«Պատրաստ ենք անկեղծ երկխոսության»

20/06/2009

«168 ժամ» թերթի խմբագրությանը

Ի պատասխան Ձեր ս.թ. մայիսի 21-ի համարում տպագրված «Էսկո-կոնցեռն» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի «Բաց նամակ վարչապետին» հրապարակմանը

Հարգելի պարոն Աղաբեկյան

Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` երկրի տնտեսության առջեւ կանգնած մարտահրավերների վերաբերյալ արժեքավոր առաջարկությունների համար: Վերջիններս ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին հետադարձ հայացք նետելու եւ ապագա քայլերի մասին մտածելու եւս մեկ առիթ եղան: Փորձեմ հակիրճ անդրադառնալ ներկայացված առաջարկություններին:

1. Վերջին տասը տարիների ընթացքում բանկային համակարգի նկատմամբ խիստ եւ հետեւողական հսկողության եւ վերահսկողության իրականացումը դրական արդյունք է տվել: Գնահատման խստագույն չափանիշների համաձայն՝ այսօր բանկային համակարգում դասակարգված ակտիվների տեսակարար կշիռը 10%-ից ոչ ավելի է: Սա իր հերթին նշանակում է, որ բանկերը կարող են ինքնուրույն լուծել խնդրահարույց վարկերի հարցը, իսկ պետության միջամտությունը կարող է միայն վատթարացնել դրությունը: Ինչ վերաբերում է շինարարության ոլորտի եւ հիպոթեքային շուկայի աշխուժացման խնդրին, ապա դրանք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, այդ նպատակով արդեն մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ բանկերից վարկավորվելու նպատակով պետական երաշխիքներ են տրամադրվում այն կառուցապատողներին, որոնց բազմաբնակարան շինությունները 50 եւ ավելի տոկոսով կառուցված են: Ավելին, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր օրենքի ընդունմանը, որով նախատեսում է սուբսիդավորել ՀՀ-ում 2009-2011թթ. 1 մլրդ դրամ եւ ավելի արժողությամբ հանրային բնույթի նոր շինարարության գործընթացը` շինարարության ավարտից հետո կառուցապատողին վերադարձնելով ընթացքում պետական բյուջե վճարած ԱԱՀ-ի եւ սոցիալական վճարների ամբողջ ծավալը: Հիպոթեքային շուկայի աշխուժացման նպատակով ՀՀ ԿԲ-ն արդեն ստեղծել է հիպոթեքային հիմնադրամ, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հիպոթեքային վարկավորման հատուկ ծրագիր` երիտասարդ ընտանիքներին աջակցելու նպատակով, իսկ հիպոթեքային վարկավորման ծավալների ավելացման շուրջ բանակցում է KfW բանկի հետ:

2. Սկզբունքորեն համամիտ լինելով պնդման հետ, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է խրախուսել վարկային ռեսուրսների մատչելիությունը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ իմպերատիվ եղանակով ավանդների եւ դեպոզիտների ներգրավման տոկոսադրույքներ սահմանելը կարող է որոշ չափով խախտել ֆինանսական շուկայի հավասարակշռությունը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ ԿԲ-ի հետ` գործարար միջավայրի աշխուժությունը խթանելու նպատակով ընդլայնողական քաղաքականություն վարելով: Մասնավորապես, վերջերս բանկերի ֆինանսական ռեսուրսները համալրելու, տնտեսության մեջ լրացուցիչ լիկվիդայնություն ներարկելու (ինչը կնվազեցնի տոկոսադրույքները) նպատակով, ՀՀ ԿԲ-ն 1.0 տոկոսային կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.25%: Իսկ ներգրավված ավանդների եւ լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար 3.25% եւ 9.25%: Պետք է նշել, որ ՀՀ ԿԲ-ն ընդլայնել է նաեւ ռեսուրսների ներգրավման իր գործիքակազմը` երկարաժամկետ ռեպո գործառույթները, պետական պարտատոմսերի առքը, արժույթի տրամադրման սվոփերը եւ այլն: Մյուս կողմից` ՀՀ

ԿԲ-ն դիտարկում է նաեւ վերաֆինանսավորման մեխանիզմների կիրառման հնարավորությունը, որոնց համաձայն՝ այդ գործընթացում նախապատվությունը կտրվի այն ինստիտուտներին, որոնք իրենց հաճախորդներին ցածր տոկոսադրույք կառաջարկեն:

3. Ձեր առաջարկը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Գաղտնիք չէ, որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի հետեւանքով ամենից ավելի տուժել է շինարարության բնագավառը, եւ այսօր անչափ կարեւոր է, որ այն էլ ավելի չտուժի նոր սահմանափակումների արդյունքում: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք հարկային վարչարարության բարեփոխումների հետագա ընթացքը շինարարության բնագավառում:

4. Կարծում ենք, այստեղ կրկնակի հարկման խնդիր չի առաջանում: Ավելին, քայլեր են ձեռնարկվել դաշտը կարգավորելու ուղղությամբ: Մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում մտցվել է դրույթ, որի համաձայն՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ շինության (բնակարան, առանձնատուն, ավտոտնակ) կամ հողամասի հատուցումով օտարումը համարվում է հարկվող օբյեկտ եւ հարկվում է: Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2009թ. փետրվարի 19-ին ընդունեց նաեւ «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 199-Ն որոշումը, որը մինչեւ վերջ կարգավորեց դաշտը՝ ֆիզիկական անձին հնարավորություն տալով նաեւ երկրորդ տան վաճառքի ժամանակ այն գնելուց կառուցապատողին նախկինում վճարած ԱԱՀ գումարը հաշվանցել: Ինչ վերաբերում է եկամտահարկին, ապա օրենսդրությամբ ընդհանրապես նախատեսված չէ «մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ շինությանգ» դեպքում հարկման դրույթ: Ամեն ինչ հանգելու է նրան, որ գործարքների վերլուծության արդյունքում բացահայտված չգրանցված ձեռնարկատիրական գործունեության համար կկիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, այն է` ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հասույթի 50 տոկոսի չափով տուգանք: Իսկ եթե գործունեությունը տնտեսական-ձեռնարկատիրական չէ, ապա եկամտահարկի հարց այսօր էլ չի առաջանում: Նպատակահարմար է հստակեցնել Եկամտահարկի մասին օրենքն այնպես, որ մեկից ավելի տուն կամ ավտոմեքենա վաճառած ֆիզիկական անձը գրանցվի հարկային մարմնում ու ներկայացնի իր եկամուտների հայտարարագիրը, հարկային հաշվետվությունները: Այդ դեպքում օրենքի որոշ հստակեցումները նրան հնարավորություն կտան համապատասխան փաստաթղթերով որպես ծախս ցույց տալ կառուցապատողին կամ ավտոմեքենայի նախորդ սեփականատիրոջն իր վճարած գումարը:

5. Թույլ տվեք շարադրել մեր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ. եթե գույքը հասարակական կամ արտադրական է, նշանակում է՝ արդեն գտնվում է «բիզնես» միջավայրում, եւ, նաեւ հետագա նորմալ փաստաթղթաշրջանառության իմաստով, արժե այն հարկել սովորական կարգով: Ժամանակին օրենսդրությունը չի պնդել, որ գնորդ ֆիզիկական անձը լինի ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր, իսկ հիմա նաեւ հարկեր չի գանձում, այնինչ գնային տարբերությունն այս տարիներին շատ մեծ է: Այս համատեքստում կարելի է քննարկել արտադրական, հասարակական նշանակության շինություններից, նրանց կանոնադրական կապիտալ դնելու պարագայում, ԱԱՀ չպահանջելու հարցը, ինչը կնպաստի.

– արժեթղթերի շուկայի աշխուժացմանը,

– ներքին կապիտալ ծախսերի գծով ԱԱՀ-ի հետաձգումների այս մասով «թեթեւացմանը» եւ այլն,

– բաժնետոմսեր թողարկողի հաշվապահական հաշվառման պարզեցմանը:

Բացի այդ, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ այս պարագայում կխաթարվի ԱԱՀ-ի ամբողջ շղթան: Այլ հարց է, որ գնորդի համար ծանր կլինի վճարել «+20 տոկոս»: Սրա համար կա այլ նախադեպ. 300 մլն ու ավելի դրամ ներդրումային ապրանքների ՀՀ ներմուծման ժամանակ սահմանին երկարաձգվում էր ԱԱՀ-ի վճարումը: Բացի նշվածից, արված առաջարկը խտրական կլինի իրավաբանական անձանց համար:

Սույն կետում նշված երկրորդ առաջարկը որոշակիորեն կրկնում է առաջարկությունների

4-րդ կետը, որի մասին արդեն իսկ կարծիք ներկայացվել է:

6. Կարծում ենք, որ տվյալ առաջարկը կլինի հետադարձ քայլ, ինչի մասին խոսում են վերը նշված մեկնաբանությունները: Բացի այդ, եթե հիմք ընդունենք 3-րդ առաջարկությունը, ապա ֆիզիկական անձը ընդհանրապես պետք է կառուցապատող չդառնա, հետեւաբար այս հոդվածն էլ կմնա «անգործ»:

7. Արված առաջարկությունն առնչվում է լուրջ հիմնախնդրի հետ: Այստեղ նախ եւ առաջ պետք է գնահատել բյուջեի վրա հնարավոր ազդեցությունը եւ «հարկային մուտքերից խուսափելու» հնարավորությունները: Չէ՞ որ առաջարկվում է ազատել ոչ միայն շինությունների օտարումը, այլ ընդհանրապես հիմնական միջոցները, ինչպես նաեւ «այլ ակտիվները», այսինքն՝ այն ամենը, ինչը արտադրանք ու առեւտրի ապրանք չէ: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է քննարկել հետեւյալը.

– սահմանափակել ազատման շրջանակը,

– այն կիրառել միայն որոշակի ներդրումային ծրագրերի շրջանակում, օրինակ, 1 մլրդ եւ ավելի դրամ արժողությամբ ծրագրերի դեպքում կառուցապատողներին ԱԱՀ-ն ու սոցիալական ապահովության պարտադիր վճարը ետ վերադարձնելու վերաբերյալ այժմ քննարկվող մեխանիզմը,

– ազատել ոչ ամբողջովին, այլ մի մասը թողնել` հաշվառման բավարար մակարդակ ապահոված լինելու համար:

8. Համաձայն ենք, որ հարկային օրենսդրության մեջ ռիելթորական ընկերությունների առանձնահատկությունները հաշվի չեն առնված: Բայց այսօր ներդրումային հիմնադրամների օրենսդրության ներքո նման գործարքների իրականացման համար այլ հնարավորություններ են ի հայտ գալիս: Միգուցե հնարավոր է հիշյալ օրենսդրության շրջանակում դիտարկել առաջարկն այն ժամանակ, երբ ֆինանսական դիտարկման ինստիտուտի ներքո պետությունը կկարողանա ապահովել համապատասխան հսկողություն: Նման բանի անհրաժեշտություն կա նաեւ բանկերի համար, քանի որ դրանք մի դեպքում՝ գրավադրված գույքի սեփականատեր են դառնում, իսկ մեկ այլ դեպքում` ոչ:

9. Հասարակական հիմունքով աշխատող հատուկ խմբերի ստեղծման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ արդեն իսկ գործում են, օրինակ, Գործարարության աջակցման, Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդները, որտեղ ներգրավված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ գործարար եւ գիտական աշխարհի ներկայացուցիչներ: Ավելին, պետք է նշել, որ նման հասարակական խորհուրդներ գործում են նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Մենք բոլոր հասարակական կազմակերպությունների, մասնավորապես՝ մասնագիտական ուղղվածություն ունեցողների հետ պատրաստ ենք անկեղծ երկխոսության:

10. Առաջարկությունն արժանի է քննարկման: Նշենք միայն, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Օպերատիվ շտաբ, որի հիմնական առաքելությունը ժամանակավոր դժվարություն ունեցող բիզնեսին աջակցությունն է: Վերջինիս գործունեության շրջանակում քննարկվում են նաեւ հեռանկարային ներդրումային ծրագրերը: Ինչ վերաբերում է հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրներին, ապա այս ուղղությամբ լուրջ աշխատանք է արված: Մասնավորապես հարկ է նշել 2008-2011թթ. հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը, ՀՀ կառավարության 2008թ. «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» 26 հունիսի 2008թ. թիվ 775-Ն որոշումը եւ համապատասխան միջոցառումների ծրագիրը, ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 8-ի թիվ 941-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկը: Իսկ արդեն կատարված միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ կառավարության պաշտոնական կայքից` www.gov.am, որտեղ զետեղված է հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին ամփոփ հաշվետվությունը:

Հարգանքով`
ՀՀ վարչապետ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ