Մեր վարկային վարքը

18/06/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այս տարին Հայաստանի տնտեսության պատմության մեջ երկար կհիշվի: Ոչ միայն համաշխարհային ճգնաժամի հետեւանքներով: Տարվա սկզբին մեր երկրի արտաքին պարտքը կարգին համեստ էր: Այն կազմում էր ակնկալվող ՀՆԱ-ի 12-13 տոկոսը: Բայց մեր կառավարությունն ու Կենտրոնական բանկը տարին սկսեցին ակտիվ: Մեր քաղաքական ու ֆինանսական իշխանությունները թեւերը քշտած աջ ու ձախ փող պարտք տվող էին ման գալիս: Պարտք էին խնդրում ում հանդիպում էին` Ռուսաստանում, Չինաստանում եւ այլուր:

Տարվա հենց սկզբից միջազգային ֆինանսական կազմակերպությունները նախ ԿԲ-ին 200 մլն դոլարից ավելի վարկ տվեցին: Հետո Համաշխարհային բանկը խոստացավ առաջիկա չորս տարվա ընթացքում 700 մլն-ի չափով պարտք տալ: Հաջորդը` ռուսաստանյան հանրահայտ 500 մլն-ի հերթն էր:

Մի պահ մեր իշխանությունները հակված էին հպարտանալ այս փաստերով: Հետո համեստացան: Հավանաբար համոզվելով, որ անգամ տնտեսական ճգնաժամի պարագային ցանկացած պետություն կարողանում է ցանկացած քանակությամբ փող ներգրավել: Եթե, իհարկե, այդ փողը վերցվում է պետական երաշխավորությամբ եւ պաշտոնապես ձեւակերպվում է որպես երկրի արտաքին պարտք: Համապատասխան օրենսդրական ընթացակարգով` կառավարական ստորագրությամբ ու խորհրդարանական վավերացմամբ: Մերոնք այդ ամենն ապահովեցին: Առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ պայմաններով են տրվում այդ վարկերը: Ուշադրության չարժանացավ նույնիսկ այն մանրուքը, որ արտաքին վարկերի մի մասը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, արտոնյալ չի համարվի: Դրանք սովորական առեւտրային վարկեր են: Պարտքեր՝ առանց մարման արտոնյալ տոկոսադրույքների ու ժամկետների: Եվ այսպես մեր իշխանություններին կարծես կհաջողվի 12-13 տոկոսանոց ցուցանիշով սկսված տարին փակել 25-30 տոկոսով: Փորձագետների կարծիքով՝ տարվա վերջում հենց այդքան կկազմի արտաքին պարտքի համեմատությունը ՀՆԱ-ի նկատմամբ: Դա ինքնին արտառոց ցուցանիշ չէ: Անկախ Հայաստանի պատմության մեջ ավելի վատ տարիներ էլ են եղել, երբ արտաքին պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 45 տոկոսը: Բայց հասարակության համար անհասկանալի է մնում իշխանությունների ամեն գնով փող ներգրավելու քաղաքականությունը: Որովհետեւ պարզ չէ, թե ինչ ծրագրերի իրականացման համար են ուղղվելու այդ փողերը: Հայտնի է միայն, որ ռուսաստանյան վարկի մի մասով Աղետի գոտում բնակարանային շինարարություն է իրականացվելու: Փորձագետների կարծիքով, նոր շինարարությունների փոխարեն, միջոցներն ավելի նպատակահարմար էր ծախսել նորակառույց դատարկ բնակարանների «հետգնման» ու վերաբաշխման համար: Վերջին տարիներին հենց այդպիսի քաղաքականություն էր վարվում: Որովհետեւ նոր շինարարությունը պետության վրա ավելի թանկ էր նստում: Իսկ գործազրկության պատճառով Աղետի գոտու բնակչության մի մասն արտագաղթում է բնակարանները դատարկ թողնելով:

Հայտնի է նաեւ այն, որ մեր իշխանությունները պետական երաշխիքներով վարկեր են տրամադրում երեւանյան շինարարություններ իրականացնող մասնավոր ընկերություններին: Ուստի լուրջ մտավախություն կա, որ արտաքին պարտքի տակ մուտք արվող գումարների նկատելի մասը կտրամադրվի շինարար օլիգարխներին: «Հազարամյակի մարտահրավերները» Հայաստանում ենթակառուցվածքների լուրջ ծրագիր է իրականացնում: Երկրի ոռոգման համակարգը նորոգվում ու վերակառուցվում է «Մարտահրավերների» ծրագրից նվեր ստացվող փողերով: Ցավոք, քաղաքական նկատառումներով դադարեցվեց գյուղական ճանապարհների շինարարության վարկավորումը: Հիմա մեր իշխանությունները, երեւի, թասիբի ընկնելով, այդ ծրագրերի մի մասը կշարունակեն արտաքին պարտքի հաշվին: Որովհետեւ շինարարություն իրականացնողները, որպես կանոն, խիստ ազդեցիկ սեփականատերեր ունեցող կազմակերպություններ են:

Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում անգամ մասնավոր շինարարություններն իրականացվում են պետական փողերով: Ճանապարհաշինությունը հաստատ գերակա կհայտարարվի, ու օլիգարխ շինարարները չեն զրկվի իրենց եկամուտներից: Բայց, միանշանակ, գյուղական ճանապարհների նորոգման ծրագրերը պակաս արդյունավետ կդառնան: Այսինքն` ավելի շատ փող կծախսվի, եւ ավելի քիչ ճանապարհներ կնորոգվեն: Հայտնի բան է, պետությունը վատ տնտեսվարող է, եւ պետական` «անտեր» փողերը քամուն տալը (իմա` յուրացնելը) ավելի հեշտ է: Տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ չեն արվի: Երկրի արտաքին պարտքի ծավալների աճին անհամապատասխան արդյունավետությամբ կմսխվեն արտաքին վարկային միջոցները:

Դժվար չէ ենթադրելը, որ բյուջետային թերակատարումներով սկսված տնտեսական տարին մեր նորօրյա պատմության մեջ կմտնի որպես արտաքին պարտքի թռիչքաձեւ աճի տարի: