«MySpace»-ը կրճատում է աշխատողներին
« MySpace» սոցիալական ուղղվածություն ունեցող ինտերնետային ցանցը հաստատել է այն տեղեկությունները, որ ընկերությունում կրճատումներ են լինելու։ Ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն` «MySpace»-ի աշխատակազմը կկրճատվի 30%-ով։ Մինչ այդ 300-500 հոգու հնարավոր կրճատման մասին նշել էր «TechCrunch»-ը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրներին։ Կրճատումներն, ըստ ամենայնի, առաջին հերթին կազդեն « MySpace»-ի ամերիկյան ստորաբաժանման աշխատակիցների վրա։ Ըստ «Associated Press»-ի, աշխատանքից կազատվի 420 մարդ, ինչի արդյունքում ընկերության աշխատակազմում կմնան 1000 հոգի։ Նման որոշում ընկերության ղեկավարներն ընդունել են՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Դեռ անցյալ տարվա կեսերին «MySpace»-ը կրճատել էր իր աշխատակազմի 5%-ին, իսկ այս տարվա մայիսին՝ եւս 45 հոգու։ Նշենք, որ «MySpace»-ը պատկանում է «Fox Interactive» ընկերությանը, որն էլ մտնում է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքին պատկանող «News Corp.» կորպորացիայի մեջ։ Մինչեւ 2008թ. «MySpace»-ն իր հաճախելիությամբ առաջին տեղում էր, սակայն հետո դիրքերը զիջեց իր հիմնական մրցակցին՝ «Facebook»-ին։
«Կալաշնիկով» արտադրողները դժվարություններ ունեն
«Մոլոտ» մեքենաշինական գործարանը, որն արտադրում է հայտնի «Կալաշնիկովի» ավտոմատ-հրազենները եւ այլ մարտական ու որսորդական զենքեր, պետությունից օգնություն կստանա՝ աշխատավարձերի պարտքերը մարելու համար։ «Ռիա Նովոստին», հղում անելով Կիրովի երկրամասի նահանգապետ Նիկիտա Բելիխին, նշում է, որ ֆինանսական օգնությունը կտրամադրվի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։ «Մոլոտին» ցուցաբերվելիք պետական օգնության չափը կազմում է 440 միլիոն ռուբլի։
Կիրովի երկրամասի Վյատսկիե Պոլյանի քաղաքի ողջ բնակչությանը աշխատանքով ապահովող գործարանը միջոցների անբավարարության պատճառով այս տարի աշխատել է ընդամենը 2 շաբաթ։ Աշխատավարձի գծով պարտքը «Մոլոտում» կազմում է 181 միլիոն ռուբլի, որը երկրամասի մասշտաբով աշխատավարձի ընդհանուր պարտքերի մեկ երրորդն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարանը պարտքերը կփակի սուբսիդիան ստանալուն պես, որը նախատեսվում էր դեռ 2009թ. մարտին։ Իսկ ապրիլին ընկերության ղեկավարությունը որոշեց պարտքը մարել «բնամթերքով»՝ ալյուրով, մակարոնով, շաքարով եւ պահածոյացված մսով, մինչեւ կլինեն նոր պատվերներ։ Միեւնույն ժամանակ, Կիրովի երկրամասի դատախազությանը կից քննչական հանձնաժողովը քրեական գործ է հարուցել «Մոլոտի» գլխավոր տնօրեն Սերգեյ Բախմուրովի դեմ՝ աշխատակիցներին չվճարելու մեղադրանքով։ Եթե մեծադրանքը հաստատվի, Բախմուրովը կազատազրկվի մինչեւ 2 տարի ժամկետով։ Նշենք, որ «Մոլոտը», զենքից բացի, զբաղվում է նաեւ անտառային եւ սննդային արդյունաբերության համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ։ Ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիային, եւս 38%-ը՝ «Ռոսիմուսչեստվո»-ին։
«Michelin»-ի գործերն էլ լավ չեն
Անվադողերի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական «Michelin» աշխարհահռչակ ընկերությունը նույնպես զերծ չմնաց ճգնաժամի բացասական հետեւանքներից եւ հայտարարեց, որ առաջիկա 3 տարիների ընթացքում պատրաստվում է աշխատանքից ազատել 2800 հոգու։ Այս պահի դրությամբ «Michelin»-ն ունի ավելի քան 115 հազար աշխատակիցներ՝ ամբողջ աշխարհում։
Բացի այդ, ընկերությունը մտադիր է փակել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող իր գործարաններից մեկը։ Չնայած դժվարություններին, «Michelin»-ի ղեկավարներն ապագայի հարցում լավատես են։ Նրանք հայտարարել են, որ այս 3 տարվա ընթացքում իրենք կընդունեն 500 նոր աշխատող՝ թարմ աշխատուժի հոսք ապահովելու նպատակով։ «Michelin» ընկերությունը հիմնադրվել է 1889թ. եւ այժմ առեւտրային ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 170 երկրներում։ Ընկերության մաքուր շահույթը 2008թ. կազմել է 357 միլիոն եվրո։ Նշենք, որ կրճատումների մասին ավելի վաղ հայտարարել էին նաեւ «Michelin»-ի մրցակիցները՝ «Cintinental»-ը եւ «Goodyear»-ը։ Այսպես, «Cintinental»-ը փակել է Փարիզի մերձակայքում գտնվող իր գործարանը եւ աշխատանքից ազատել 1120 հոգու, իսկ «Goodyear»-ում առանց աշխատանքի կմնան 5000 մարդ։
Ձրի աշխատողներ՝ «British Airways»-ում
Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավիափոխադրողը՝ «British Airways»-ը, իր 40 հազար աշխատակիցներին խնդրել է 1 շաբաթից մինչեւ 1 ամիս անվճար աշխատել։ Այս մասին հաղորդում է «Sky News»-ը։ Ավիաընկերության տնօրեն Ուիլլի Ուոլշը նշել է, որ ընկերությունը ստիպած է գնացել այդ քայլին, քանի որ պայքարում է գոյատեւելու համար։ Ընկերության կորպորատիվ թերթում՝ «British Airways News»-ում, ղեկավարներն ընդգծել են, որ աշխատակիցները միայն կամավոր սկզբունքներով են որոշում՝ ընդառաջ գնա՞լ իրենց խնդրանքին, թե՞ ոչ։ Միեւնույն ժամանակ, «British Airways»-ը նշել է, որ այն մարդիկ, ովքեր կհամաձայնեն ձրի աշխատել, ապագայում ոչ մի լրացուցիչ արտոնություն չեն ունենա, եթե ընկերությունը որոշի կրճատումներ կատարել։ Ինքը՝ Ուիլլի Ուոլշը, պատրաստ է անվճար աշխատել ողջ հուլիս ամսվա ընթացքում։ Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ապա նրանք կարող են իրենց որոշման մասին հայտնել մինչեւ այս ամսվա 24-ը։ Իսկ ավելի վաղ, ընկերությունը հայտարարել էր, որ աշխատանքից կազատի 4000 հոգու՝ ծախսերը կրճատելու համար։ Մայիս ամսվա տվյալներով՝ «British Airways»-ը ռեկորդային վնասներ է կրել՝ 401 միլիոն ֆունտ (470 հազար եվրո) մինչեւ հարկումը։ Նշենք, որ «British Airways»-ում միջին աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է նրա մրցակիցների վարձատրության չափը։ Այսպես, ուղեկցորդուհին այստեղ տարեկան ստանում է միջինը 29.9 հազար ֆունտ, իսկ օդաչուն՝ 107.6 հազար։ Համեմատության համար՝ «Virgin Atlantic»-ում ուղեկցորդուհիները ստանում են 14.4 հազար (աշխատավարձը եւ պարգեւավճարները միասին), իսկ օդաչուները՝ 89.7 հազար ֆունտ ստեռլինգ։
Ընդհանրապես, ավիափոխադրումների ոլորտը ամենից շատ է տուժել համաշխարհային ճգնաժամից։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի վերջին տվյալներով՝ 2009 թվականին ավիափոխադրողների հասույթները կնվազեն 80 միլիարդ դոլարով (2008-ի համեմատ), իսկ ընդհանուր վնասները կկազմեն 9 միլիարդ դոլար։
Ամեն 10-րդը կդառնա գործազուրկ
Գերմանական «E.On» էներգետիկ ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատողների 10%-ին՝ ընդհանուր առմամբ՝ 9000 հոգու։ Նշենք, որ «E.On»-ը Գերմանիայի խոշորագույն էներգետիկ ընկերությունն է եւ ռուսական «Գազպրոմի» գործընկերը՝ «Հյուսիսային հոսանք» գազամուղի շինարարության հարցում։ Կրճատումների արդյունքում ընկերությունը հույս ունի տնտեսել 1.5 միլիարդ եվրո։ Ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել 6000 հոգու՝ Եվրոպայում, եւ 3000 հոգու՝ մյուս մայրցամաքների իր ստորաբաժանումներում։ «E.On»-ում ընդհանուր առմամբ աշխատում են 90 հազար հոգի։
Կրճատումների հարցով ընկերությունն այժմ բանակցություններ է վարում «Verdi» եւ «IG-BGE» արհմիությունների հետ։ «E.On»-ի դիտորդական խորհրդում «Verdi»-ի ներկայացուցիչ Սվեն Բերգլինի խոսքերով, կրճատումներն իրենց համար անընդունելի են՝ հաշվի առնելով, որ ընկերությունը ստանում է միլիարդավոր եվրոյի շահույթ։ 2009-ի առաջին եռամսյակում «E.On»-ի շահույթը կազմել է 2.5 միլիարդ եվրո՝ 18 տոկոսով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։
«Verdi» արհմիությունը «E.On»-ի աշխատակիցներին կոչ է արել հունիսի 18-ին բողոքի ցույց անցկացնել ընկերության շտաբ-գրասենյակի առաջ։ Ենթադրվում է, որ բողոքի ակցիային կմասնակցի 4 հազար հոգի։ Ավելացնենք, որ «E.On»-ը էներգետիկ ոլորտի ակտիվներ ունի աշխարհի մի շարք երկրներում՝ այդ թվում` Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում։ Ընկերությունը նաեւ ռուսական «Գազպրոմի» 6.4%-ի բաժնետերն է։
Լատվիայում կրճատվել են աշխատավարձերը
Լատվիայի սեյմը երեքշաբթի օրը արտահերթ նիստ է գումարել եւ հավանություն տվել բյուջեի փոփոխություններին, որոնք նախատեսում են պետական ծառայողների աշխատավարձերի եւ թոշակների նվազեցում։
Փոփոխությունների համաձայն՝ 2009թ. հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձը նվազեցվում է 20%-ով, թոշակները՝ 10, աշխատող թոշակառուների թոշակները՝ 70, իսկ աշխատող ծնողների երեխաների համար տրվող նպաստները՝ 50 տոկոսով։ Փոփոխության է ենթարկվել նաեւ հարկային քաղաքականությունը։ Մասնավորապես, եկամտահարկի չհարկվող շեմն իջեցվել է մինչեւ 35 լատ, իսկ գարեջրի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզների հարկը մեծացել է։ Փոփոխություններին կողմ են քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30։ Այս քայլերի արդյունքում Լատվիայի կառավարությունը հույս ունի պետբյուջեի դեֆիցիտը կրճատել մինչեւ 500 միլիոն լատի։ Պետական ծախսերի կրճատումն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կարողանա ստանալ միջազգային վարկի հաջորդ տրանշը՝ տնտեսության կայունացման նպատակով։
Հիշեցնենք, որ Լատվիան ճգնաժամից ամենից շատ տուժած եվրոպական երկրներից մեկն է։ Տնտեսական ճգնաժամի արդյունքում սկսվեց միջոցների արտահոսք, եւ երկիրը ֆինանսական օգնություն ստանալու համար ստիպված եղավ դիմել միջազգային ֆինանսական կառույցներին։
Ճգնաժամի երկրորդ ալիքը՝ ըստ Գայդարի
Ռուսաստանի նախկին վարչապետ, ներկայումս՝ անցումային շրջանի տնտեսության ինստիտուտի տնօրեն Եգոր Գայդարը չի բացառել համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորությունը, որը կազդի նաեւ Ռուսաստանի վրա։ «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթում գրված իր հոդվածում Գայդարը նշել է, որ չի կարելի անտեսել դեպքերի անբարենպաստ զարգացման ռիսկերը։
Նման ռիսկերի թվին ՌԴ նախկին վարչապետը դասել է կորպորատիվ պարտատոմսերի մարումը 2010 թվականին, Չինաստանի ֆինանսական շուկայում հնարավոր ճգնաժամը, ռուսական բանկերի տրամադրած վարկերի վերադարձելիության խնդիրները եւ ԱՄՆ երկարաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքների դինամիկան։ Այս գործոնները հաշվի առնելով՝ Գայդարը «ավելցուկային» է համարել ճգնաժամից դուրս գալու եւ իրավիճակի կայունացման հարցում նկատվող լավատեսությունը։
Ավելի վաղ ճգնաժամի «երկրորդ ալիք» կանխատեսել էր նաեւ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Վերջինս դա պայմանավորել էր բանկերի վարկային պորտֆելներում ժամկետանց պարտավորությունների կտրուկ աճով։ Իսկ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ճգնաժամի երկրորդ ալիքին, եթե այն տեղի ունենա։ Գայդարը նաեւ նշել է, որ Կենտրոնական բանկի եւ Ֆիննախի քաղաքականությունն առողջ էր, բայց փոքր-ինչ ուշացած։ Նրա խոսքերով, բազային տոկոսադրույքի բարձրացումը 2009թ. հունվարից ապահովել է արտարժութային պահուստների կայունությունը։ Բացի այդ, նա ողջունել է, որ երկրի ղեկավարությունը զերծ է մնացել հարկային քաղաքականության բնագավառում «վտանգավոր էքսպերիմենտներ» կատարելու գայթակղությունից։
Ճապոնացիներն աղքատացել են
Ճապոնիայի Ֆինանսների նախարարության տվյալներով՝ երկրի 127 միլիոնանոց բնակչության ամբողջական անձնական ակտիվները 2008թ. վերջին կազմել են 1410.11 տրիլիոն իեն, կամ 14.69 տրիլիոն դոլար։ 2007թ. համեմատ՝ ճապոնացիների ակտիվների արժեքը նվազել է 3.7%-ով։ Ըստ մասնագետների, նվազումը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի հետեւանքով նրանց ունեցած արժեթղթերի արժեզրկմամբ։ Անձնական ակտիվների ծավալներն իրենց մեծությամբ հավասարվել են 2002թ. մակարդակին։ Նշենք, որ այդ ակտիվների մեջ են մտնում դրամական խնայողությունները, բաժնետոմսերը, պարտատոմսերը, ապահովագրությունը եւ այլն։ Հաշվի չեն առնվում, սակայն, անշարժ գույքը, ավտոմեքենաները եւ նման կարգի մյուս ակտիվները։
«Չեմպիոնների Լիգան» տեղի չի ունենա
Հոկեյի սիրահարները հաջորդ մրցաշրջանում կզրկվեն ամենակարեւոր մրցաշարից՝ «Չեմպիոնների Լիգայից»։ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելի խոսքերով, մրցաշարի հետաձգման պատճառը ֆինանսական ճգնաժամն է։ «Վերջին ամիսների ընթացքում մենք միշտ քննարկել ենք այդ թեման եւ որոշում ենք կայացրել հաջորդ մրցաշրջանում մրցաշարը չանցկացնել։ Մեր ներդրողները ֆինանսական ճգնաժամի պատճառով խզել են 3 տարով կնքված պայմանագրերը։ Ամեն դեպքում, մենք ամեն ինչ կանենք, որ «Չեմպիոնների Լիգան» կայանա 2010-2011 մրցաշրջանում»,- ասել է Ֆազելը։ Նշենք, որ Հոկեյի «Չեմպիոնների Լիգան» նոր մրցաշար էր եւ առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի։ Գլխավոր հովանավորը ռուսական «Գազպրոմն» է։ Ներկայիս ֆինանսական դժվարությունները թույլ չտվեցին պահպանել մրցաշարը, թեեւ սկզբում անգամ խոսում էին դրա ընդլայնման մասին։