Բուժիչ նամակներ

19/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Հապալասը (բուզինա) ժողովրդական բժշկության մեջ

Հապալասը մշտադալար թուփ է՝ 15-40սմ բարձրությամբ, առատ ճյուղերով: Ծաղկում է մայիս-հունիսին եւ հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին: Հապալասը հատապտուղների ու մրգերի մեջ զբաղեցնում է առաջին տեղը մանգանի պարունակությամբ: Նրա մեջ շատ երկաթ կա, իսկ Ա վիտամինի քանակը 2 անգամ շատ է, քան կաթի մեջ: Այն դեռեւս միջնադարից օգտագործվել է որպես դեղամիջոց: Բուժական նպատակով օգտագործում են հապալասի տերեւները, կեղեւն ու պտուղները:

Ուշադրություն. այս բույսի պոչերը չի կարելի օգտագործել, այն պարունակում է ցիանիդ, որը թունավոր է:

Ժողովրդական բժշկության մեջ հապալասի ծաղիկներից ու պտուղներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես ջերմիջեցնող, քրտնամուղ, միզամուղ: Իսկ ամբողջ բույսից (արմատ, ծաղիկներ, տերեւներ) պատրաստված թուրմը օգտագործվում է որպես նյութափոխանակությունը կարգավորող միջոց: Այս բույսի տերեւները կաթի մեջ եփելով, նախկինում լավ միջոց էր համարվում այրվածքների դեմ: Հապալասից պատրաստված պրեպարատներն ու թուրմերը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին ու նրանց, ովքեր աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ ունեն:

Երիկամային հիվանդություններ ունեցողներին օգտակար է հապալասի կեղեւից պատրաստած թուրմը: Հապալասի կեղեւի 5գ փոշու վրա ավելացնել եռացրած ջուր ու թրմել թերմոսում 5-6 ժամ: Այնուհետեւ քամել ու խմել օրվա մեջ 4-5 անգամ` 100 գ: Այն շատ լավ օգնում է երիկամային հիվանդությունների հետեւանքով առաջացած այտուցներին ու բորբոքային պրոցեսներին:

Բերանի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ շատ լավ օգնում են հապալասի խառնուրդով ողողումները: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 20գ հապալասի ծաղիկներ, եղեսպակի տերեւներ, փիփերթ ու լավ խառնել: Այնուհետեւ այս խառնուրդից 20գ-ի վրա լցնել եռջուր ու թրմել, հետո ողողել բերանը:

***
Առաջարկում ենք օրգանիզմը ճարպային եւ աղային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկն ու սրտի կաթվածը կանխող ու նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան բուժամիջոց:

100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը կամ (եգիպտացորենի թելիկները) եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով աղալ եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան այս խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լ ջուր եւ թրմել թերմոսում 30-40 րոպե: Ապա քամել ու 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել: Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել, չխմել: Գործողությունը կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել` նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այս բուժամիջոցն օգտակար է նաեւ տեսողությանը: Ի դեպ` այն շատ-շատերի կողմից փորձված միջոց է:

Բանջարեղենային բեռնաթափման օր

Կարելի է ասել` այսօր բազմազան դիետաների համաճարակ է տարածված, որոնցից շատ քչերն են օգնում նպատակին հասնել` առանց վնաս հասցնելու օրգանիզմին: Առաջարկվող բանջարեղենային բեռնաթափման ձեւը շատ դրական ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա:

Դրա համար պետք է օրվա ընթացքում ուտել 1,5կգ ցանկացած բանջարեղեն, միայն ոչ կարտոֆիլ, խմել մասրահյութ ու խոտաբույսերով թեյ:

Օգնում ենք երեխաներին

Երեխայի դիաթեզի դեպքում տալ սեւ բողկի հյութ` սկսած 1 կաթիլից: Չափաբաժինն ավելացնել ամեն օր 2 կաթիլով ու հասցնել մինչեւ 1 ճաշի գդալի: Հյութը տալ օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Դիաթեզին օգնում է նաեւ մի այլ բաղադրատոմս: Ձուն լվանալ, եփել 5 րոպե, ապա սառեցնել, մաքրել կեղեւից ու կեղեւը փայտե հավանգով այնքան ծեծել, որ փոշի դառնա: Դիաթեզի դեպքում երեխային տալ 1 թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 4-5 կաթիլ կիտրոնահյութով` 15 օր:

Երեխաների դիմադրողականության բարձրացման համար շատ լավ է պոլիվիտամինային նախաճաշը. 150գ խնձորը քերիչով անցկացնել, ավելացնել կես նռան հյութ ու սովորական ընկույզի մանրացրած 10 միջուկ եւ ուտեցնել: Այն շատ լավ օգնում է, հատկապես, երբ երեխան հակաբիոտիկներով երկար բուժում է անցել: Այն ոչ միայն երեխաներին է օգտակար, այլեւ մեծերին: