Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների կողմից արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) ստեղծումը սիմվոլիկ նշանակություն ունեցող ակտ է: Այս մասին երեկ հայտարարեց լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այդ խմբի ստեղծումը ինքնին այնքան էլ կարեւոր իրադարձություն չէ: Ռազմական տեսակետից հասկանալի է, որ դա ոչ դիվիզիա է, ոչ էլ բանակ է: Ղրղըզական զորքերը Հայաստան չեն գա, այստեղից էլ մեր զորքերը չեն գնա Բելառուս` ինչ-որ մեկին ինչ-որ մեկից պաշտպանելու համար: Բայց այդ արագ արձագանքման ուժերը ունեն սիմվոլիկ նշանակություն, ինչ-որ չափով նաեւ` քաղաքական»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ նման նախաձեռնությունը ՆԱՏՕ-ին խորհրդանշական ձեւով հակազդելու փորձ է: «Դա Ռուսաստանի փորձն է՝ նշանակալի դարձնել իր` թեկուզ եւ սիմվոլիկ հակազդեցությունը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ նախկին ԽՍՀՄ երկրների` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: 17 պետություն` այդ թվում Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, Անհատական գործընկերության ծրագրով (ԱԳԾ) համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ: Ռուսաստանն էլ ասում է` տեսեք` մենք էլ ունենք հակաԱԳԾ: Դա, իհարկե, այդպիսին, այսինքն` հակաԱԳԾ չէ, այստեղ կա 6 երկիր, եւ խոսքը գնում է 300մլն դոլարի մասին: 300 մլն դոլարը 6 այդպիսի երկրի համար նշանակություն չեն կարող ունենալ»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Ըստ նրա` այն, որ Հայաստանն ընդգրկված է ԱԳԾ-ում եւ միաժամանակ ԱԱՈՒ-ի ստեղծմանն է մասնակցում, ցույց է տալիս, որ համագործակցելով ՌԴ-ի հետ` մենք փորձում ենք չկորցնել Արեւմուտքին: «Այսինքն` միաժամանակ մեր վարչապետը կարող է պահանջել ու հաջողությամբ ստանալ ՌԴ-ից 500 մլն դոլար եւ միաժամանակ ասել` մաքսային միությունում մենք մտնել չենք պատրաստվում, շնորհակալություն, հաջորդ անգամ: Սրանք ՀՀ արտաքին քաղաքականության շատ էական ցուցիչներ են»,- նշեց Ա. Իսկանդարյանը: Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու Ուզբեկստանն ու Բելառուսը չմասնակցեցին ԱԱՈՒ-ի ստեղծման պայմանագրի ստորագրմանը: «Ուզբեկստանը միշտ էլ հավասարակշռել է իր քաղաքականությունը Արեւմուտքի եւ Արեւելքի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ: Դրա համար նա բավականաչափ ինքնուրույնություն ունի, կարողանում է առանձնացնել իրեն Միջին Արեւելքի մյուս պետություններից: Ուստի նրա հայտարարություններին, թե` կմիանա կամ չի միանա այս կամ այն նախագծին, պետք է վերապահումով մոտենալ: Կմիանա, բայց չի գա, անդամ է հանդիսանում, բայց միջոցառումներին չի մասնակցում: Ուզբեկստանը ԱՊՀ անդամ է, բայց Ուզբեկստանի նախագահը շատ հաճախ ԱՊՀ գագաթաժողովներին չի գնում եւ այլն»,- բացատրեց Ա. Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է Բելառուսին, նա նշեց, որ վերջինիս չմասնակցելը արագ արձագանքման ուժերի ստեղծման պայմանագրի ստորագրմանը պայմանավորված էր հիմնականում հայտնի կաթնային կոնֆլիկտով: «Մի կողմից՝ ՌԴ-ի ու Բելառուսի հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նման խնդիրներ են առաջանում, բայց մյուս կողմից էլ՝ միմյանցից վերջնականապես հրաժարվել նրանք չեն կարող: Այս սկանդալն էլ կանցնի եւ Բելառուսը կշարունակի գործել այն դաշտում, որտեղ գործել է մինչ այժմ»,- ասաց Ա. Իսկանդարյանը` հավելելով, որ Հայաստանում, ցավոք, շատ քիչ են խոսում նման գործընթացների մասին, այն դեպքում, երբ դրանք Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն ունեն: «Ես ցավում եմ, որ լրագրողները հարցնում են բացարձակապես քիչ նշանակություն ունեցող հայտարարությունների մասին, այն մասին, թե ինչ ասեց կամ չասեց Ադրբեջանը, իսկ իրականում կարեւոր իրադարձությունները նրանց համար հետաքրքիր չեն, հետեւաբար հետաքրքիր չեն նաեւ կարդացողին, որը պարզապես չի հասկանում, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Մոսկվայում եւ Բրյուսելում, իր կյանքի հետ ավելի շատ առնչություն ունի, քան բոլոր ադրբեջանցիների բոլոր հայտարարությունները միասին վերցրած»,- ասաց Ա. Իսկանդարյանը` պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հարցի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Նա կրկնեց իր կողմից բազմիցս ասված այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը շարունակվում է, եւ տարբեր պաշտոնյաների տարբեր հայտարարություններն այս մասին շատ քիչ նշանակություն ունեն: «Թուրքիան, իհարկե, չի ուզում եւ չի կարող խզել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հենց թեկուզ այն պատճառով, որ Թուրքիայի ներսում կան շատ լայն շրջանակներ, որոնք աջակցում են Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին: Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի կողմից լուրջ ճնշում կա Թուրքիայի վրա` հայ-թուրքական սահմանը բացելու համար: Ուստի Թուրքիան ցանկանում է հավասարակշռել այս երկու տենդենցները: Ժամանակ առ ժամանակ մի քիչ չարաշահում են առաջին ուղղությամբ, հետո երկրորդ, եւ սա գործընթացի բնական, բաղկացուցիչ մասն է»,- ասաց քաղաքագետը: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` նա նշեց, որ իրավիճակը երկրում կայունացել է, եւ դժվար թե ինչ-որ կտրուկ փոփոխություններ լինեն, հատկապես ամռան ամիսներին: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում հունիսի 24-ին Հայաստանի հարցի քննարկմանը, ապա նա նշեց, որ այստեղ եւս անակնկալներ չեն սպասվում: «Դե կասեն, որ ինչ-որ բան փոխվել է, ինչ-որ խնդիրներ մնացել են, մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ եւ այլն»,- հայտարարեց նա` բացատրելով, որ նորմալ է այն իրավիճակը, երբ ո՛չ միջազգային կառույցներն են չափազանց շատ ճնշում գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններն են ամբողջությամբ կատարում նրանց պահանջները: «Մի կողմից՝ մեր իշխանությունները պետք է կատարեն միջազգային կազմակերպությունների որոշ պահանջներ, մյուս կողմից` իշխանություններն ուզում են իրենց բավականաչափ վստահ զգալ երկրի ներսում, դրա արդյունքում որոշակի առեւտուր է տեղի ունենում այդ միջազգային կազմակերպությունների ու իշխանությունների միջեւ: Եթե միջազգային կազմակերպությունները շատ ճնշեն, վտանգ կա, որ գործընթացը կանգ կառնի, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Բելառուսի դեպքում: Մյուս կողմից էլ` իշխանությունների կողմից այդ կազմակերպությունների բոլոր պահանջները կատարելը նրանց համար խնդիրներ կառաջացնի երկրի ներսում իշխանության պահելու տեսակետից: Դրա համար էլ գոյություն ունի այսպիսի մեխանիզմ, որն, ի դեպ, աշխատում է»,- ասաց Ա. Իսկանդարյանը: