«Ծալում» են մարտի 1-ի էջը

18/06/2009

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին: Նիստից հետո հրապարակվել են որոշ մանրամասներ, որոնցից պարզ է դառնում, որ այս համաներման հիմնական նպատակն իրականում ԵԽ ԽՎ նիստից առաջ եվրոպացիների աչքին թոզի հերթական չափաբաժին փչելն է: Բանն այն է, որ համաներման` ԱԺ-ին ներկայացված նախագծով ազատ են արձակվելու Մարտի 1-ի առնչությամբ ձերբակալված ոչ բոլոր քաղբանտարկյալները: Երեկվա դրությամբ պարզ էր, որ ներկայացված նախագծով համաներումը չի տարածվելու առնվազն 15 քաղբանտարկյալների` այդ թվում` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա, քանի որ նախագծում ընտրողաբար, առանց որեւէ տրամաբանության ներառվել են կամ չեն ներառվել Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածները: Ընդ որում, այդ նախագծում որեւէ հոդվածի առկայությունը կամ մյուսի բացակայությունը քննարկելը անհեթեթություն է: Առաջին հերթին՝ այն պատճառով,

որ դժվար է տրամաբանություն գտնել այն հարցում, թե ինչու է ի սկզբանե մեկ քրեական գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու միջոցով իշխանության բռնազավթման» փորձի մեջ մեղադրվող անձանց մի մասը ազատ արձակվում, մյուս մասը` ոչ: Այն դեպքում, երբ համաներում հայտարարելու անհրաժեշտությունը իշխանությունների ու նրանց սպասարկող զանազան խորհուրդների կողմից պայմանավորվում է «հասարակական համերաշխության հաստատման հրամայականով»: Երեկ ԱԺ-ում հավանության արժանացած նախագիծը տեղ-տեղ «համերաշխության հաստատման» առաջարկություն է: