Բարձր գներ՝ ցածր միավորներով

20/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ընդամենը երեք օրից կավարտվի քննական մարաթոնը: Այս տարի այն ոչ միայն աղմկահարույց է, այլեւ վիճահարույց:

Կրքերը հատկապես բորբոքվեցին հայոց լեզվի քննությունից հետո: Ու մինչ շատ դիմորդներ դեպրեսիվ վիճակում տնից դուրս չէին գալիս, հանդիսատես-ծնողները սկսեցին ակտիվորեն պայքարել: Այդ ընթացքում ոմանք փորձում էին հաշվել «անվանի» ու մեծահարուստ մարդկանց երեխաների բարձր գնահատականները, ոմանք էլ վերլուծում էին թեստը: Դրան հաջորդող մաթեմատիկայի քննությունն էլ ավելի բորբոքեց ծնողներին: Թե ի՞նչ եղավ արդյունքում, արդեն գիտեն բոլորը. հայոց լեզվի քննական թեստի մեջ «Փարվանա» կամ «Թմկաբերդի առումը» պատասխանած դիմորդների միավորներին գումարվեց 0,25 միավոր, իսկ մաթեմատիկայի քննական թեստի 58,59,60,61 առաջադրանքները չլուծած կամ սխալ լուծած դիմորդների միավորները համարվեցին դրական, այսինքն` գումարվեց այնքան միավոր, որքան նախատեսված է տվյալ առաջադրանքի համար: Հետո լուրեր տարածվեցին, թե իբր Կրթության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այս տարվա ընդունելության քննության անցողիկ միավորների շեմը լինելու է 6,5 միավորը: Դրան ավելացավ եւս մեկ լուր` ՀՀ նախագահը հայտարարել է, որ այս տարի բոլոր դիմորդներն ընդունվելու են` իբրեւ պատերազմի ժամանակ ծնված սերունդ: Ավելի ուշ ծնողները, դժբախտաբար, ստիպված էին հասկանալ, որ այդ ամենը որոշ մարդկանց երեւակայության արդյունքն է, եւ ինչպես ամեն տարի՝ միավորների նվազագույն շեմը լինելու է 7,5-ը, դիմորդներից էլ անցնելու են նրանք, որոնց միավորները համապատասխանում են տվյալ բաժնի համար: Երեկ մեկնարկեցին նաեւ հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից քննությունները: Ընդ որում` նախատեսված էր, որ հայոց պատմությունից քննություն է հանձնելու 3573 դիմորդ, իսկ քիմիայից` 1330: Սա քննական մարաթոնի նախավերջին օրն էր: Այս անգամ քննություններին հետեւեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծանոթացավ քննական ընդհանուր մթնոլորտին, պայմաններին, լսարաններին ու կահավորանքին: Ս. Սարգսյանը երեկ ներկա գտնվեց երկու դահլիճներում քննական թեստերի բացմանը: Դրանք շրջանավարտներին բաժանվելուց հետո ծանոթացավ «Հայ ժողովրդի պատմության» թեստային առաջադրանքներին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ներկայացրեց քննական պատկերը նախորդ տարիների համեմատ, ըստ որի` այս տարի միջին միավորներն ավելի ցածր են: «Անգամ օտար լեզուներից այս տարի առավել բարձր միավորները ցածր էին նախորդ տարվա համեմատ. օտար լեզուներից այս տարի եղել է 1300 գերազանց գնահատական, ինչը 400-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա: Իսկ մինչ հունիսի 23-ին ռուսաց լեզվի քննությամբ քննությունները կեզրափակվեն, նկատենք որոշ փոփոխություններ, որոնք գուցե մնացել են աննկատ: Նախ՝ այն, որ տարեցտարի նվազում է անվճար եւ վճարովի տեղերի համար միավորների քանակը, սակայն սրան զուգահեռ՝ որոշ բուհերում աճում են վարձավճարները: ՀՊՃՀ-ում այս տարի ընդհանուր վճարները բարձրացան 5 տոկոսով: Սա, ըստ ՀՊՃՀ-ի ֆինանսների գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանի, պայմանավորված է գների բարձրացման, կոմունալ ծախսերի վճարումների հետ: Լ. Հովհաննիսյանի ասելով, վերջին շրջանում էլեկտրաէներգիայի եւ ջրի թանկացումները պատճառ են դարձել վարձավճարների թանկացման: «Բուհն ամսական օգտագործում է 5,5մլն դրամի էլեկտրաէներգիա: 23մլն դրամի ջուր: Իսկ վերջին թանկացումների հետ կապված, մենք ստիպված էինք բարձրացնել վճարները: Սա չենք արել, որ աշխատողների աշխատավարձերը բարձրացնենք»,- նշեց Լ. Հովհաննիսյանը: Թանկացումներ են կատարվել նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ այս տարի ընդունելության քննություններն անց են կացվելու հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը: Այստեղ ուսման վարձը հասել է 600 հազար դրամի: Սա, կոնսերվատորիայի վճարովի համակարգի գծով պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի հավաստմամբ, պայմանավորված է ոչ թե կոմունալ վճարումների ավելացումով, այլ պետպատվերով տեղերի թանկ լինելով։ «Կոնսերվատորիա դիմում են հիմնականում մտավորականների երեխաները, ովքեր միջին հնարավորությունների տեր են: Մենք այլ ելք չունենք, քանի որ մեզ մոտ մեկ պետպատվերի տեղի համար պետությունը ծախսում է 900 հազար դրամ, իսկ մեկ վճարովի տեղի համար բուհը ծախսում է 500 հազար դրամ: Տարբերությունը շատ մեծ է»,- ասաց Ս. Սուքիասյանը: Վարձավճարների բարձրացում է կատարվել նաեւ ՀՊՏՀ-ում, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, ՀՊՄՀ-ում: