2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան հակամարտության հանգամանքների հետաքննությամբ զբաղվող Եվրամիության միջազգային հանձնաժողովի փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ հակամարտության սանձազերծման մեղավորը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Այդ մասին ասված է հանձնաժողովի փակ նյութերում, որոնք հայտնվել են գերմանական «Շպիգել» ամսագրի տրամադրության տակ: «Շպիգելում» հայտնված հանձնաժողովի փակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ հանձնաժողովի անդամները պատերազմի սանձազերծման համար մեղավորներին որոշելու հարցում նույնպես դժվարանում են, ինչպես եւ միջազգային հանրակցությունը: «Բայց հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ պատերազմը սկսել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ օգոստոսի 7-ին հարձակվելով Հարավային Օսիայի վրա»,- նշում է հրատարակությունը: Նշենք, որ Եվրամիության միջազգային հանձնաժողովը գլխավորում է շվեյցարացի դիվանագետ, Կովկասի հարցերով մասնագետ Հայդի Տալյավինին: