Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը «պատրաստակամություն է հայտնել ծառայել Երեւանին եւ վերցնել Երեւանի ավագանու իր մանդատը», որն իրեն բաժին է հասել ՀԱԿ-ի ցուցակով, որտեղ Հակոբյանը 22-րդն է: «Պատրաստ եմ ստանձնել ավագանու իմ պարտականություններն ի փառս իմ ժողովրդի եւ հայրենիքի»,- այսպիսի բովանդակությամբ նամակ է ուղարկել Դավիթ Հակոբյանը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: Հենց վերջինս էլ, ի դեպ, երեկ անթաքույց հրճվանքով հրապարակել է մարքսիստի այս նամակը: Ըստ Ազարյանի, «ազգի տրիբունն» իր նամակում գրել է, որ այդ քայլին դիմում է` «տեղի չտալով իշխանությունը ապօրինի զավթած ՀՀՇ պարագլուխների շանտաժին եւ ահաբեկումներին` ուղղած իրեն ու իր ընտանիքի անդամներին»: Իսկ Մարքսիստը, ըստ իր նամակի, ոչ թե «ընդդիմության ռեւանշիզմով տոգորված խռովյալ հոգիների խառնամբոխից է, այլ քաղաքական ալտերնատիվ փարթամ մտքի ճեմարան եւ ազգի գաղափարական զրահ»: