Թեեւ ՀՀ տնտեսության անկման ու բյուջեի ընդհանուր եկամուտների վերաբերյալ պաշտոնական տվյալները գրեթե հասել են երկնիշ անկման (հունվար-ապրիլին ՀՆԱ անկումը կազմել է 9.7%, իսկ բյուջեի ընդհանուր` հարկային եւ ոչ հարկային եկամուտների անկումը` 9.9%), սակայն տնտեսության վերաբերյալ մի շարք այլ կարեւորագույն ցուցանիշների գծով երկնիշ անկումը բավականին «թունդ» է:
Խոսքը վերաբերում է ոչ միայն ներմուծմանն ու արտահանմանը, արդյունաբերությանն ու շինարարությանը, այլեւ բյուջեի հարկային եկամուտներին, որոնք 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին նվազել են մոտ 16%-ով: Այս ցուցանիշի պարագայում, սակայն, ավելի հետաքրքիր է ոչ թե անկման տոկոսների մեծությունը, այլ այն, թե հատկապես ո՞ր հարկ վճարողներն են ավելի շատ նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը` փոքր եւ միջին բիզնե՞սը, թե՞ խոշոր հարկատուները: Այսպես, եթե պարզվի, որ խոշորները տոկոսային արտահայտությամբ ավելի քիչ չափով են նվազեցրել իրենց հարկային եկամուտները, քան փոքրերը, ապա կարող ենք վստահորեն ասել, որ տնտեսական ճգնաժամի ու բյուջեն լցնելու բեռը Հայաստանում իրենց ուսերին ավելի շատ կրում են մեր խոշոր հարկատուները: Իսկ եթե խոշորները ավելի մեծ չափով նվազեցրած լինեն իրենց կողմից վճարած հարկերի ծավալը, քան հարկային մուտքերի նվազման միջին ցուցանիշն է (վերը նշած 16%-ը), ապա դա ցույց կտա, որ իրականում բյուջեի եկամուտների ապահովումը գնալով ավելի ու ավելի մեծ չափով է դրվում մանր ու միջին բիզնեսի վրա: Եվ այս դեպքում, արդեն կարող ենք պնդել, որ կառավարության, մասնավորապես` վարչապետի հավաստիացումները խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու, փոքրերին հանգիստ թողնելու վերաբերյալ ընդամենը էժանագին բլեֆներ են, եւ որ կառավարությունը աշխատում է մեկ ուղղությամբ` անել ամեն ինչ, որ խոշորները ավելի քիչ հարկեր վճարեն, քան մանր ու միջին բիզնեսը: Ցավոք, իրականությունը երկրորդ տարբերակն է, այսինքն` մեր խոշոր հարկատուները գնալով ավելի շատ են նվազեցնում իրենց հարկային վճարումները, քան բյուջեի հարկային եկամուտների նվազման միջին թիվն է: Դա երեւում է Պետեկամուտների կոմիտեի կողմից ամեն ամիս հրապարակվող Հայաստանի 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշներից: Նախօրեին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այդ խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի 2009թ. ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծությունը, որում պետբյուջե վճարված հարկերի ծավալը գումարելով նախորդ երեք ամիսների (հունվար, փետրվար, մարտ) նմանատիպ վերլուծությունների մեջ նշված բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարին՝ կարող ենք ստանալ 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին 325 խոշոր հարկ վճարողների կողմից բյուջե վճարված հարկերի մեծությունը` մոտ 58.1 մլրդ դրամ: Այս թիվը համեմատելով 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին այդ 325 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր հարկերի հետ (68.3 մլրդ դրամ), կտեսնենք, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցրել են իրենց վճարած հարկերը 24.2%-ով: Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային եկամուտները միջինում նվազել են 16%-ով: Այսինքն` մյուս հարկատուները ավելի քիչ չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը, քան այդ 16%-ը, որի արդյունքում էլ նվազման միջին թիվը եկել-կազմել է 16%: Իսկ կոնկրետ քանի տոկոսով են այդ մյուս հարկատուները` մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նվազեցրել իրենց կողմից վճարած հարկերի ծավալը: 2008-ի հունվար-ապրիլին բյուջե վճարվել է 173 մլրդ դրամի հարկ, իսկ 2009թ. հունվար-ապրիլին` 151 մլրդ դրամի հարկ: Հանելով այդ գումարներից 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը` ստանում ենք 2008 եւ 2009թթ. հունվար-ապրիլ ամիսներին մյուս հարկատուների` մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից վճարված հարկերը` համապատասխանաբար՝ 104.7 եւ 92.9 մլրդ դրամ: Այստեղից էլ երեւում է, որ մյուս հարկատուները նվազեցրել են իրենց հարկային վճարումները 11.3%-ով: Այսպիսով` Հայաստանի 325 խոշոր հարկ վճարողները 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին նվազեցրել են իրենց կողմից բյուջե վճարվող հարկերը 24.2%-ով, այն դեպքում, երբ մյուս բոլոր հարկատուները նվազեցրել են հարկերի ծավալը 11.3%-ով: Սա ցույց է տալիս, որ գնալով «բյուջեն լցնելու» գործը ավելի ու ավելի մեծ չափով է դրվում համեմատաբար միջին, ինչպես նաեւ` փոքր բիզնեսի ներկայացուցիչների վրա: Շեշտենք` համեմատաբար միջինների ու փոքրերի, վրա, որովհետեւ դրանց մեջ մտնում են նաեւ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակից 326-1000 համարները զբաղեցրած ընկերությունները, որոնցից շատերը պատկանում են այն նույն մարդկանց, որոնց պատկանում են նաեւ Հայաստանի 325 ամենախոշոր ընկերությունները: Այնպես որ, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այդ 1000 խոշոր հարկատուներից հետո եկողները իրականում մի քանի տոկոսով նվազեցրած լինեն իրենց հարկային վճարումները, կամ նույնիսկ ավելացրած լինեն դրանք, այն պարագայում, երբ մեր օլիգարխներն ու խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչները գնալով նվազեցնում են բյուջե վճարվող հարկերը:
Ոմանք կարող են պնդել, որ եթե 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը գնալով ավելի շատ է նվազում, քան հարկային մուտքերի նվազման միջին թիվն է, ուրեմն դա դրական միտում է եւ ցույց է տալիս, որ միջիններն ու փոքրերը գնալով գրավում են խոշորների ոլորտները, ավելացնում են իրենց եկամուտները` խոշորների եկամուտների հաշվին, եւ ամենախոշոր 325 հարկատուները գնալով ավելի քիչ հարկեր են մուծում: Սակայն այս պնդումը հիմնավոր չի կարող լինել, եթե անգամ հաշվի չառնենք այն, որ Հայաստանում պարզապես հնարավոր չէ «մտնել» իշխանության հետ սերտաճած օլիգարխների բիզնեսների ոլորտներ եւ այդ ոլորտներում մրցակցել: Այսպես, 325 խոշոր հարկատուների իրացման շրջանառությունը 2009-ի հունվար-ապրիլին կազմել է 527 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 532.5 մլրդ-ի փոխարեն: Այսինքն` 325 ամենախոշոր հարկատուների կողմից վաճառած արտադրանքի ծավալը այս տարվա առաջին չորս ամիսներին նվազել է ընդամենը 1%-ով: Եվ սա՝ այն դեպքում, երբ հունվար-ապրիլ ամիսների տնտեսական անկումը կազմել է 9.7%: Այսինքն` մեր օլիգարխները հաջողացրել են այնպես անել, որ տնտեսական ճգնաժամն իրենց եկամուտների վրա գրեթե ոչ մի ազդեցություն չունենա: Եվ այդ խոշոր հարկատուները, չնվազեցնելով իրենց վաճառքի ծավալները, կտրուկ (24.2%) նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը, իսկ մյուսները, ընդհանուր առմամբ ունենալով վաճառքի զգալի անկում (քանի որ ՀՆԱ-ն նվազել է 9.7%-ով), խոշորների համեմատ աննշան չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը (11.3%):