«Իրավիճակը մղձավանջային չէ, պարզապես վատն է»

18/06/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ արվեստի ոլորտը գրագետ մենեջերների պակաս ունի։ Արտ-մենեջմենթը, հայերեն լեզվով ասած՝ արվեստի կառավարումն ու մշակութային քաղաքականության մշակումը մի մասնագիտություն է, որ դժվարությամբ է մուտք գործում արվեստի հիմնարկներ։ Ու թեեւ արդեն արտ-մենեջերների մեկ կուրս 2007թ. դուրս է եկել Երեւանի Թատրոնի ու կինոյի ինստիտուտի պատերից, միեւնույն է՝ այդ մասնագիտությունը փոքր-ինչ վիրտուալ է ընկալվում։ Արտ-մենեջմենթի սկզբունքները դասավանդող, Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանի պրոֆեսոր, նաեւ «Հայֆեստ» թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասում է, որ նման մասնագիտական կոդ Կրթության նախարարությունը չունի։ «Մենք անցնում ենք սոցիալ-մշակութային գործունեության կոդի տակ, եւ դրանով նույնացվում ենք գրադարանավարի կամ պարետի հետ։ Արտ-մենեջմենթը լայն հասկացություն է, որի մեջ լոգիստիկա, թատրոնի, երաժշտության, վիզուալ արվեստների, պարի ոլորտի հետ կապված բոլոր տեսակի պրոդյուսերական աշխատանքներն են մտնում։ Ե՛վ թատրոնի, եւ՛ պատկերասրահի տնօրենները պիտի լավ կառավարիչներ լինեն»,- ասում է նա։ Ա. Ղուկասյանը նախեւառաջ լավ դերասան է, ով յուրաքանչյուր գործ մեծ էնտուզիազմով, եռանդով ու հմայքով է անում։ Եվ «Հայֆեստն» էլ նրա պես շարժուն, տեղեկացված ու բավականին խորամանկ կառուցված փառատոն է, քանի որ այն ոչ միայն ցուցադրում է, այլեւ նոր թատերական նախագծերի համար հող է նախապատրաստում։

– Այնպես ստացվեց, որ «Հայֆեստը» մեծացավ, լայնացավ ու իր մեջ նաեւ կրթական ծրագրեր ներառեց։ Անցյալ տարի, օրինակ, մենք դրամատուրգների ու ռեժիսորների համար կազմակերպեցինք «new writing»՝ նոր դրամայի սեմինարներ, իսկ այս տարի սեմինարները կլինեն սցենոգրաֆիայի վերաբերյալ։ Դա այն ոլորտն է, որն իրականում ընդհանրապես չունենք, քանի որ սցենոգրաֆիան ոչ միայն բեմանկարչություն է, այլեւ բեմի լույսերի դիզայն է։ Մեզ մոտ լույսին լուրջ չեն նայում, (ասում ենք, չէ՞, լույս գցող) եւ քիչ են այն ներկայացումները, որտեղ լույսը մեծ դեր է խաղում։ Այդ սեմինարները կարելի է առանձին անցկացնել, բայց մենք որոշեցինք, որ դրանք պիտի տեղի ունենան «Հայֆեստի» օրերին, այն ժամանակ, երբ ՀՀ 400 հյուր է գալիս ու բոլորի ուշադրությունը սեւեռվում է թատրոնի վրա։

– Ի՞նչ կարելի է անել մեր պետական թատրոնների հետ։

– Իհարկե, ինչ-որ բան անելն անհրաժեշտ է, թեեւ շատ բարդ է։ Մեր պետական թատրոնների մինուսները շատ են, դա կաղապարված մտածողությունն է, ուռճացված դերասանական կազմը։ Իսկ ամենավատն այն է, որ մարդիկ ասում են՝ դե լավ էլի, էսօր չեմ գնա ներկայացում դիտելու, վաղը կամ մեկ ամիս հետո կգնամ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու։ Ա՛յ, հենց այդ չփոխվելը սարսափելի է։ Պետական թատրոնի պլյուսը պետական դոտացիան է։ Պետությունը կամ նրան փոխարինող որեւէ կառույցներ՝ ինչպես, ասենք, Բրիտանական խորհուրդն է, իր վրա պատասխանատվություն է վերցնում ու սոցիալական նշանակություն ունեցող արվեստը հասու է դարձնում հասարակության լայն շերտերին։ Եվ դա արվում է, որպեսզի մարդիկ զարգացած լինեն։ Ինչը, ցավոք, մեր սիրելի ու բարի քաղաքում տեղի չի ունենում։ Պետական թատրոնները ցույց չեն տալիս այն, ինչը կարող է հասարակությանը պրոֆեսիոնալ ու բարձր գիտակցություն ունեցող հանդիսատես դարձնել։ Lավ խաղացանկային թատրոնները կարող են լինել միայն հարուստ երկրներում, որոնք սոցիոկուլտուրան բարձրացնելու ուղղությամբ են զարգանում։ Այդպես է Գերմանիայում, Շվեդիայում։ Իսկ, օրինակ, Պորտուգալիայում պետությունը շատ փող չի ծախսում իր թատրոնների վրա։ Զարմանալի վատ վիճակ է ուկրաինական թատրոններում։ 50 մլն բնակչություն ունեցող Ուկրաինան պետք է ուժեղ փառատոն ունենար, որը «ծալած» կունենար մեր «Հայֆեստը», բայց նրանց թատրոնը այն նույն «կեղտի» մեջ է, որի մեջ գտնվում է եւ պետությունը։

– Իսկ Վրաստանում ինչպե՞ս է։

– Թատրոնը Վրաստանում միշտ էլ ավելի լավ վիճակում կլինի, քան մեզ մոտ, եւ ոչ միայն այն պատճառով, որ Թբիլիսին միշտ արվեստի կենտրոն է եղել, իսկ վրացիները թիմային ու պոլիֆոնիկ են աշխատում։ Դրան գումարվել է այն, որ Վրաստանում մեծ գումարներ են ներդնում ամերիկացիները, որոնք ուղղակի ստիպում են արվեստի վրա փող ծախսել։ Նրանք 2 մլն դոլար են տալիս քաղաքապետարանին՝ մշակույթի համար։ Եվ հիմա Թբիլիսիում առաջին անգամ թատերային փառատոն է անցկացվելու, որին հատկացվել է 250 հազար դոլար (մեզ համար դա ուղղակի հեքիաթ է)։ Եվ վրացիները շատ խորամանկ քայլ են անելու, նրանք իրենց փառատոնը անցկացնելու են հոկտեմբերին, որպեսզի կարողանան օգտվել «Հայֆեստի» կապերից։ Ինձ առաջարկել են թատրոնները սկզբից հրավիրել իրենց մոտ, իսկ հետո՝ արդեն կես գնով նրանց բերել Երեւան։ Եվ ես կանեմ դա, քանի որ դա կօգնի գումար խնայել։ Եվ եթե վրացիները մյուս տարի իրենց փառատոնի բյուջեն ավելացնեն, մենք կարող ենք շատ տուժել, քանի որ «Հայֆեստը»՝ համարվելով նախկին ԽՍՀՄ տարածքի ամենախոշոր փառատոնը (բացի Մոսկվայի փառատոներից), կարող է կորցնել իր կշիռը։ Բայց հույս ունենք, որ վրացիներն, այնուամենայնիվ, չեն կարողանա մեզ շրջանցել։

– Վերադառնանք հայ թատրոնի այսօրվա վիճակին, ինչի՞ց է պետք սկսել վերափոխումը, որն արդեն օդի պես անհրաժեշտ է։

– Եթե խոսենք մեր ամենագլխավոր՝ Սունդուկյանի անվան թատրոնի մասին, կտեսնենք, որ այնտեղ որոշում կայացնողները ոչ մի պատասխանատվություն չեն կրում (ես այդ թատրոնի մասին եմ ասում, բայց նույն հաջողությամբ կարող եմ ցանկացած թատրոնի օրինակը բերել)։ Թատրոնին գումար են տալիս, այն վատ ներկայացում է բեմադրում, հետո նորից են գումար տալիս, այն նորից է վատ ներկայացում անում։ Եվ այդպես՝ 17 անգամ։ Ստացվում է, որ ինչ էլ որ անի թատրոնը, նրան փող տալու են։ Հարց ենք տալիս՝ ինչո՞ւ։ Պատասխանում են՝ բա չտա՞նք, փակե՞նք ազգային թատրոնը։ Հասկանալի է, որ ազգային թատրոնն ու Օպերային թատրոնը պետք է ֆինանսավորվեն, բայց ի՞նչ բեմադրությունների համար։ Դա է հարցը։ Եթե Օպերայի թատրոնում բեմադրվում է «Սպարտակ» բալետը, առաջին հայացքից դա ուրախալի փաստ է թվում, բայց եկեք տեսնենք, թե ինչպիսին է այդ «Սպարտակը»։ Երբ ես խոսում էի ռուս բեմադրիչներից մեկի հետ, նա ասաց՝ գիտես, Արթուր, ձեզ մոտ երկու պարողներ կային, որոնք անհույս չէին։ Այսինքն՝ մարդը կոռեկտ կերպով ինձ զգացնել տվեց, որ մնացածը անհույս էր։

– «Սպարտակը» կայսերական մոտեցման օրինակ է։ Իսկ ո՞րն է ճիշտը։

– Կարծում եմ` դա հասկանալու համար պետք է օգտագործել տարբեր երկրների փորձը։ Եթե ոմանք չեն ուզում հիմնվել Լոնդոնի կամ Մոսկվայի թատերական փորձի վրա, թող գոնե օգտագործեն Սլովենիայի կամ Սլովակիայի փորձը, որոնց բնակչության թիվը գրեթե Հայաստանի չափ է։ Վերջերս ես եղա սլովենական ազգային թատրոնում, որը, բնականաբար, ֆինանսավորվում է պետության կողմից։ Այդ թատրոնն ունի հիմնական բեմ, որտեղ շատ պրոֆեսիոնալ ու լավ սարքած գավառական ներկայացումներ են արվում, միանգամից երեւում է, որ դա 20-րդ դարի թատրոն է (ցավոք սրտի, մեր թատրոնը ոչ պրոֆեսիոնալ գավառական թատրոն է)։ Բայց սլովենական թատրոնում կան նաեւ երկու այլ բեմահարթակներ, որոնք նույնպես գումար են ստանում իրենց Մշակույթի նախարարությունից ու օգտագործվում են որպես ազատ բեմ, վատ թե լավ, բայց այդ հարթակների վրա աշխատանք է եռում, ու ջահելությունը փորձում է համարձակ ու «սյուռ» բեմադրություններ անել։ Նույն բանն, իհարկե, կատարվում է մեզ մոտ, բայց նման փորձերը քիչ են։ Մեր երիտասարդները բեմադրում են այնպես, ինչպես կարող են եւ որքան հասկանում են, ինչ-որ բաներ են կարդում, դիտում ու հետո վերարտադրում են իրենց տաղանդի չափով։ Դա հիանալի է։ Բայց… Երբ ես վերադարձա Մոսկվայից ու ինձ հետ 5 հազար նոր պիեսներ բերեցի, օրեր շարունակ ողջ ինստիտուտի տարածքով կոկորդս պատռելով գոռում էի՝ ժողովուրդ, 5 հազար պիես եմ բերել, «ֆլեշկաները» բերեք, վերցրեք։ Եվ ընդամենը 4 մարդ ցանկություն հայտնեց պիես կարդալ։ Եվ դա՝ այն դեպքում, երբ հնարավորություն կար նորագույն ժամանակակից դրամատուրգիայի հետ ծանոթանալ։ Միայն Վահան Բադալյանին, Լուսինե Երնջակյանին ու Գրիգոր Խաչատրյանին դա պետք եկավ։ Գրիգն, օրինակ, ում ներկայացումները կարելի է փնովել, պայթեցնել կամ գովել (նա իր ներկայացումներում կարողացավ փոխանցել «նոր դրամային» հատուկ այլանդակության էսթետիկան), օրական մեկ պիես է կարդում։ Իսկ շատերի մոտ իսպառ բացակայում է նոր բան իմանալու, կարդալու եռանդը։

– Միգուցե հենց նման եռանդ ունեցող երիտասարդին էլ կարելի է թատրոնի կառավարման գործում «քարտ բլանշ» տալ, որ նա կարողանա ոչ թե կիսատ-պռատ, այլ կտրուկ փոփոխություններ անել։

– Շատ եմ ասել՝ եկեք թատրոնի տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնին նշանակենք այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան թատրոնը «բարձրացնել»։ Եթե ես, օրինակ, Սունդուկյանի թատրոնի տնօրեն լինեի (դա ասում եմ բացարձակապես էմպիրիկ տարբերակով, քանի որ դա երբեք չի պատահի եւ այդ պատճառով էլ ես ազատ կարող եմ խոսել), ապա գեղարվեստական ղեկավար կնշանակեի Վահան Բադալյանին, մեր ժամանակների ամենահետաքրքիր ռեժիսորին, ու պետության տված բյուջեն որոշակի շտկումների կենթարկեի։ Ամենակարեւորն այն է, որ ես ավելի շատ փող, քան տալիս են, չէի ուզի (ի դեպ՝ շատ խնդալու է, երբ բոլորը բողոքում են փողի քչությունից)։ Բայց համոզված եմ, որ թատրոնի տնօրենը պետք է սկզբից աշխատանքից ազատի բոլորին ու հետո լրիվ նոր թատերախումբ հավաքի։ Եվ պետք չէ վախենալ, որ դերասանների ընդամենը 5 %-ը կմնա, քանի որ միայն նման կտրուկ քայլեր անելով կարելի է 1 տարի հետո Սունդուկյանի թատրոնը դարձնել հանրապետության լավագույն թատրոնը։ Իսկ 3 տարի հետո կարողանալ մրցակցել Սլովենիայի թատրոնի մակարդակ ունեցող թատրոնների հետ։ Եկեք հիշենք, թե 10 տարի առաջ ինչ էր կատարվում Մոսկվայի ՄԽԱՏ-ում, որն իսկական աղբանոցի էր վերածվել։ Նույնիսկ այն երեխաներին, որոնք ճաշ ուտել չէին ուզում, ծնողները սպառնում էին՝ ապուրդ կեր, թե չէ քեզ ՄԽԱՏ կտանենք։ Ինչեւէ։ Երբ ՄԽԱՏ-ից հեռացավ Օլեգ Եֆրեմովը, որն, ի դեպ, այդ թատրոնը ղեկավարելը աքսորի պես բան էր համարում, ՄԽԱՏ-ը լրիվ փլվեց։ Եվ արվեստի կառավարիչները նստեցին, մտածեցին ու հանճարեղ ելք գտան՝ նրանք թատրոն հրավիրեցին Օլեգ Տաբակովին, ով հիանալի հասկանում է, թե ինչ է նշանակում մշակութային քաղաքականությունը։ Իսկ մշակութային քաղաքականությունը միայն պետության գործը չէ, այն պետք է հստակ զգացվի առանձին վերցրած ցանկացած մշակույթի հիմնարկում։ Եվ Տաբակովը որոշում կայացրեց, որ ինքն այլեւս ներկայացում չի բեմադրի, ու սկսեց թատրոն հրավիրել տարբեր երիտասարդ մոդեռն ռեժիսորների՝ Սերեբրյաննիկովին, Գարբաուսկասին, Ֆոմենկոյին։

– Ստացվում է, որ մեզ քաջությունն է պակասում։

– Պետք է հասկանալ թատրոնից եւ այո՝ պետք է նաեւ քաջ լինել։ Մեր տիկնիկային թատրոնն, օրինակ, երբեք հետաքրքիր չի եղել (ի՞նչ էինք բեմադրում, միայն «Խիպիլիկն եմ ես, խիպիլիկն ես դու»), բայց եկավ Ռուբեն Բաբայանն ու սկսեց զուտ մանկական տիկնիկային ներկայացումներից բացի՝ նաեւ սինթետիկ ներկայացումներ բեմադրել։ Հիմա թատրոնի խաղացանկում մատների ու խամաճիկների, պոետիկ եւ դրամատիկ ներկայացումներ կան։ Այսինքն՝ Ռուբիկն իր ղեկավարած թատրոնի հարթակը բազմազան ու հետաքրքիր դարձրեց։ Նույն մոդելը փորձեց կիրառել Արա Երնջակյանը, ում դուստրը Կամերային թատրոնի շոուանման ոճից տարբերվող բեմադրություններ է անում։ Իհարկե, լավ կլիներ, որ Լուսինեից բացի, այլ երիտասարդներ նույնպես այնտեղ աշխատեին, քանի որ դա միայն աշխուժություն կմտցներ թատրոն։ Թատրոնի ղեկավարից իրոք շատ բան է կախված։ Ամբիցիաները շատ լավ բան են, եթե դրանք բեմում են գտնում իրենց դրսեւորումը, իսկ բեմից դուրս հավակնոտ լինել պետք չէ։ Ոչ միայն պետք չէ, այլեւ ծիծաղելի է։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է որոշել (կոպիտ ասած), թե թատրոնում ո՞ւմ վրա կարելի է «ստավկա» անել, կանչել նրանց ու ասել՝ աշխատեք։ Եվ եթե նրանք չկարողանան աշխատել, հանգիստ խղճով նրանց տուն ուղարկել ու ասել՝ դու տապալեցիր գործը։ Հիմա Մշակույթի նախարարությունը որոշել է խորհուրդներ ստեղծել, ինչը լրիվ անիմաստ ու հիմար բան է, քանի որ բոլորը կանգնում են ու ասում են՝ ես այսպես եմ մտածում, իսկ դո՞ւք։ Եվ սայլը տեղից չի շարժվում։

– Իսկ «Հայֆեստի» կապերն օգտագործելով՝ չե՞ք ուզում համատեղ ներկայացում բեմադրել։

– Մենք նման փորձ արեցինք անցյալ տարի ու բեմադրեցինք ժամանակակից դրամատուրգ Մարկ Ռավենհիլի պիեսը հայ դերասանների հետ։ Եվ ի՞նչ, դահլիճը կիսադատարկ էր։ Եվ Ռավենհիլը, ով, ի դեպ, աշխարհի ամենալավ դրամատուրգն է համարվում, 10 օր գտնվեց Երեւանում, ինքն էլ բեմադրություն արեց, բայց ոչ մեկին դա չհետաքրքրեց։ Կարելի է հավանել կամ չհավանել նրա գործը, բայց պետք է գոնե տեղյակ լինել այն թատերական ոճից, որը մեծ տարածում ունի աշխարհի բեմերում։ Իհարկե, մենք ուզում ենք ստեղծել «Հայֆեստ-պրոդակշնի» պես մի բան, որպեսզի ամեն տարի գոնե մեկ համատեղ բեմադրություն ստեղծվի։ Մեզ խանգարում է նաեւ բեմահարթակ չլինելու փաստը։ Այն թատրոնները, որոնք մեզ բեմ են տրամադրում, բավականին մեծ գումար են պահանջում։ Կարծում եմ, հիմա ավելի ճիշտ կլիներ, եթե թատրոնները աշխատեին Տիկնիկային թատրոնի նման, որը բեմադրության հեղինակներից միայն բեմի բանվորների, լույսի ու այլ կոմունալ ծախսերի գումարն է գանձում ու չի ուզում բեմի վարձակալությունը շահավետ գործ դարձնել։

– Բայց դա ավելի շահավետ ու հեռանկարային մոտեցում է, քանի որ հանդիսատեսի հոսք է ապահովում։ Եվ եթե հանդիսատեսը գալիս է մեկ ներկայացում դիտելու ու հավանում է այդ ներկայացումը, նա նորից կգա թատրոն։

– Ես լրիվ համաձայն եմ այդ մտքի հետ, բայց շատ քիչ թատրոններ են այդպես աշխատում։ Այդ հարցը կարելի է կարգավորել, եթե Մշակույթի նախարարությունը պետք է ասի՝ փող մի վերցրեք կամ էլ նվազագույն վարձավճարով աշխատեք։ Բայց այդ դեպքում էլ զուտ հայկական մոտեցումը կաշխատի, ասենք՝ կգաս թատրոն, ու հանկարծ կպարզվի, որ թատրոնը փակ է, կամ էլ քեզ կասեն, որ լույսի վարպետը հիվանդացել է ու ներկայացումը չի կարող կայանալ։

– Միգուցե արվեստի կառավարումը հենց բեմերի վարձավճարների կարգավորումի՞ց է հարկավոր սկսել։

– Ինչի՞ մասին ենք մենք հիմա խոսում։ Օպերային թատրոնում 4 տարի շարունակ «ռաբիս» երաժշտության փառատոն է անցնում։ Եթե Մոսկվայի Մեծ թատրոնում հանկարծ նման բան տեղի ունենար, թատրոնի տնօրենին դատի կտային։ Մի անգամ Մշակույթի էքսնախարարն ինձ հարցրեց՝ եթե դու լինեիր նախարար, ի՞նչ կանեիր։ Ասացի՝ աշխատանքից կազատեի 5 հոգու։ «Ընդամենը 5-ի՞ն»,- հարցրեց։ Ասացի՝ այո, մնացածին կգնդակահարեի, իսկ այդ 5-ը լավն են, թող ապրեն։ Կատակ է, բայց դրա մեջ տրամաբանություն կա։

Մեր այսօրվա նախարարը մի քանի մարդու ազատեց աշխատանքից, ու որոշ բաներ սկսեցին տեղից շարժվել։ Իհարկե, այդ շարժումը կարող է ավելի արագ ու ավելի էֆեկտիվ լինել, եթե մենք իմանանք, թե իրականում ինչի ենք ուզում հասնել։ Մի ամբողջ սերունդ է մեծացել, որը պատկերացում չունի, թե ինչ է թատրոնը։ Երիտասարդները գալիս են դրամարկղի մոտ ու հարցնում են՝ էսօր թատրոն ունե՞ք։ Ուզում ես ասել՝ ունենք, տես շենքը կանգնած է։ Բայց ամեն դեպքում մեր այսօրվա վիճակը ես սարսափելի չեմ համարում։ Այն պարզապես վատն է, մղձավանջային փուլը մենք արդեն անցել ենք։ Հիմա կարելի է տարբեր դրամաշնորհների օգնությամբ ներկայացումներ անել, եւ դրա համար պետք չէ կցված լինել որեւէ թատրոնի։ Վերջերս, օրինակ, իմ ուսանողներից մի քանիսը որոշեցին Ակուտագավայի պատմվածքի բեմականացումն անել, հայտ գրեցին, իրենց համար անհրաժեշտ գումարը հավաքեցին ու հիմա աշխատում են։ Չգիտեմ, ինչպիսի բեմադրություն են անելու, բայց մեկնարկը փայլուն է։ Մեծամասամբ մեր ինստիտուտի ուսանողների մեջ եռանդ չկա, դա շատ լավ երեւում է, երբ անցնում ես ինստիտուտի՝ նախկին քիմիական տեխնիկումի միջացքներով։ Ցավոք, ջահելությունը շատ քիչ ռեսուրսներ ունի։ Եվ շատ լավ կլիներ, որ մեր առաջատար թատրոնների հնգյակը («Սունդուկը», Դրամատիկը, Պարոնյանը, Պատանի հանդիսատեսինն ու «Ստանիսը») հարկատուների գումարները ծախսեին երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն տալու համար։ Յուրաքանչյուր մշակութային հիմնարկ, լինի դա թատրոն կամ սիմֆոնիկ նվագախումբ, պետք է ժամացույցի ճշգրտությամբ աշխատի։ Իսկ ժամացույցը ցույց է տալիս, որ թատրոնի վերափոխումը պետք է երիտասարդներից սկսվի։ Հաշվի չենք առնում, որ արդեն 21-րդ դարում ենք ապրում եւ շարունակում ենք մեկ դար հետ մնալ աշխարհից։