Անմիջապես 2002թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը ստեղծեց թրաֆիքինգի դեմ
պայքարող միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր
շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման եւ առքուվաճառքի հետ
կապված հարցերը: Հայաստանի Քրեական օրենսգրքով՝ թրաֆիքինգի՝ որպես
հանցագործության համար որոշակի հանցակազմ եւ պատասխանատվություն
նախատեսված չէր, եւ 2003թ. ընդունվեց համապատասխան՝ 132-րդ հոդվածը, որը
կոչվեց «Մարդկանց առեւտուր»: Հավանաբար այս «պայքարի» համար 2003թ.
Հայաստանը փոխադրվեց երկրորդ խումբ: Իսկ այս տարվա զեկույցից պարզվեց, որ
երկրորդ խումբը Հայաստանի համար դարձել է հարազատ: Այսինքն՝ «Հայաստանը
ելքի (թրաֆիքինգի նպատակով) պակաս չափով տարանցիկ եւ մուտքի երկիր է:
Սեռական շահագործման նպատակով կանայք եւ աղջիկները տեղափոխվում են
հիմնականում Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ) եւ Թուրքիա…
Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը լիովին չեն բավարարում
թրաֆիքինգի վերացման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչներին:
Կառավարությունը 2004թ. ընդունել է հակակոռուպցիոն ծրագիր եւ ստեղծել է
աշխատանքային խումբ, սակայն հռետորական խոստումներից այն կողմ,
թրաֆիքինգին առնչվող հարցերում հանցակցությունը բացառելու ուղղությամբ,
կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել»,- նշված է զեկույցի մեջ:
ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածով արգելվեց մարդկանց առեւտուրը
(թրաֆիքինգը) եւ սահմանվեց առավելագույնը 4-8 տարվա ազատազրկում: Սակայն
Հայաստանում հիմնականում կիրառվեց առավել մեղմ՝ կավատությունը սահմանող
262 հոդվածը: 2004թ. կայացած 16 դատավճիռներից միայն մեկն է եղել մարդկանց
առեւտրի հոդվածով, մնացած 15-ի դեպքում կիրառվել է 262 հոդվածը, եւ
նշանակվել են առավել մեղմ պատիժներ: Զեկույցի համաձայն՝ ՀՀ պետական
պաշտոնյաների կողմից նկատվել են «հնարավոր համաձայնության եւ
մեղսակցության նշաններ: Ենթադրություններ կան, որ Դատախազության
աշխատակիցներն աջակցել են մարդկանց առեւտրով զբաղվողներին, իսկ
սահմանապահները կաշառքներ են վերցրել եւ դյուրինացրել են նրանց
սահմանահատումը»:
Դատախազության համակարգում սակայն հակված չեն հալած յուղի տեղ ընդունել
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի այս դրույթները եւ նույնն էլ բոլորիս են
խորհուրդ տալիս: «Դատախազության աշխատակիցներից որեւէ մեկի անունն այդտեղ
նշվա՞ծ է,- հարցրեց Դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության
բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը: -Ո՛չ: Դուք ինչո՞ւ եք կարծում, որ նրանք մատ
են թափ տվել մեզ վրա»:
«Խիստ է եւ քննադատական, բնորոշ է Պետքարտուղարության զեկույցներին,-
պատասխանեց թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի քարտուղար Տիգրան
Սամվելյանը: -Միգուցե նրա համար է, որ խթանի պետությանը, պատգամը հասցնի
շահագրգիռ կառավարությանը, թե ինչ պետք է անի: Ուսումնասիրել ենք՝
չկիսելով մտահոգության բոլոր ներկայացված կետերը, անշուշտ կանենք
հետեւություններ` ուժեղացնելով այն ուղղությունները, որոնց վրա
շեշտադրություններ են եղել: Հայաստանը թերացել է այն մասում, ինչ
վերաբերել է պատժին, հետապնդմանը եւ կազմակերպիչներին արդարադատությանը
հասցնելը: Ներկայացված թերացումների թվում կնշեի նաեւ 132 հոդվածի
սակավաթիվ կիրառումը»:
Թրաֆիքինգը մարդկանց ապօրինի հավաքագրումն է, փոխադրումը եւ առեւտուրը:
Հայաստանում սկիզբ է առել խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ շատերը
զրկվեցին աշխատանքից: Այս երեւույթը բնորոշ է թույլ զարգացած երկրներին եւ
Հայաստանի հետ գրեթե նույն հարթության վրա են ԱՊՀ շատ պետություններ:
Մարդկանց առեւտուրը համաշխարհային մակարդակով թմրամիջոցների եւ զենքի
բիզնեսից հետո երրորդ տեղն է զբաղեցնում: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում
տարեկան ավելի քան 4 մլն կին, տղամարդ եւ երեխա են ենթարկվում թրաֆիքինգի:
Իսկ հանցագործ խմբերն այդ ճանապարհով տարեկան վաստակում են 5-7 մլրդ
ամերիկյան դոլար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ անցած տարիների ընթացքում
շահագործման նպատակով Հայաստանից «արտահանվել» է մոտ 3000-5000 կին,
տղամարդ եւ երիտասարդ աղջիկ՝ հարկադիր ֆիզիկական աշխատանք կատարելու եւ
սեքսուալ ծառայությունների ոլորտում աշխատելու նպատակով: Ավելի շատ
տարածված եւ շահութաբեր է սեռական ճանապարհով կանանց շահագործումը եւ,
ինչպես նշեցինք, կանայք արտահանվում են հիմնականում ԱՄԷ եւ Թուրքիա: ԱՄՆ
Պետքարտուղարության տվյալներով՝ այդ երկրներում որպես մարմնավաճառ է
աշխատում մոտ 1000 հայ կին: Այս թվի հետ համաձայն են նաեւ մեր վիճակագիր
պաշտոնյաները: Մինչդեռ կարծիք կա, որ այն հասնում է մինչեւ 3000-ի:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ վերջին 4 տարիների ընթացքում ԱՄԷ-ից
Հայաստան է փոխանցվել մոտ 19 մլն 150 հազար դոլար, որից ընդամենը մի քանի
մլն-ն է եղել ներդրումներ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ մնացած մեծ մասը
մարմնավաճառության շահույթն է: Իհարկե, այս միլիոնների մի մասը,
հավանաբար՝ փոքր մասը, բաժին է հասել մարմնավաճառների հարազատներին:
Առյուծի բաժինը բնականաբար կավատների եւ ընդհանրապես թրաֆիքինգին նպաստող
ցանցի շահույթն է, որի մեջ հաստատ իրենց մասն ունեն պետական որոշ՝
համակարգին օժանդակող պաշտոնյաներ:
ՀՀ դատախազությունը տեղեկանք է պատրաստել՝ ի պատասխան ԱՄՆ
Պետքարտուղարության զեկույցի, եւ իր անհամաձայնությունն է արտահայտել
առանձին դրույթների վերաբերյալ:
«Մեղավորների բավարար պատիժ չստանալու հետեւության համար ըստ երեւույթին
հիմք է հանդիսացել զեկույցին կցված, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի
«Անապատի գիշերներում» խորագրով հրապարակման մեջ նշված օրինակն այն մասին,
որ հայտնի կավատ Ամալյա Մնացականյանը 2004թ. օգոստոսին՝ դատապարտվելով 2
տարի ժամանակով, դատավճռից մեկ ամիս անց հայտնվել է ազատության մեջ»,-
նշված է տեղեկանքի մեջ եւ պարզաբանված է, որ կավատն ազատված է օրենքի
պահանջներից ելնելով:
«Ես հասկանում եմ, թե Հայաստանի իշխանություններն ինչու են քննադատաբար
վերաբերվում այդ բովանդակությանը, բայց ընդհանուր առմամբ այն
հաղորդագրությունը, որ ուզում էին փոխանցել թրաֆիքինգի իրականության
վերաբերյալ, ճիշտ է,- ասում է ԵԱՀԿ ժողովրդավարության հարցերով
պատասխանատու Բլանկա Հանչիլովան եւ ավելացնում,- եթե մեկը որոշել է
սեռական, մարմնավաճառության ճանապարհով իր ընտանիքը պահել, սա դեռեւս
թրաֆիքինգ չի կարող համարվել, որովհետեւ դա կատարվել է իր ազատ կամքի
դրսեւորմամբ: Բայց զբաղվողը չի գիտակցում, որ իրեն օգնողը, տեղափոխողը
կավատ է, եւ հետո շահագործելու է: Այ, սա է թրաֆիքինգը: Ես համաձայն եմ,
որ կանայք գիտակցաբար են գնում մարմնավաճառության, բայց նրանք հաստատ չէին
ուզի շահագործվել»:
Թրաֆիքինգի դեմ պայքարը երկար պատմություն ունի: Այդքան երկար պայքարում
են նաեւ թմրաբիզնեսի եւ զենքի ապօրինի առքուվաճառքի դեմ: Սակայն
իրականությունը վկայում է, որ պայքարի ուժեղացմանը զուգահեռ, ուժեղանում է
նաեւ այդ երեք ոլորտների ապօրինի գործունեությունը, դրա հետ միաժամանակ՝
ստացվող շահույթը: Կարծիք կա, որ թրաֆիքինգն ավելի մեծ մասշտաբներ է
ընդգրկում, քան առաջին երկու ոլորտները: Նույնիսկ մոտավոր
ուսումնասիրություն, հաշվարկ հնարավոր չէ կատարել, որովհետեւ գործ ունենք
մարդու հետ: Հանցավոր այս ցանցի թիրախն են դառնում հիմնականում տնտեսական
ու իրավական թույլ համակարգեր ունեցող երկրները: Ճիշտ է, միջազգային
կառույցները զգուշացնում են, սակայն մեծ հաշվով չեն պարտավորեցնում. երկրի
ու իշխանությունների որոշելիքն է: Ինչպես կցանկանան: