«Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր իմ անձի հանդեպ կատարել են հանցագործություններ»,- երեկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվող, քաղբանտարկյալ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ դատավորը նրան վերջին խոսքի հնարավորություն է տվել, սակայն Արզումանյանը նշել է, որ ՀՀ Քր. դատ. օր.-ում ամրագրված «վերջին խոսք» արտահայտությունը իր խառնվածքի համար անընդունելի է: «Ո՞վ է որոշում, իմ վերջին խոսքը երբ պետք է լինի: Ես իմ վերջին խոսքը դեռ հետո կասեմ: Ես հպարտ եմ իմ արարքների համար: Ես չեմ արել մի բան, որի համար պետք է զղջամ: Ես հպարտ եմ, որ ունեմ ժողովուրդ, որը ոչ է ասել կեղծիքներին եւ պատրաստ է տեր կանգնել իր ձայնին»,- հայտարարել է քաղբանտարկյալը: Ա. Արզումանյանն ասել է, որ այս դատարանը չէ, որը իրեն պետք է ինչ-որ բանի համար ների: «Իսկ ընդհանրապես ներողը Բարձրյալն է, որ դեռ կորոշի՝ Մարտի 1-ի համար ների՞ այս իշխանություններին, թե՞ ոչ»,- նշել է նա` բոլորին կոչ անելով կարդալ Նոր Կտակարանի Պողոս Առաքյալի «Խղճի կալանավորին» նվիրված հատվածը: Իսկ իր հարազատներին եւ համակիրներին Ա. Արզումանյանը հորդորել է չընկճվել` վստահեցնելով, որ սա ոչ թե իր վերջին խոսքն է կամ ինչ-որ բանի վերջը, այլ պայքարի մի փուլի ավարտը եւ նոր փուլի սկիզբը: Երեկ ինքնատիպ է եղել նաեւ քաղբանտարկյալ, նույն գործով անցնող Սուրեն Սիրունյանի վերջին խոսքը: Նա որոշել է դատարանին դասախոսություն ընթերցել չարի, չար մարդու, ստի, սուտ վկայությունների մասին: Մեջբերումներ կատարելով միջնադարյան դատաստանագրքերից` Սիրունյանը հայտարարել է, որ սուտ վկայություններ տվողներին պատժել են հենց իր վկայություններով։ «Սուտ վկայի պատիժը շատ դաժան է նաեւ Աստվածաշնչում, այն դաժան է եւ հավերժ»,- ասել է Սիրունյանը: Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավճիռը կհրապարակի հունիսի 22-ին: