Երեկ, ըստ էության, փակվեց ամիսներ շարունակ չարչրկվող համաներման թեման: Ազգային ժողովը հատուկ այդ նպատակով հրավիրած արտահերթ նիստում 98 կողմ, 3 ձեռնպահ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը:
Ավելի քան մեկ տարի է, ինչ հայ հասարակությունը խոսում էր այդ մասին եւ պետական բոլոր տոներին սպասում էր, որ Ս.Սարգսյանը նախագահական ընտրությունների արդյունքում քաղբանտարկյալ դարձած գործիչներին գոնե համաներման միջոցով ազատություն ստանալու հնարավորություն կտա, ու վերջ կդրվի ամիսներ տեւող խայտառակ դատավարություններին: Քաղաքական գրեթե բոլոր ուժերի ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Հայաստանում տիրող լարվածությունը թուլացնելու, քաղաքական ուժերի ու ժողովրդի հետ երկխոսություն սկսելու համար ՀՀ իշխանություններին երկար ժամանակ հորդորում էին համաներում կիրառել մարտյան դեպքերի արդյունքում ձերբակալված անձանց նկատմամբ: Իշխանությունները վերջապես այդ որոշումը կայացրեցին, բայց կիսատ, եւ դրա արդյունքում հասարակության մեջ տիրող լարվածությունը ոչ միայն չթուլացավ, այլեւ մեծ է հավանականությունը, որ կարող է ավելի սրվել: Իհարկե, այս համաներման արդյունքում ազատության մեջ կհայտնվեն մոտ 2000 դատապարտյալներ, սակայն 51 քաղբանտարկյալներից 18-ը կշարունակեն մնալ անազատության մեջ: Նրանցից մի մասի վրա համաներումը կտարածվի մասնակիորեն, իսկ մեծ մասի վրա` ինչպես ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեպքում, համաներումն ընդհանրապես չի ազդի: Համաներումը չի տարածվելու Ժորա եւ Մկրտիչ Սափեյան եղբայրների, Մուշեղ Սաղաթելյանի, Հարություն Ուռուտյանի եւ մարտյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված ու դատապարտված եւս 13 անձանց վրա: Երեկ մինչ համաներման նախագծի քվեարկությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրեց առաջարկություններ` համաներման որոշումը անխտիր բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ տարածելու վերաբերյալ: Սակայն առաջարկությունը քննարկելու համար կես ժամ ընդմիջում վերցրած նախագահի ներկայացուցիչ` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը վերադարձավ ու հայտարարեց, որ այն չի ընդունվում: Պատգամավորներին նաեւ հետաքրքրում էր, թե ի՞նչ սկզբունքով ու չափանիշներով են ընտրվել համաներման հիմքում ընկած պայմանները: Գ.Դանիելյանը պատասխանեց, թե համաներումը հիմնականում չի տարածվելու ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: Այդ դեպքում ինչո՞ւ այն պետք է տարածվի իրականում հանցագործություն կատարած դատապարտյալների վրա, բայց չպետք է տարածվի ընդամենը խուլիգանության հոդվածով դատապարտված քաղբանտարկյալներ Սափեյան եղբայրների կամ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Գեւորգյանի վրա: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ 18 քաղբանտարկյալները, որոնց վրա այդ որոշումը չի տարածվելու: Համաներման որոշմանը ծանոթանալիս առաջին տպավորությունն այն է, որ նախագիծը կազմողները վերցրել են քաղբանտարկյալների ցուցակը եւ ուղղակի անվանական որոշել են, թե ում պետք է ազատեն, ում` ոչ: Ում որ չեն ցանկացել ազատել, նրանց մեղադրանքի հիմքում ընկած հոդվածները չեն ներառել համաներման որոշման մեջ:
Երեկ ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ հատկապես կոալիցիոն պատգամավորներն իրենց ելույթներով փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, որ համաներումը սոսկ նախագահի մարդասիրական ցանկությունն է, որ դրա հիմքում ամենեւին էլ մարտյան դեպքերը չեն ընկած: Պարզապես Ս.Սարգսյանի մարդասիրական քայլի արդյունքում կազատվեն նաեւ որոշ քաղբանտարկյալներ: «Սա սայթաքողների վերաբերյալ համաներում է»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Սա մեծ երեւույթ է, եւ այս ակտը պետք է ընդունել»,- ասաց ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը: «Ժառանգությունից» բացի, միայն ՀՅԴ կուսակցության անդամները հստակ կարծիք հայտնեցին, թե այս ակտի հիմքում ընկած են մարտյան դեպքերը, եւ որեւէ վերապահում չպետք է լիներ դրանց արդյունքում բանտարկված անձանց նկատմամբ: «Իշխանությունները ճիշտ քայլ են կատարել, սակայն սա երկակի ստանդարտ է եւ անարդարացի է: Համաներումը, չգիտես ինչու, դիտարկվում է որպես թուլության նշան: Ոչ: Ներում են միայն ուժեղ մարդիկ»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Սա քաղաքական հաշվեհարդար էր»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, ով այս նախագծին միակ դեմ քվեարկողն էր:
Երեկ քննարկվեց նաեւ հետախուզման մեջ գտնվող անձանց` Խաչատուր Սուքիասյանի ու Նիկոլ Փաշինյանի հարցը: Գ.Դանիելյանի ասելով, համաներումը կտարածվի նաեւ նրանց վրա, եթե մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: Սակայն, Զ.Փոստանջյանի կարծիքով՝ դա թակարդ է այդ մարդկանց համար, որովհետեւ, եթե իսկապես նրանք ներկայանան, ապա ոչ մի երաշխիք չկա, որ նրանց կդատապարտեն մինչեւ 5 տարի ազատազրկման: Չի բացառվում, որ նրանց նկատմամբ 6 եւ ավելի տարիների ազատազրկում սահմանեն, եւ այդ դեպքում արդեն համաներումը նրանց վրա չի տարածվի: Ի դեպ, չի բացառվում, որ համաներումը չտարածվի նաեւ Հակոբ Հակոբյանի կամ Մյասնիկ Մալխասյանի վրա, եթե նրանց նկատմամբ սահմանվելիք պատժաչափը գերազանցի 5 տարին: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը նրանց համար դատարանից 6 տարվա ազատազրկում էր պահանջել: Գ.Դանիելյանը ընդունեց Զ.Փոստանջյանի միայն այն առաջարկությունը, որի համաձայն՝ համաներում կիրառվի նաեւ ՔՕ 200-րդ հոդվածով դատապարտված մարդկանց նկատմամբ: Փոփոխության արդյունքում համաներումը կտարածվի եւս երկու քաղբանտարկյալների` Մարատ Մուշեղյանի եւ Վանուշ Դավթյանի վրա: Հարց հնչեց նաեւ նախագահական ընտրությունների արդյունքում 3,5 տարվա ազատազրկման դատապարտված ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի մասին: Եվ պարզ դարձավ, որ նրա նկատմամբ չեն ուզեցել համաներում կիրառել: Երբ հայտարարվեց, թե Հացպանյանը Արցախյան պատերազմի մասնակից է, Գ.Դանիելյանը զարմացավ: «Նրա գործերի մասին այդ փաստը վկայող հիմքեր չկան, եթե ներկայացնեն, համաներումը նրա վրա էլ կկիրառվի»,- ասաց նախարարը:
Երեկ քննարկման ողջ ընթացքում քաղբանտարկյալների ընկերներն ու հարազատները հավաքվել էին ԱԺ դարպասների մոտ ու պահանջում էին այդ որոշումը տարածել անխտիր բոլոր քաղբանտարկյալների վրա:
Իսկ ԱԺ-ում համաներման մասին եղան բազմաթիվ ելույթներ: Խոսեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Մարտի 1-ի գործողությունների մեջ, ես համոզված եմ, որ բոլորս ենք մեղավոր, ունենք մեր մեղքի բաժինը, բայց ես չգիտեմ՝ ո՞ւմ մեղքի բաժինն է մեծ` նրա՞նց, ովքեր անազատության մեջ են, թե՞ նրանց, ովքեր ազատության մեջ են: Կարծում եմ՝ մարտյան իրադարձությունները մեզ խորհելու տեղիք կտան,- ասաց ԱԺ նախագահը եւ հավելեց,- ինչ-որ պահի պետք է կանգ առնել եւ սկսել նոր էջից, ու պարտավոր ենք սկսել ողջ հասարակությունով»: Ի դեպ, ԱԺ նախագահն առաջարկեց մարտյան դեպքերի արդյունքով ձերբակալված անձանց պատժաչափի կրճատման 1/3 չափը փոխել 1/2 չափի: Գ.Դանիելյանն ընդունեց այս առաջարկությունը: Ու թեեւ պատգամավորների առաջարկությունները շատ էին ու էական, Գ.Դանիելյանին երեւի թույլատրված էր ընդունել քաղբանտարկյալներին վերաբերող միայն Հ.Աբրահամյանի ու Զ.Փոստանջյանի ներկայացրած այդ երկու առաջարկությունները:
«Պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը 9 տարի պահանջեց Ս.Միքայելյանի համար: Եթե Ս.Միքայելյանի` hայրենիքին մատուցած ծառայությունների մասին հիշեցնելու կարիք չկա, ապա ուզում եմ հիշեցնել Կ. Փիլոյանի մատուցած «ծառայությունները» հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ: Այդ դատավարությանը, որպես պետական մեղադրող, նա սկսեց մասնակցել բավականին ուշ, որից հետո ամբողջովին շեղվեց դատավարության ընթացքը, եւ նա` առաջնորդվելով միայն իր անձին հայտնի շահերով, նպաստեց դրան: Արդյունքում՝ մոտավորապես 3 տարի տեւած դատավարությունից հետո հասարակությունը ոչինչ ավելի չիմացավ, քան գիտեր արդեն 3 տարի առաջ հոկտեմբերի 28-ին: Այդպես էլ չբացահայտվեցին սահմռկեցուցիչ պետական ահաբեկչության կազմակերպիչները, մեր պետությունը գլխատողները, եւ ահաբեկչությունը մեզանում «բնավորվեց» այնքան հիմնավոր, որ այն սպառնում է բոլորին»,- իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: