Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը մեծ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի էներգետիկական անվտանգության համակարգի համար: Ըստ Ասադովի, ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի զարգացման, ինչպես նաեւ եվրաատլանտյան տարածությանն ավելի սերտորեն ինտեգրվելու համար: «Ադրբեջանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բոլոր ջանքերը կգործադրի մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավական նորմերի եւ սկզբունքների հիման վրա լուծելու համար: Մենք հավատում ենք, որ միջազգային հանրակցության ջանքերի արդյունքում հիմնախնդիրը շուտով կլուծվի արդարության եւ միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Ասադովը: