Բուժիչ նամակներ

22/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Բոլորիս այնքան ծանոթ արոսենին (ռյաբինա)

Ժողովուրդը շատ է սիրում այս ծառը: Այն միշտ եղել է ընտանիքի, օջախի խորհրդանիշ: Արոսենին հիմնականում աճում է ստվերոտ անտառում: Նրա պտուղները հատապտղաձեւ են, հավաքում են առաջին ցրտից հետո, երբ ստանում է թեթեւ դառնաթթվահամ: Աճում է անտառափեշերին, գետի ափին: Արոսենու պտուղները կարոտինի պարունակությամբ չեն զիջում գազարին, մաղադանոսին, չիչխանին ու հազարատերեւուկին: Պտուղները բավականին վիտամին C, P եւ դաբաղանյութեր են պարունակում: Արոսենու պտուղները թարմ եւ չորացրած վիճակում կանխարգելում եւ բուժում են ավիտամինոզը: Լյարդի մեջ իջեցնում են ճարպի քանակը, իսկ արյան մեջ` խոլեստերինի: Չոր պտուղները, թարմ պտղահյութը, ծաղիկները պայքարում են դիզենտերիայի դեմ: Եփուկը միզամուղ, մաղձահան եւ արյունահոսությունը կանգնեցնող միջոց է:

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ արոսենին գործածվում է որպես թուլացնող, ախորժակ բացող ու դաշտանային ցիկլը կարգավորող միջոց: Լայն գործածություն ունի սննդային ու հրուշակեղենի արդյունաբերության մեջ:

Արոսի բաղադրությամբ պատրաստվում է վիտամինային կոմպլեքս, որը շատ լավ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել արոսենու պտուղներից 3 բաժին, մասուրի պտուղներից 6 բաժին, ալոճենու պտուղներից 3 բաժին, հաղարջի պտուղներից՝ 3 բաժին, հապալասի պտուղներից 2 բաժին, ազնվամորու 6 բաժին, բռինչի պտուղներից 2 բաժին, չիչխանի պտուղներՌՓ 2 բաժին, ցախկեռասի պտուղներից 2 բաժին, 6 բաժին չամիչ, կիտրոնի 1 բաժին պտուղ եւ պատրաստել այս խառնուրդով օշարակ ու խմել 100գրամից` օրը 3 անգամ: Այն նաեւ ունի հակաբորբոքային, արյունը կանգնեցնող եւ դետոքսիկացիոն նշանակություն:

Ստամոքսի ցավի ժամանակ կարելի է 1 գդալ արոսի պտուղները 1 րոպե եռացնել 1 բաժակ ջրով, այնուհետեւ 1 ժամ թրմելուց հետո քամել ու օրվա մեջ 3 անգամ խմել ուտելուց առաջ: Այս դեղատոմսը օգնում է հատկապես ստամոքսի ցածր թթվայնության դեպքում:

Հիպերտոնիայի ու աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում 50մլ-ից մեկուկես ամիս շարունակ խմել արոսի թարմ հյութ: Եթե հյութը խմեք երկար ժամանակ, հնարավոր է նույնիսկ բուժել ներքին թութքը: Թութքի համար պետք է խմել օրը 3 օղու բաժակ, մի փոքր շաքար խառնած, իսկ անմիջապես վրայից պետք է խմել 1 բաժակ ջուր: Սա շատ լավ սիբիրյան միջոց է թութքի դեմ: Արոսը խորհուրդ չի տրվում շատ օգտագործել ցածր ճնշումով մարդկանց: Նրանց համար օրվա չափաբաժինը պետք է չգերազանցի 1 ճաշի գդալ հյութին:

Հնում արոսենու պտուղները անվանել են կանացի հատապտուղ: Արոսենու կարմիր պտոցղները բավականին թեթեւացնում են կլիմաքսի ընթացքը: Այն նաեւ խորհուրդ է տրվում օգտագործել ցավոտ ու առատ դաշտանային ցիկլեր ունեցողներին: Դրա համար անհրաժեշտ է պտուղներից 200գրամի վրա լցնել 40 տոկոսանոց 0,5լ օղի ու թողնել 3 շաբաթ ու հետո առանց քամելու խմել օրը 3 անգամ 1 թեյի գդալից: Այս դեղատոմսը խորհուրդ չի տրվում օգտագործել արյան բարձր մակարդելիություն ունեցողներին:

Իսկ մեր ընթերցողներից մեկը մի քանի օգտակար խորհուրդներ տվեց` կապված արոսենու տերեւների հետ.«Որպեսզի ձմռանը նկուղներում ու հորերում բանջարեղենը լավ պահպանվի, անհրաժեշտ է մթերքի վրա արոսենու տերեւներ շաղ տալ: Դրանք պաշտպանում են մթերքը փտելուց եւ երկար ժամանակ պահպանում են այն:

Նաեւ, եթե հայտնվել եք այնպիսի պայմաններում, որտեղ ջուրը հոսող չէ` կանգնած է, կարելի է ջրով լի ամանի մեջ լցնել արոսենու տերեւներ, եւ այն կախտահանի ջուրը»:

Հակակորյակային դիետա

Ճիշտ սնվելը շատ արագ կարող է ձեզ ազատել կորյակներից: Այս դեպքում խորհուրդ է տրվում ոչ թե միանգամից շատ ուտել, այլ ուտել շուտ-շուտ, բայց քիչ չափաբաժիններով: Սննդակարգից պետք է պակասեցնել սպիտակուցների քանակը: Զգալիորեն պետք է կրճատել կենդանական ճարպերի օգտագործումը: Կերակրացանկում ավելի մեծ տեղ պետք է ունենա ծովամթերքը: Թռչնամիս օգտագործելիս պետք է հեռացնել կաշին, իսկ թեւիկներին կարելի է գերադասել կրծքամիսը: Կաթնամթերքը պետք է պատրաստված լինի զտված կաթից` անյուղ կաթնաշոռ, պանիր եւ այլն: Զերծ պետք է մնալ մայոնեզի օգտագործումից: Սննդակարգից պետք է հանել այնպիսի քաղցրավենիքները, որոնք պարունակում են շաքարի հավելումներ: Խորհուրդ է տրվում խմել մրգային եւ բանջարեղենային հյութեր` առանց շաքարի: Իհարկե, պետք է հետեւել նաեւ, որպեսզի օրգանիզմը հանկարծ չզգա վիտամին A-ի եւ E-ի պակաս: Շատ կարեւոր է սննդի մեջ հաճախակի սխտորի օգտագործումը: