Առանց ՄԱԿ-ի

18/06/2009

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանձնարարել է հունիսի 16-ից դադարեցնել Վրաստանում եւ Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելության գործունեությունը: Պան Գի Մունը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների բացակայության պարագայում կհաջողվի խաղաղություն եւ կայունություն պահպանել տարածաշրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարի Օբակեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հաջորդ շաբաթ տարածաշրջան կայցելի Պան Գի Մունի խաղաղապահ գործունեության գծով տեղակալ Էդմոնդ Մյուլլեն: Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան ռուսական պատվիրակությունը վետո է դրել Հարավային Կովկասում ՄԱԿ-ի առաքելության ժամկետի երկարացման մասին բանաձեւի վրա: Բանաձեւում ռուսական կողմի համար եղել է անընդունելի կետ, որի համաձայն՝ Աբխազիան դիտարկվել է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության մաս: Արդյունքում Հարավային Կովկասում ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում իր աշխատանքն է դադարեցնում 483 մարդ: