Այսօր Հայաստանի ամենավառ ու ինքնատիպ նկարիչներից մեկի՝ Էդուարդ Խարազյանի հոբելյանն է: Մաեստրոն իր 70-ամյակը բավականին լուռ է տոնում` խուսափելով իր անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացնելուց: Թբիլիսիում ծնված նկարիչը երիտասարդ տարիքում Հայաստան է տեղափոխվել` իր արվեստով հարստացնելով 1960-ականների փայլուն հայ նկարիչների ներկապնակը: Է.Խարազյանն այն եզակի նկարիչներից է, ում անունը հայտնի է ոչ միայն հայրենիքում, այլեւ` Եվրոպայում եւ Ամերիկայում: Ազգային կոլորիտն ու ժամանակակից արվեստի ֆորմաները նրա արվեստում այնքան օրգանիկ ու նրբորեն են համադրվում, որ թվում է` իրական աշխարհը ընդլայնում է իր սահմանները ու վերածվում է նորագույն հեքիաթի: Է.Խարազյանը փիլիսոփա-նկարիչ է, ում համար իրականն ու հորինվածը ընդամենը նշաններ ու կոդեր են` դեպի բնության ու մարդու էությունը պատուհան բացելու համար: Պատուհանը, բեմը, վարագույրը, ստվերը, առարկաներն ու մարդիկ այն դետալներն են, որոնց օգնությամբ Է.Խարազյանը կարծես կառուցում է նորագույն հայկական մանրանկարչությունը, որը միաժամանակ զարմանալի ազգային ու համամարդկային է: