Ադրբեջան. Աստեղային ճանապարհ… փողոցի միջով

18/06/2009

Լրագրող, ձեւավորող, լուսանկարիչ եւ կիթառահար… Այս ամենն իր մեջ է միավորում 27-ամյա Մահերամ Զեյնալովը: Մասնագիտությամբ նա ավտոմատիկայի եւ կառավարման ինժեներ է, ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը: Հետագայում լրացուցիչ կրթություն է ստացել Թբիլիսիում GIPA լրագրության միջազգային դպրոցում: Հոդվածներ է գրում մի շարք թերթերի եւ կայքերի համար: Մահան, ինչպես նրան կոչում են ընկերները, մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ: 17 տարեկանից սկսել է կիթառ նվագել. «Կիթառ նվագել ինձ ընկերներս են սովորեցրել, բացի այդ, սովորում էի նվագել իմ նախընտրած երաժիշտների տեսագրություններով»: Մահերամը սկսել է փողոցում ստեղծագործելը 19 տարեկանից ու նորմալ է վերաբերվում այն երեւույթին, որ երաժշտությունը փողոց է դուրս եկել: «Ես արդեն 8-ամյա փորձ ունեմ այս բնագավառում: Գեղեցիկ երաժշտությունը գեղեցիկ է եւ ցանկալի ամենուր` թե՛ համերգասրահում, թե՛ փողոցում»: Վաստակած գումարը նա խմիչքի վրա է ծախսում. «Երբ իմ եւ ընկերներիս մոտ դրամը վերջանում է, մենք գնում ենք նվագելու, իսկ վաստակած գումարով գարեջուր ենք գնում ու խմում»: Թբիլիսիում ուսանելու տարիներին Մահերամը նաեւ այնտեղ է կիթառ նվագել փողոցներում, բայց ասում է՝ Բաքվում ավելի մեծ է հետաքրքրությունը փողոցային երաժշտության նկատմամբ. «Պատճառն այն է, որ Բաքվում դա հազվագյուտ երեւույթ է»:

Նրա խոսքով, Թբիլիսիում ավելի քիչ գումար են տալիս. «Բաքվում ընկերներիս հետ կարող եմ կես ժամում 12 մանաթ (մոտ 14 դոլար) հավաքել: Իսկ Թբիլիսիում օրվա ընթացքում հազիվ 24 մանաթ (մոտ 28 դոլար) էի վաստակում: Եթե Ոստիկանությունը չխանգարի, Բաքվում (պիկ ժամերին) անընդմեջ նվագելով ամսական կարելի է 3000 դոլար վաստակել»: Մահերամը երբեմն Ոստիկանության հետ խնդիրներ է ունենում. «Կան մարդիկ, որ մեր նվագելու ընթացքում մոտենում են ոստիկաններին եւ բողոքում, իբր մենք շատ բարձր ենք նվագում, նույնիսկ մուրացկան են մեզ անվանում»:

«Մուրացկաններն այն մարդիկ են, որ դրամ են վերցնում եւ փոխարենը ոչինչ չեն անում: Իսկ փողոցային երաժիշտները մուրացկան չեն, քանի որ երաժշտություն են նվագում, իսկ մարդիկ կարող են դրամ տալ կամ չտալ…»,- ասում է կիթառահարը փողոցից:

Բաքվի երաժշտական ակադեմիայի դոցենտ, դաշնակահարուհի Քամալա Նեյմանովան ասում է, որ երաժիշտը նվագում է ոչ թե իր համար, այլ ուրիշների. «Դա կախված է լսարանից: Այն երաժիշտները, ովքեր լսարան չունեն, իրենց հանդեպ ուշադրություն գրավելու համար փողոցում են նվագում` այդպիսով ստանալով եւ՛ գումար, եւ՛ հանդիսատես… Նույնիսկ, եթե այդ ժամանակ նրանք փորձում են արվեստ ցուցադրել, հիմնական նպատակը դրամ վաստակելն է»:

«Ses» խմբի մենակատար, կիթառահար Էլխան Չելեբին անհրաժեշտություն է համարում նորմալ եւ քաղաքակիրթ փողոցային երաժշտությունը, որը, սակայն, Ադրբեջանում դեռ զարգացած չէ: «Չէ՞ որ պետք է լավ տրամադրություն պարգեւել նաեւ փողոցում քայլող մարդկանց, զբոսաշրջիկներին: Մեզ մոտ, սակայն, ավելի հաճախ կարելի է տեսնել հարբեցողների կամ թափառաշրջիկների արտաքինով մարդկանց կամ շվի նվագող 5-6 տարեկան երեխաներին: Իսկ դա շատ ձանձրալի է, միապաղաղ եւ անհետաքրքիր»,- ասում է Չելեբին:

Մշակութաբան, պրոֆեսոր Նիյազի Մեհդին ասում է, որ փողոցային երաժշտություն հասկացությունը բարձր գեղագիտական կարգավիճակ չունի. «Ավելի շուտ դա մեծ սոցիալական բեռ կրող ինչ-որ բան է, քան զուտ երաժշտական արվեստ»: Մշակութաբանի համոզմամբ` փողոցային երաժշտության կարիքն առաջանում է այնտեղ, ուր երաժշտական քաղց կա, պաշտոնական շրջանակներում, ուր երաժշտության մեջ արգելքներ են գործում:

«Մեր օրերում նման քաղց նույնիսկ Իրանում չկա: Այդ պատճառով փողոցային երաժիշտներին դրամ տալու ցանկությունը կապված է ոչ թե երաժշտության պահանջի, այլ կարիքավորներին ինչ-որ կերպ օգնելու ցանկության հետ: Չէ՞ որ ոչ ոք չի կանգնում եւ մինչեւ վերջ չի լսում փողոցային երաժշտությունը: Մեր օրերում DVD-ի, բջջային հեռախոսների եւ ձայնագրիչների միջոցով ամեն տեղ կարելի է երաժշտություն լսել: Պարզապես ժամանակակից մարդուն հաճելի է, որ նա օգնության ձեռք է մեկնում նրան, ով ջանք է գործադրում դրա համար»: Երաժիշտ Չելեբիի կարծիքով` փողոցային երաժշտությունը լավ հնարավորություն է նյութական դժվարություններ ունեցող երաժիշտների համար. «Տաղանդավոր, բայց անհայտ պրոֆեսիոնալ երաժիշտներն այդպես կարող են ճանաչում ձեռք բերել եւ մեծ էկրան դուրս գալ: Կարիերային շրջադարձ կատարելու հարցում փողոցն անփոխարինելի վայր է»: Չելեբին ասում է, որ հարկավոր է օրինականացնել փողոցային երաժիշտների գործունեությունը. «Այդ դեպքում նրանց արտոնագրեր կտրվեն, կապահովվի նրանց անվտանգությունը, իսկ նրանք հարկեր կվճարեն եւ քաղաքակիրթ կարգով կգործեն»:

Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակից Ֆարախ Ալիեւայի կարծիքով, այդ ոլորտի օրինականացման անհրաժեշտություն չկա. «Մեզ մոտ փողոցային երաժիշտներ գրեթե չկան: Իսկ քաղաքակիրթ երկրներում այդ երաժիշտները հարկեր են վճարում»: Մահերամը դրանում բացասական որեւէ բան չի տեսնում, սակայն կարծում է, որ Ադրբեջանում արտոնագրերն արդյունավետ չեն լինի. «Ադրբեջանում նույնիսկ արտոնագրերն են կաշառքով տալիս, այնպես որ, մեզ մոտ նման բան չի գործի»:

Ըստ Չելեբիի` ելքը այդ ոլորտում մասնագիտական կառույցի, կազմակերպության ստեղծումն է. «Այդ կազմակերպության ժյուրին կարող է ճիշտ ուղղություն թելադրել երաժիշտներին, հետեւել նրանց հագուստին, երաժշտության ընտրությանը»: Նա ասում է, որ ներկայում, երբ երիտասարդության երաժշտական ճաշակը բավական փչացած է, դա կարող է լուսավորչական դրական դեր խաղալ: «Մեր դասական էստրադային, նոստալգիական երգերի կատարումը ռոքային եւ ջազային ոճում ոչ միայն լուսավորչական կլինի երիտասարդների համար, այլ կգրավի միջին տարիքի մարդկանց եւ տարեցների ուշադրությունը, իսկ դա մեր երաժշտության հաղթանակը կլինի»,- համոզված է երաժիշտը: Մահան բազմաթիվ ցանկություններ ունի: Նա երազում է կրթություն ստանալ ԱՄՆ-ի ջազային եւ կիթառի դպրոցներում, բայց չի պատրաստվում թողնել փողոցային գործունեությունը. «Դա իմ կենսակերպն է, ես դա հաճույքի համար եմ անում եւ չեմ պատրաստվում դրանից հրաժարվել»: Նրա ամենամեծ երազանքը սկավառակ թողարկելն է, բայց հիմա նրա նյութական վիճակը թույլ չի տալիս դա անել: «Դա մեծ գումար է պահանջում: Ձայնագրման մեկ ժամը ստուդիաներում մոտ 30-40 մանաթ (մոտ 37-50 դոլար) արժե: Իսկ 12 երգ ձայնագրելու համար ավելի քան 350 մանաթ (մոտ 437 դոլար) է անհրաժեշտ: Կա նաեւ ձեւավորման, ներկայացման խնդիրը… Է՜հ, դրա համար շատ մեծ գումարներ են անհրաժեշտ…»:

Սարինա ՀԱՍԱՆԼԻ
Բաքվի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհ