Ավերված «քաղաք»

19/06/2009

Հունիսի լույս 19-ի գիշերն անհայտ անձինք հիմնահատակ ավերել են, այսպես կոչված, «ճաղավանդակների քաղաքը», որը Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիի Հավլաբարի շրջանում կազմակերպել էր Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ըստ ընդդիմադիրների մտահղացման, որոնք ձգտում են հասնել Միխայել Սահակաշվիլու պաշտոնաթողությանը, իրենց տեղադրած վանդակները՝ հանպատրաստից «բանտախցերը», կոչված են խորհրդանշելու Վրաստանի վերածումը «ոստիկանական պետության»: Ընդդիմության այն ակտիվիստները, որոնք գտնվել են պատահարի վայրում, լրագրողներին հայտարարել են, որ հարձակվողները եղել են քաղաքացիական հագուստով եւ ոստիկանական համազգեստով: Ըստ ընդդիմության տվյալների՝ հարձակման հետեւանքով տուժել է հինգ ընդդիմադիր: Ընդդիմության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ գործողության մասնակիցներին տարել են անհայտ ուղղությամբ, սակայն Ոստիկանությունը չի հաստատում ձերբակալման փաստը: Պատահարի վայր են ժամանել ընդդիմության առաջնորդները, որոնք տեղի ունեցածը գնահատել են որպես իշխանությունների կողմից սադրանք եւ պահանջել են հրապարակել նախագահի նստավայրի պարագծով տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: «Պատահածը ճնշում է խաղաղ գործողության մասնակիցների վրա»,- հայտարարել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին, որը նույնպես մեկնել է պատահարի վայր: