Տարիներ շարունակ տեղում դոփող Ադրբեջանի կինոարտադրությունը վերջապես շարժվեց մեռյալ կետից: Այս տարի երկու երիտասարդ ադրբեջանցի կինոռեժիսորներ մեկնեցին մասնակցելու Կաննի փառատոնին: Ճիշտ է, մեկնեցին ոչ թե որպես մասնակից, այլ որպես հանդիսատես: Բայց դա էլ իսկական տոն էր Ալինա Աբդուլաեւայի եւ Ուլվիա Ախունդովայի համար: Աղջիկները շահել էին այդ ուղեւորությունը` գրավելով առաջին տեղերը քաղաքացիական իրավունքներին նվիրված կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, որը կազմակերպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը: Երկուսն էլ Ռուստամ Իբրագիմբեկովի Կինոյի դպրոցի ուսանողներ են, խոստումնալից կինոմատոգրաֆիստներ` նրանցից, ում հետ ավագ սերունդը կապում է ազգային կինոյի վերածննդի հույսերը: Ադրբեջանի կինոմատոգրաֆի, ինչպես եւ բազմաթիվ այլ ոլորտների գլոբալ խնդիրները սկսվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այն ժամանակվանից ի վեր կինոն այդպես էլ չկարողացավ կարգին ոտքի կանգնել. տարեկան երկրում առավելագույնը 4-5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, ռեժիսորները միաձայն բողոքում են միջոցների բացակայությունից: Օրինակ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, դերասան Ռասիմ Բալաեւը ցավալի է համարում ազգային կինոյի դրությունը: Նրա կարծիքով, այն դեռեւս անկման վիճակում է գտնվում, որում հայտնվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած անցումային ժամանակաշրջանում: Այդուհանդերձ, Բալաեւն այս ոլորտի հիմնական խնդիրը տեսնում է ոչ թե դրամական միջոցների, այլ անկեղծության եւ ճշմարտացիության բացակայության մեջ: «Մեր ժամանակակից ֆիլմերում ամեն ինչ շատ արհեստական է, իրականությունից հեռու: Այդ պատճառով դրանք չեն հուզում հանդիսատեսին»,- տրտնջում է նա` դրանում մեղադրելով ռեժիսորներին:
Ինչ վերաբերում է խնդրի նյութական կողմին, ապա Ռասիմ Բալաեւի համոզմամբ, ցանկության եւ ունակության դեպքում նույնիսկ փոքր գումարով կարելի է լավ ֆիլմ նկարահանել: Սակայն սցենարիստ եւ կինոռեժիսոր Ռամիզ Ֆատալիեւը ամենեւին էլ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ադրբեջանական կինոն անկում է ապրում: Ընդհակառակը` նրա կարծիքով, այն վերածննդի շրջանում է գտնվում:
«Վերջին 20 տարիների ընթացքում ադրբեջանական կինոն երբեք նման տեմպերով չէր զարգացել, ինչպես այժմ: Դեռ մի քանի տարի առաջ, էլ չեմ խոսում 90-ականների մասին, այս ոլորտում իսկապես ամեն ինչ վատ էր, բայց հիմա իրավիճակն անշուշտ շտկվում է»,- ասում է Ռ. Ֆատալիեւը: «Դրանում հսկայական դեր խաղաց Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հրաշալի «Բու մեյդան, բու էկրան» («Ահա հրապարակը, ահա էկրանը») ծրագիրը: Այն երիտասարդ շնորհալի ռեժիսորներին եւ սցենարիստներին ներկայանալու, նկարահանելու եւ իրենց աշխատանքները ցուցադրելու հնարավորություն ընձեռեց: Արդյունքում բազմաթիվ նոր անուններ ու ֆիլմեր հայտնվեցին, նոր հեռանկարներ բացվեցին»:
«Բու մեյդան, բու էկրան» մրցույթն անցկացվում է 2006-ից, դրան մասնակցում են այն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի նախագծերը, որոնց նախահաշիվը չի գերազանցում 30 հազար ադրբեջանական մանաթը (մոտ 37 հազար ԱՄՆ դոլար), իսկ ռեժիսորի տարիքը չի անցնում 37-ից: Այդ ծրագիրն իսկապես հաջողվեց. բազմաթիվ երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ, որ վաղուց էին երազում ֆիլմ նկարահանել, բայց նման հնարավորություն չունեին, շտապեցին հայտ ներկայացնել: Ռեժիսորական մտահղացումների այդ տարափից ժյուրիի անդամներին հաջողվեց ընտրել մի քանի առավել արժանի եւ հեռանկարային գաղափարներ, ֆիլմերը նկարահանվում են եւ նույնիսկ մրցանակներ շահում տարատեսակ փառատոներին:
Այսպես, օրինակ, մինչ օրս անհայտ Էլչին Մուսաօղլու «40-րդ դուռը» ֆիլմը բոլորովին վերջերս մրցանակի արժանացավ Հյուսթոնի փառատոնին որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ: Ասիֆ Ռուստամովի «Տունը» կարճամետրաժ ֆիլմն արդեն մի քանի մրցանակ է շահել: Ռամիզ Ֆատալիեւի կարծիքով, հենց այս ռեժիսորների ձեռքերում է ադրբեջանական կինոյի ապագան, եւ մի քանի տարի անց նրանք իսկական պրոֆեսիոնալներ կդառնան` հաջողություն բերելով երկրի կինոարվեստին: «Եթե խորհրդային տարիներին մենք ընդամենը մի քանի կինոյի վարպետ ունեինք, ապա շուտով նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի»,- կանխատեսում է Ֆատալիեւը: Երիտասարդ կինեմատոգրաֆիստների նոր սերնդի ձեւավորմանը նպաստել է նաեւ հռչակավոր ռեժիսոր եւ սցենարիստ Ռուստամ Իբրագիմբեկովի Կինոյի դպրոցի ստեղծումը: Այստեղ արդի մեթոդաբանությամբ կինոարվեստ է դասավանդվում երիտասարդներին. նրանք հիմնականում արդեն ունեն այս բնագավառին չառնչվող առաջին բարձրագույն կրթությունը եւ ցանկանում են նվիրվել հենց այս ոլորտին: Սկսնակ ռեժիսորներն իրենց ֆիլմերը նկարահանելու համար օգտվում են ցանկացած հնարավորությունից, թեեւ դեռեւս նյութական որեւէ շահ չեն ստանում դրանից: «Ցավոք, մենք դեռ չենք կարող գումար վաստակել մեր ֆիլմերով: Սա արվեստ է հանուն արվեստի, այլ ոչ թե բիզնես: Ստիպված ենք մեկ այլ մասնագիտություն ունենալ, որով ապրուստ ենք վաստակում, եւ միաժամանակ ֆիլմեր նկարահանել»,- ասում է երիտասարդ ռեժիսոր, Ռուստամ Իբրագիմբեկովի Կինոյի դպրոցի ուսանողուհի Նարգիզ Բագիրզադեն: Նրա խոսքերով, արդի կինեմատոգրաֆի հիմնական խնդիրը կինովարձույթի բացակայությունն է: Ռեժիսորները պարզապես չեն կարողանում ցուցադրել իրենց աշխատանքները: Բաքվում միայն մեկ կինոթատրոն է նորմալ գործում` «Ադրբեջանը», այնտեղ էլ միայն արտասահմանյան ֆիլմեր են ցուցադրվում: Հեռուստաալիքները նույնպես չեն ցուցադրում ադրբեջանական նոր ֆիլմերը, հազիվ մեկ անգամ ցույց տան, այն էլ ոչ ոք կարգին չի հասցնում դրանք դիտել: Արդյունքում հանրությունը պարզապես հետ է սովորել հայրենական արտադրության ֆիլմերից: «Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ վերջերս որոշակի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել մեր կինոմատոգրաֆի զարգացման հարցում»,- հավելում է Ն. Բագիրզադեն: «Դրանցից է եւ՛ «Բու մեյդան, բու էկրան» նախագիծը, որին ես էլ եմ մասնակցել, եւ՛ պետության կողմից կինեմատոգրաֆի հանդեպ ուշադրության զգալի աճը… Ընդհանուր առմամբ, կարծում եմ, իրավիճակը բարելավվում է: Հիմա մեզ համար ամենակարեւորը հանդիսատեսին գրավելն է: Չէ՞ որ կինոն արտադրանք է, որը պետք է պահանջարկ ունենա: Եթե պահանջարկը լինի, կավելանա նաեւ արտադրությունը»:
Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ
Բաքու, «Թրենդ» գործակալության թղթակից