովետի թիվ, որտեղ իրենց ինքնավստահ ու պաշտպանված էին զգում, իսկ երբ գալիս են մեր օրեր` վերցրած 5000 դրամ կաշառքից դյուրագրգիռ են դառնում եւ թերարժեքության բարդույթից արդարանում, պաշտպանվում են: Տիկին Սուսաննան խոսում-խոսում, արդարանում, մեղայական է գալիս, կարծես նստել է խոստովանահոր առաջ ու, երբ ասելիքն ավարտում է` ժպտալով ասում է` «Բա ի՞նչ անեմ, սիրտս թեթեւացնում եմ»: