Համաներո՞ւմ, թե՞ հաշվեհարդար

20/06/2009

Երեկ Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը` համաներում իրականացնելու մասին: Ինչպես եւ սպասվում էր, մոտ 2000 դատապարտյալների վրա տարածվող այս համաներումը չի ազդելու 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված 51 քաղբանտարկյալներից 18-ի վրա: ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, բնականաբար, չի ընդունել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկը` համաներումը առանց բացառության բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ կիրառելու վերաբերյալ: Եվ 98 կողմ քվեարկած պատգամավորներից որեւէ մեկը, բացառությամբ «Ժառանգության» անդամների («տեղ-տեղ»՝ նաեւ ՀՅԴ-ի) հարց չի բարձրացրել` ի՞նչ սկզբունքով եւ «մարդասիրության» ո՞ր նորմի համաձայն են նույն անհեթեթ գործի շրջանակներում կալանավորված մարդկանց մի մասին ազատ արձակում, մյուսներին` ոչ: Որեւէ մեկը չի հարցրել նաեւ` ո՞վ եւ ինչպե՞ս է պատասխանատվություն կրելու այդ մարդկանց ավելի քան մեկուկես տարի կալանավայրերում պահելու համար: Չեն հարցրել, որովհետեւ նրանց գերակշիռ մեծամասնությունը այս համաներմանը կողմ է քվեարկել ոչ թե «մարդասիրական» մղումներով, այլ բացառապես այն պատճառով, որ այդ նախագիծն ԱԺ էր ուղարկվել նախագահական նստավայրից: Ի դեպ, համաներման առաջարկության դեմ է քվեարկել միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հայտարարելով, որ դա ոչ թե համաներման, այլ քաղաքական հաշվեհարդարի որոշում է: