Հունիսի 18-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ, եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, պարզվել է, որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետեւանքով գետն են ընկել 1992 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը եւ 1979 թ. ծնված, Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ Զ. Ծատուրյանը: Ժամը 17։50-ին Արեւածագ գյուղից 5-6 կմ հեռավորության վրա` Ձորագետի կիրճում հայտնաբերվել է Զ. Ծատուրյանի դիակը, որը ժամը 22։00-ին դուրս է բերվել կիրճից ու հանձնվել իրավապահ մարմիններին: Ա. Հովհաննիսյանի որոնողական աշխատանքները երեկվա դրությամբ արդյունք չեն տվել: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: