ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ նախագահի թեկնածու Հոսեյն Մուսավիի միջեւ էական տարբերություն չի տեսնում: CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է նման հայտարարություն արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, «Ահմադինեջադի եւ Մուսավիի քաղաքական մոտեցումներում էական տարբերություն չկա, ինչպես դա ցուցադրվել է»: «Ցանկացած պարագայում մենք գործ կունենանք իրանական ռեժիմի հետ, որը պատմականորեն թշնամաբար է տրամադրված Միացյալ Նահանգների հանդեպ»,- հայտարարել է նա: Օբաման ասել է նաեւ, որ եթե Վաշինգտոնը խառնվի Իրանի ներքին գործերին, դա օգուտ չի բերի ոչ ժողովրդավարությանը, ոչ էլ ԱՄՆ-ի իմիջին: Բացի այդ, ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ըստ Օբամայի, երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին լրջորեն մտահոգված է: Տվյալ անկարգությունները կապված են այն հանգամանքի հետ, որ Իրանի հանրության մի մասը չի ցանկանում ընդունել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ կայացած ընտրությունների ժամանակ Իրանում նախագահ է վերընտրվել Մահմուդ Ահմադինեջադը: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ իրականում հաղթողը Մուսավին է եղել: