Հանգստի թեմային անդրադառնալու առնվազն երկու հիմնավորում կա. նախ` ամառ է. հանգստի են փորձում մեկնել բոլոր նրանք, ում գրպանում, թաշկինակից բացի, կա նաեւ հանգստանալու համար անհրաժեշտ գումար: Երկրորդ` մեկամսյա արձակուրդի դիմումներ են ներկայացրել անգամ կառավարության անդամները` անմիջապես արժանանալով ՀՀ վարչապետի «արժանի» հակահարվածին` սահմանափակե՛լ հանգստի տեւողությունը եւ ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Եթե հավատանք վարչապետին, ապա ամռանը կառավարությունը պետք է աշխատի` առանց իրեն խնայելու: Սակայն կառավարության անդամներին առաջարկել ամառային հանգիստը կազմակերպել բացառապես Հայաստանում, վարչապետի կողմից այնքան էլ նրբանկատ չէ:
Մայրաքաղաքի բանուկ մասերում հանդիպող գովազդային պաստառները կանչում են մատչելի եւ հաճելի ճամփորդության` Եգիպտոս, Իտալիա, Կիպրոս, Թուրքիա… Տուրիստական գործակալություններն այսպիսով թերեւս ակնարկում են, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո հատկապե՛ս հանգիստ է պետք: Նախընտրաբար` Հայաստանից դուրս:
Որեւէ պաստառ հայաստանցիներիս չի հրավիրում հանգստանալու սիրելի հայրենիքի գողտրիկ անկյուններից մեկում: Պատճառը հասկանալի է` Հայաստանում հանգիստը չի կարող լինել միանգամից եւ՛ հաճելի, եւ՛ մատչելի: Այն կա՛մ մատչելի է եւ ոչ հաճելի, կա՛մ հաճելի է եւ, համապատասխանաբար, ոչ մատչելի: Ի դեպ, մեր շատ ազնիվ համաքաղաքացիներին անհանգստացնում է ոչ թե այն, որ մեր հայրենիքում հանգստանալը հայերիս մատչելի չէ, այլ այն, որ մայրաքաղաքում գովազդային պաստառներն առաջարկում են հանգիստը կազմակերպել Թուրքիայում: Սա այն դեպքն է, երբ ստիպված ենք դարձյալ վերհիշել Երեւանի ավագանու ընտրությունները:
«Ես ամաչում եմ, որ հայ եմ»,- Երեւանի ավագանու ընտրություններին իրենց աչքի առաջ լցոնումներին եւ հանձնաժողովի անդամների վարքին, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիտորդի, այսպես են արձագանքել շատ ընտրողներ: Ի դեպ, մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր, իրո՛ք, ժամանակ առ ժամանակ ազգությունը փոխելու կարճ եւ ոչ ծախսատար ճանապարհներ են որոնում: Հետաքրքիր է` կունենա՞ն այս մարդիկ հոգեբանական պատնեշ, երբ որպես հանգստի վայր ընտրեն ոչ թե հայ չինովնիկներին եւ օլիգարխներին պատկանող հանգստյան տները, այլ, դիցուք, հարեւան Թուրքիայի որեւէ ծովափնյա քաղաք:
Կարծում ենք` ոչ, քանի որ ազգությունն առանց ժամանակ կորցնելու փոխելու ցանկություն առաջանում է հատկապես այն պահերին, երբ չես կարողանում հասկանալ` ինչո՞ւ են միջոցներդ ներում հանգստանալ Թուրքիայում, իսկ Հայաստանում` ո՛չ: Ի դեպ, հանգստի աշխարհագրությունը սահմանափակելու ներքին հրաման իր կառավարության անդամներին ժամանակին տվել էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա չէր պարտադրել ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում, այլ միայն հորդորել էր հանգստանալու նպատակով չմեկնել Թուրքիա: Հիմնավորումը, ենթադրաբար, պարզ է` հիշե՛ք Ցեղասպանության փաստը: Եվ հետո, ամենեւին չի բացառվում, որ Անթալիայի հյուրանոցում Հայաստանի կառավարության անդամին սպասարկող ոմն Ալիի կամ Լեյլայի պապն անձամբ մասնակցած լինի կոտորածներին:
Հայ-թուրքական հարաբերությունների պարզեցման այս փուլում մեր հայրենասեր հայրենակիցների բարձրացրած հարցը` ինչո՞ւ պետք է Երեւանի փողոցներում կախված լինեն Թուրքիայում հանգստանալու հրավերներ, մեզ թույլ ենք տալիս համարել անաքրոնիկ: Տեղին կլիներ հարցը բարձրացնել հակառակ կողմից. ինչո՞ւ պետք է Հայաստանում հանգիստն այնքան թանկ լինի, որ մեր հայրենակիցները նախապատվությունը տան Թուրքիային եւ Վրաստանին: Ի դեպ, նույն տրամաբանությամբ, կարելի է բոյկոտել հանգիստը նաեւ Վրաստանում, եթե հիշենք ջավախահայերի խնդիրները, վրացիների կողմից յուրացված հայկական հուշարձաններն ու եկեղեցիները: Եվ, որ պակաս կարեւոր չէ, Վրաստանում չգիտեն դոլմա պատրաստել…
Դրսում 21-րդ դարն է. հայրենիքի հանդեպ հարգանքն ու սերը զիջում են պարզ հաշվարկին. հայը հային վատ է սպասարկում, հայը հայի հանգիստը կազմակերպելու համար անտրամաբանական մեծ գումար է պահանջում, հայը հային խաբում է, թուրքերը` ոչ: Թուրքիայում հանգստանալն անհամեմատ էժան է, սպասարկումը քաղաքակիրթ է, եւ այնտեղ, ծովի ափին, ոչինչ չի հիշեցնում հայաստանյան իրականությունը: Իսկ լիարժեք հանգստի համար մեզ` հայերիս, ավելին կարծես պետք էլ չէ:
Այնպես որ, վստահ ենք, հայ չինովնիկներն ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելուց կգերադասեն քրտնաջան աշխատանքը: Թերեւս, բացառությամբ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ում Հայաստանը Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող միջազգային բիզնես եւ տուրիստական կենտրոն է թվում: