Հայաստանում այլեւս անապահով խավ գոյություն չունի: Համենայնդեպս, այդպես
են որոշել Հայաստանի կառավարությունում եւ էներգետիկայի
նախարարությունում: Մի քանի օր առաջ էներգետիկայի նախարարի գլխավորած
կառավարական հանձնաժողովը հերթական անհեթեթ որոշումը կայացրեց: Հայաստանի
Հանրապետության անապահով ընտանիքներին 150 հազար բազմասակագնային
հաշվիչներ հատկացնելու նպատակով, 1999-ին Ճապոնական կառավարությունը 8,5
մլն դոլար վարկ տրամադրեց Հայաստանին: Որից հետո սկսվեցին, հոլիվուդյան
արկածային եւ դեդեկտիվ ֆիլմերի լավագույն ավանդույթներին համապատասխան,
մրցութային պատմությունները: Նախ չեղյալ համարեցին իրենց իսկ
նախարարության ԾԻԳ-ի մրցութային հանձնաժողովի որոշումը, որով մրցույթի
հաղթող էր ճանաչվել հայ-ճապոնական կոնսորցիումը (հիշեցնենք, որ
կոնսորցիումի հայկական կողմը ներկայացնում է «Էներգիա» կոնցեռնը»): Հետո,
երբ նույն այդ մրցութային հանձնաժողովը մի քանի ամիս հետո երկրորդ անգամ
հաղթող ճանաչեց նույն հայ-ճապոնական կոնսորցիումին, կառավարական
հանձնաժողովն ընդունեց առավել քան անհասկանալի որոշում` ընդհանրապես
հրաժարվել 150 հազար անապահով ընտանիքների համար նախատեսված
էլեկտրահաշվիչների արտադրության ծրագրից եւ այդ նպատակով տրամադրված 8,5
մլն դոլարը վերաբաշխել այլ ծրագրերի իրականացման համար: Սակայն այստեղ
հարց է ծագում. եթե այս վարկային ծրագիրը մեր պետությանը հարկավոր չէր,
ապա ինչո՞ւ են ժամանակին ընդունել այդ վարկային առաջարկը, որը հաստատվել է
ՀՀ ԱԺ որոշմամբ (ուզում ենք նշել նաեւ, որ կառավարական հանձնաժողովը
չեղյալ է համարել փաստորեն օրենքի ուժ ստացած ԱԺ որոշումը): Եվ եթե անգամ
հավատանք, որ այդ ծրագիրը մեզ այլեւս պետք չէ, ապա ինչո՞ւ էին մրցույթն
անց կացնում ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Այն ժամանակ չգիտեի՞ն, որ պետք
չէ, այսօ՞ր իմացան, թե՞, երբ պարզվեց, որ ոչ մի կերպ չեն կարողանում
մրցույթի հաղթող դարձնել իրենց հովանավորյալ չինական «Սինոհիդրոն»
ընկերությանը, հայտարարեցին, որ ծրագիրը Հայաստանին պետք չէ: Այս հարցերը
դեռ սպասում են իրենց պատասխաններին: Այսօր արդեն մի բան պարզ է`
Էներգետիկայի նախարարության թեթեւ ձեռքով 150 հազար անապահով ընտանիք
զրկվեց երկսակագնային հաշվիչ ունենալու հնարավորությունից: