«Պաշտոնական Վարշավայի արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից մեկը արեւելաեվրոպական երկրների ժողովրդավարացմանն ու տնտեսական ձեւափոխմանն աջակցելն է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, The Wall Street Journal պարբերականի եվրոպական հրատարակության վերջին համարում հրապարակված հոդվածում գրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: 2009-ի գարնանը Եվրոպական խորհուրդը, ապա մայիսին Պրահայում` Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հավանություն են տվել Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ համագործակցությունը ընդարձակելու մասին Շվեդիայի եւ Լեհաստանի առաջարկին: Ըստ Ռադոսլավ Սիկորսկու, վեց երկրների ժողովրդավարական բարեփոխումներին նպաստելու համար ակտիվ ներգրավման հայեցակարգի հիմքում այն համոզումն է, որ տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը առանցքային նշանակություն ունեն ամբողջ աշխարհամասի համար: «Եվրամիության արեւելյան հարեւանները Եվրոպային են պատկանում ոչ միայն աշխարհագրական առումով, այդ երկրների քաղաքացիները իրենց եվրոպացի են համարում, քանզի ունեն համատեղ կենսափորձ ու մշակույթ, բացի այդ, իր դերն է կատարում նաեւ այն գործոնը, որ նրանցից շատերը քրիստոնեական արմատներ ունեն,- գրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը` հավելելով,- Սակայն ի տարբերություն Եվրամիության երկրների՝ դրանցում չկա անհրաժեշտ աստիճանի ժողովրդավարություն, թույլ եւ անարդյունավետ են իրավական հաստատությունները, թերզարգացած է քաղաքացիական հասարակարգն ու տնտեսությունը»: Ըստ Սիկորսկու, թեեւ Եվրամիությանը այդ երկրների անդամակցության հարց օրակարգում դեռ չկա, Լեհաստանում համոզված են, որ դրա հեռանկարը պետք է բաց մնա: «Ինչպես Լեհաստանի փորձն է վկայում, անդամակցության հեռանկարը բարեփոխումների հզոր խթան է»,- գրել է Սիկորսկին` այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին:
«Որքան արագ լինի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը Եվրամիության հետ, այնքան ավելի արագ Ռուսաստանն էլ կընտրի եվրոպամետ կողմնորոշումը»,- կարծիք է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: