Վիրուսը դեղորայքային բուժման ենթակա չէ

18/06/2009

Վիրուսներն առաջացնում են շատ հիվանդություններ` հերպես, խոզուկ, կարմրուկ եւ այլն: Վիրուսներն ավելի փոքր են, քան բակտերիաներն, ու նրանք ավելի պարզ կառուցվածք ունեն: Նրանք կազմված են ԴՆԹ կամ ՌՆԹ գենետիկական նյութից: Բազմացման համար վիրուսները ներթափանցում են բջիջների մեջ ու պատճենահանում իրենց: Նրանք հիվանդություն են առաջացնում երկու եղանակով` կամ ոչնչացնելով բջիջները, կամ էլ հրահրելով իմունային համակարգի պատասխան հարվածը, որն արտահայտվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են հոգնածության զգացումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Վիրուսների մեծամասնությանն իմունային համակարգը հաղթահարում է առանց ավելորդ բարդությունների: Որոշ վիրուսներ, օրինակ` հերպեսը, կարող են երկար ժամանակ գաղտնի մնալ` ի հայտ գալով ժամանակի ընթացքում: Վիրուսային ինֆեկցիաների մեծամասնությունը դեղահաբային բուժման ենթակա չէ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, իսկ հակավիրուսային դեղամիջոցներ դեռեւս չեն ստեղծվել: Դրա պատճառն այն է, որ վիրուսները զարգանում են բջիջներում, հետեւաբար` սպանելով վիրուսը, կարելի է վնասել բջիջը: