Խուճապի պատճառ չկա

20/06/2009

Հունիսի 18-ի Գառնու երկրաշարժից հետո մոտավորապես նույն գոտում գրանցվել է թույլ ուժգնությամբ 11 հետցնցում: Վերջին ցնցումը տեղի է ունեցել երեկ առավոտյան ժամը 08:44-ին:

Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, թե դրանք բնական սեյսմիկ ցնցումներ են, որոնք էլ հիմք են տալիս ասելու, որ «հանրապետությունում սեյսմիկ էներգիայի մարում է տեղի ունենում»: Նրա հավաստմամբ` անհանգստության եւ խուճապի պատճառ այլեւս չկա: Հ. Պետրոսյանի դիտարկմամբ` երկրաշարժ կանխատեսելը չափազանց բարդ է, չնայած նրան, որ աշխարհի գիտնականներն այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: «Մենք այդ աշխատանքները կշարունակենք, քանի որ շատ անլուծելի թվացող հարցերի պատասխաններ գիտնականներն, ի վերջո, ստացել են»,- ասել է նա: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով էլ` աշխարհի ողջ գիտական միտքը երկար տարիներ զբաղված է եղել երկրաշարժերի կանխատեսմամբ, սակայն այսօր դեռեւս էական հաջողություններ չկան, եւ հնարավոր չէ գուշակել, թե որ ժամին եւ որ տարածքում երկրաշարժ կլինի: Հունիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ առաջացած խուճապը, ըստ Ն. Գրիգորյանի` բնական է, քանի որ «Սպիտակի ավերիչ երկրաշարժ տեսած եւ վախեցած ժողովրդին ավելի հեշտ է վախեցնել», սակայն մյուս կողմից էլ՝ նա բնակչությանը հորդորեց հետեւել տեղեկատվությանն ու չհավատալ տարածվող լուրերին եւ խուճապի չմատնվել: «Տեղեկատվական ահաբեկչություն ծավալողների մի խումբ կա, ովքեր հաճախ հաջողությունների են հասնում: Նման իրավիճակ գրանցվեց 2 տարի առաջ, երբ եղանակների կտրուկ փոփոխությունը ոմանք կապում էին սպասվող աղետի հետ: Իրավապահ մարմինների միջամտությունն այստեղ այնքան կարեւոր չէ, որքան բնակչության իրազեկվածության հարցը: Եթե ունենք իրազեկման անհրաժեշտ մակարդակ, խուճապի չենք ենթարկվի»,- երեկվա ասուլիսում նշել է Ն.Գրիգորյանը` կարեւորելով կառավարման մարմինների` երկրաշարժերին եւ այլ աղետներին պատրաստ լինելու հարցը` նկատելով, թե, ի վերջո, աղետը կարող է սպառնալ ցանկացած պահի: Հ.Պետրոսյանը հիշեցրել է, որ առաջին եւ միակ ավերիչ երկրաշարժը Երեւանը տեսել է 1679թ. հունիսին: Այդ ժամանակ դարձյալ Գառնիում գրանցված երկրաշարժը, որի ուժգնությունն ըստ Ռիխտերի սանդղակի եղել է 7.0 բալ, ավերել է նաեւ մի շարք քաղաքներ եւ գյուղեր: Զգալիորեն տուժել է նաեւ մայրաքաղաքը: Դրանից հետո Գառնու օջախում չեն գրանցվել ավերիչ երկրաշարժեր, իսն 2008թ. եղել է ընդամենը 3.3 մագնիտուդով: Երեկվա երկրաշարժը նույնպես, ըստ մասնագետի, հարել է Գառնու խզվածքին: «Երեւանի երկրաշարժ ասելով` պետք է հասկանանք, որ մայրաքաղաքում սեյսմիկ օջախ չկա: Մոտակա հայտնի սեյսմիկ օջախը Փարաքարում է, որը հարում է Երեւանի խորքային բեկվածքին: Այն բնորոշվում է թույլ ցնցումներով, ամենաուժեղ ցնցումը եղել է 4.5 մագնիտուդ` 6 բալի սահմաններում: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Փարաքարի օջախից վտանգ չի սպասվում»,- բացատրել է նա: Հ.Պետրոսյանի խոսքով` սեյսմիկ ծառայությունը մշտական կապի մեջ է ԱՄՆ եւ այլ երկրների, անգամ` Թուրքիայի սեյսմոլոգիական կառույցների հետ, ունի նաեւ սեյսմակենսաբանական լաբորատորիա, որտեղ հազվագյուտ տեսակի բրազիլական թանկարժեք ձկներ են պահվում. այս երկրաշարժից առաջ ձկները որեւէ անհանգստություն չեն ցուցաբերել: Անդրադառնալով սեյսմակայուն շինարարությանը` Հ.Պետրոսյանը նշել է, որ Երեւանում կառուցվող նոր շենքերը բավականին որակյալ են, քանի որ դրանց շինարարության ժամանակ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ, նախագիծն անցնում է համապատասխան փորձաքննություն, իսկ շինարարության վիճակը վերահսկվում է Քաղաքաշինության նախարարության կողմից: