Քսանամյա մղձավանջ

03/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Ամուսինս բացառիկ առողջություն ուներ»,- պատմում է Զոյա Մելքումյանը:
Զոյայի ամուսինը՝ Վազգեն Գյուրջինյանը 46 տարեկան է, մեկն է այն 3000
հայերից, ովքեր մասնակցել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման
աշխատանքներին: Ընդամենը մեկ ամիս է մնացել Չեռնոբիլում: «Ժամկետը կապ
չունի, ճառագայթը հաշված վայրկյանների ընթացքում է իր սեւ գործն անում»,-
ասում է «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գեւորգ Վարդանյանը, ով եւս
մասնակցել է փրկարարական աշխատանքներին եւ զերծ չի մնացել
ճառագայթահարումից: Չեռնոբիլից վերադառնալուց հետո Վազգեն Գյուրջինյանը
զավակ է ունեցել: «Երեխայի ծնունդից հետո էր, որ ամուսնուս մոտ ի հայտ
եկան հիվանդության առաջին նշանները,- պատմում է Զոյան,- մարմինը սկսեց
անհասկանալի ուռչել, հետո պարզվեց, որ Չեռնոբիլի հետեւանքներն են»: Աղետի
հետեւանքները փոխանցվել են նաեւ երեխային. Չեռնոբիլ մեկնած հայերից ծնված
առաջին երեխան՝ Լուսինեն, արդեն 17 տարեկան է։ Մայրը թեեւ հավաստիացնում
է, որ հասունացման շրջանից հետո երեխայի առողջական վիճակն այժմ կայուն լավ
է, բայց, միեւնույն է, միշտ վախը կա: «Ամուսնուս եթե տեսնեք, այնպիսի
առողջ արտաքին ունի, չեք պատկերացնի, թե որեւէ հիվանդություն կարող է
ունենալ, բայց ներքին օրգանները տարիների ընթացքում գնալով քայքայվում են,
այժմ ոչ մի առողջ օրգան չունի»: Ընտանիքը, բացի Լուսինեից, եւս երկու
դուստր ունի, ովքեր ծնվել են մինչ աղետը: Մեծերն ուսանող են արդեն,
Լուսինեն նոր է պատրաստվում բուհ դիմել: «Լուսինեն դպրոցում բացարձակ
գերազանցիկ էր, մեդալակիր է»,- պատմում է մայրը։ Նա մտավախություն ունի՝
հանկարծ Լուսինեն անհաջողություն չունենա ընդունելության
քննություններում՝ ծանր կտանի: «Ախր ուրիշների նման հնարավորություն
չունեինք դասախոսի մոտ պարապելու, լրիվ ինքնուրույն է պարապել»,-
տագնապում է մայրը: Ընտանիքի ամբողջ հոգսը մոր՝ Զոյա Մելքումյանի ուսերին
է, Զոյայի հույսն իր կարի մեքենան է՝ առավոտից իրիկուն կարի մեքենայի
չխկչխկոցն ապահովում է ընտանիքի ապրուստն ու հիվանդ անդամների դեղորայքի
գումարը: «Ռադիոլոգիայի ինստիտուտին կից ստեղծված «Չեռնոբիլ հիվանդանոցում
աղետից տուժածներն անվճար բուժօգնություն են ստանում, բժիշկները շատ
բարյացակամ են, սակայն բուժմանն անհրաժեշտ դեղորայքն այնքան թանկ է, որ
հաճախ անելանելի վիճակի մեջ ենք ընկնում»,- պատմում է Զոյան: Հիվանդների
արյունը պարբերաբար մաքրվում է: Հիվանդանոցն այդքանով կարողանում է օգնել:
Վազգեն Գյուրջինյանի վիճակը վերջերս գնալով վատթարացել է: «Չեռնոբիլ»
ասոցիացիան օգնել է, եւ նա այժմ բուժվում է Կիեւում, ուր հատուկ
հիվանդանոց կա ԱԷԿ-ի վթարից տուժածների համար: Այս մարդկանց միակ հույսն
այսօր այս ասոցիացիան է, որն առանձնապես շատ բան չի կարողանում անել: Սա
միակ կազմակերպությունն է հանրապետությունում, որ զբաղվում է Չեռնոբիլի
աղետից տուժած քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական
պաշտպանության եւ առողջության վերականգնման խնդիրներով: Ասոցիացիան այսօր
2000 անդամ ունի: «3000 մասնակիցներից 200-ը մահացել են, մնացածը՝ տարբեր
պատճառներով Հայրենիքում չեն, կազմակերպության անդամներից 1000-ից ավելին
հաշմանդամներ են, ճառագայթահարված ծնողներից տարբեր արատներով բազմաթիվ
երեխաներ են ծնվել։ «Չեռնոբիլցիների» մահացության թիվը գնալով աճում է»,-
ասում է Գ. Վարդանյանը: Այս մարդկանց մի մասը Չեռնոբիլ է մեկնել կամավոր,
մյուսներին գործուղել է պետությունը: «Մեծամասնությունը զորակոչվել էին
զինկոմիսարիատների կողմից վարժական հավաքների,- պատմում է Գ. Վարդանյանը,-
նրանք ռադիացիոն վտանգավոր գոտում աշխատանքներ են կատարել 3 ամիս եւ ավելի
ժամկետներում, ճառագայթման դոզան շատերի մոտ գերազանցել է թույլատրելի
սահմանները»: Պետության հրահանգով գործուղված կամ Հայրենիքի հանդեպ իրենց
պարտքը կատարած այս մարդիկ աղետի գոտուց վերադարձել են հոգեկան ու
առողջական խեղումներով ու այսօր բոլորովին անպաշտպան են, չունեն ոչ մի
կարգավիճակ, նրանց ընտանիքները հիմնականում սոցիալական ծանր կացության մեջ
են: «Հայաստանն առաջինն է վավերացրել 1994թ. սեպտեմբերի 9-ին ԱՊՀ երկրների
շրջանակներում «Չեռնոբիլյան եւ այլ միջուկային աղետների ու վթարների,
նաեւ՝ միջուկային փորձարկումների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված
քաղաքացիների սոցիալական պաշտպանության եւ առողջության վերականգնման
մասին» ստորագրված համաձայնագիրը, սակայն մինչ այսօր մեր
հանրապետությունում այդ համաձայնագրի հոդվածներից եւ ոչ մեկը չի
իրագործվել,- փաստում է ասոցիացիայի նախագահը։ -Մեր բոլոր
դիմում-բողոքները հանրապետության տարբեր ատյաններ մնում են անպատասխան,
լավագույն դեպքում՝ պատասխանները կրում են ձեւական բնույթ, իսկ այս
մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, եւ գնալով աճում է մահացության
թիվը»:

1986թ. ՀՀ կառավարության մի որոշումով` Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի
մասնակիցներն ընդգրկված են անվճար բուժօգնություն ստացողների ցուցակում:
«Սակայն միայն անվճար բուժսպասարկմամբ նրանց առողջության վերականգնման հետ
կապված հարցերը չեն լուծվում,- նշում է Գ. Վարդանյանը,- նրանց դեղորայք է
անհրաժեշտ՝ հաճախ՝ շատ թանկարժեք, բժշկական տարբեր միջատություններ են
անհրաժեշտ՝ վիրահատությունների տեսքով, սանատոր-կուրորտային բուժում,
հանգիստ»:

Այն մարդիկ, ովքեր Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցել են
որպես զինծառայողներ եւ ձեռք են բերել հաշմանդամության կարգ, կարգավիճակով
հավասարեցվել են Հայրենական պատերազմի հաշմանդամներին եւ օգտվել նույն
արտոնություններից: 2004-ից, սակայն, այդ արտոնություններն էլ են
վերացվել, փոխարենը տրվող փոխհատուցումը կազմում է 4500 դրամ:
Հաշմանդամության կարգ ունեցողները թոշակ են ստանում: Զինծառայողները` մի
փոքր ավելի, քան սովորական քաղաքացիները: Մնացածը, ովքեր Չեռնոբիլ են
գործուղվել քաղաքացիական հիմնարկ-ձեռնարկություններից կամ մեկնել են
սեփական նախաձեռնությամբ եւ հաշմանդամության կարգ չունեն, բոլորովին
անուշադրության են մատնված:

«Չեռնոբիլ» ասոցիացիան գործում է հասարակական հիմունքներով, գոյատեւում է
անդամավճարներով: Առայժմ շատ բանով չի կարողանում օգնել իր անդամներին:
Փորձում է գոնե այս մարդկանց իրավունքները պաշտպանելու համապատասխան
օրենսդրական դաշտ ստեղծել: ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «Չեռնոբիլյան
եւ այլ միջուկային աղետների ու վթարների, նաեւ՝ միջուկային փորձարկումների
հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների առողջության պահպանման
եւ սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծ: ԱԺ-ից դեռ ոչ մի լավ
լուր չկա: