Ըստ ՀՀ Սահմանադրության, հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված
կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով («Մարդու եւ քաղաքացու
հիմնական իրավունքները եւ ազատությունները»): Նաեւ նշվում է, որ
մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները
մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Անմեղության կանխավարկածը սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրում (11-րդ հոդված), Մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (6-րդ
հոդված) եւ այլ միջազգային փաստաթղթերում: Դրանցում անմեղության
կանխավարկածը սահմանվում է հետեւյալ կերպ. «Հանցագործության մեջ մեղադրվող
յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու, քանի դեռ նրա մեղքը
օրինական կարգով չի հաստատվում հրապարակային դատական քննության միջոցով,
որի ժամանակ տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները»: Իսկ մեր
իրավապահ մարմինները կասկածյալին հրապարակայնորեն ներկայացնում են որպես
մեղադրյալ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը
հաստատում է, որ «02 լրատվական ծրագրի» գործունեությունը հակասում է թե՛
ՀՀ Սահմանադրությանը, թե՛ Եվրոպական կոնվենցիային՝ խախտելով անմեղության
կանխավարկածը: «Հաղորդումը նայելիս ակնհայտ է, որ ոստիկանությունը որպես
գործադիր մարմին միանգամից տալիս է դատավճիռը, – ասում է պրն Իշխանյանը:
-Ներկայացնում է անձի անունը, ազգանունը, ցույց է տալիս նրա դեմքը,
այսինքն՝ ներկայացնում է որպես հանցագործի»: Պրն Իշխանյանի կարծիքով, ճիշտ
կլիներ պարզապես տեղեկացնել, որ կատարվել է այսինչ հանցագործությունը,
օպերատիվ, քննչական մեթոդներով ձերբակալվել է կասկածյալը, եւ նշել անվան,
ազգանվան առաջին տառերը կամ փոփոխված տարբերակը, բացի այդ, ոչ մի դեպքում
չի կարելի նրա դեմքը ցույց տալ: Դա կլիներ ոստիկանության օրինական
հաղորդագրություն: Հարցիս, թե պատահե՞լ է, երբ հրապարակայնորեն
հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալի անմեղությունն ապացուցվել է
դատարանում, պրն Իշխանյանը պատասխանեց. «Հարց է ծագում, իսկ ընդհանրապես
Հայաստանի դատարաններն անմեղությունն ապացուցո՞ւմ են, թե՞ ոչ: Համաձայն
վիճակագրության՝ հազարավոր գործերից արդարացման դատավճիռներ հատուկենտ
դեպքերում են լինում: Այսինքն, երբ Ոստիկանությունը կամ Դատախազությունը
տվյալներ է տրամադրում լրատվական միջոցներին՝ նաեւ վստահ է, որ դատարանում
կասկածյալի անմեղությունը չի բացահայտվելու, անկախ այն բանից՝ նա անմե՞ղ
է, թե՞ մեղավոր: Իսկ դա ապացուցում է դատարանի կախվածությունը գործադիր
իշխանությունից: Կա եւս մեկ հանգամանք. ինձ հասած տվյալներով՝ «02»
հեռուստահաղորդման ժամանակ հաճախ ցույց տրվող հանցագործությունները նաեւ
միջոց են, որ հետագայում այդ մարդիկ չարդարանան, դա նաեւ ճնշման միջոց է
դատարանի նկատմամբ, չնայած առանց դրա էլ դատարանը մեծ մասամբ հաստատում է
Ոստիկանության եւ Դատախազության առաջ քաշած մեղադրանքները»: Արդարացման
դատավճիռներ Հայաստանում հազվադեպ են արձանագրվում: Համաձայն
վիճակագրության՝ 2000թ. 5569 գործերից ոչ մեկի դեպքում արդարացման
դատավճիռ չի կայացվել, 2001թ.՝ 3 դատավճիռ՝ 4593 գործերից, 2002թ.՝ 4-ը՝
4803 գործերից, 2003թ.՝ 10-ը՝ 3832 գործերից, 2004թ. առաջին կիսամյակում՝
1-ը՝ 1988 գործերից:
Կասկածյալների վրա բռնության հետքեր կան
Այսպիսով, հարց է ծագում. ինչո՞ւ կասկածյալները չեն ընդվզում «02»
հաղորդման նկարահանող խմբի դեմ՝ պահանջելով հարգել անմեղության
կանխավարկածը: Պրն Իշխանյանի համոզմամբ՝ հաճախ դա արվում է բռնության
միջոցներ գործադրելով, ավելին, էկրանից ցույց տրվող կասկածյալների վրա
հաճախ նկատելի են բռնության հետքեր: Հետեւաբար, դա հիմնականում ստիպողաբար
է արվում. «Այլ խնդիր է նաեւ, որ քաղաքացիները չգիտեն իրենց
իրավունքները,- ասում է պրն Իշխանյանը: – Ես իմ փորձից եմ ասում.
կալանավորների հետ հանդիպման ժամանակ պարզվում է, որ իրենց իրավունքների
մասին բացարձակապես պատկերացում չունեն: Հիմնականում դժգոհում են իրենց
նկատմամբ անարդար քրեական գործերի հետ կապված հարցերից: Երբ կասկածյալի,
վկայի կամ մեղադրյալի կարգավիճակով նրանց բերման են ենթարկում եւ սկսում
են քննչական գործողությունները, նրանք երկար ժամանակ փաստաբան չեն
ունենում եւ նույնիսկ տեղյակ չեն փաստաբան ունենալու իրենց իրավունքից»:
Պրն Իշխանյանի հավաստմամբ՝ «02» հաղորդաշարում հիմնականում ընտրված է մի
խավ, որն իր իրավունքների մասին բնավ տեղյակ չէ: Իսկ ի՞նչ տրամաբանություն
կա իրավապահների այս գործելակերպի մեջ. ասենք՝ նախաքննության փուլում
կասկածյալի անունը հրապարակում են, եթե դա կարելի է անել դատավճռի
արձանագրումից հետո։ Ըստ պրն Իշխանյանի՝ «Միայն այն, որ «02»-ով հաղորդում
է եղել, պետք է համարվեր արդար դատավարության եւ անմեղության կանխավարկածի
խախտում եւ հաշվի չառնվեր նախաքննության ընթացքի բոլոր ապացույցները: Բայց
քանի որ գործադիր իշխանության մարմինները՝ Ոստիկանությունը, նաեւ՝
Դատախազությունը վստահ են, որ դատարանն այդ խախտումները հաշվի չի առնի,
բավականին ինքնավստահ ցուցադրում են այդ ամենը: Սա ունի երկու
բացատրություն. այն է՝ ճնշում, որպեսզի կասկածյալն այլ ձեւերով կամ արդար
դատավարությամբ չազատվի, եւ երկրորդ ձեւն էլ՝ բնակչության շրջանում
ստեղծել տպավորություն, թե իրավապահ մարմիններն օպերատիվությամբ
բացահայտում են հանցագործությունները, իսկ վերլուծություն չանող
հասարակության համար համոզիչ են իրավապահների բացահայտումները»:
Մարդիկ «02»-ում նկարվելիս լավ են զգում իրենց
ՀՀ Ոստիկանության Հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության պետ
Սայադ Շիրինյանն ասում է, թե՝ «02»-ը ոչ մի դեպքում չի խախտում մարդու
անմեղության կանխավարկածը, քանի որ նրան ներկայացնում է որպես կասկածյալի.
«Եթե մենք նրան որակեինք որպես հանցագործ, այդ դեպքում կլիներ մարդու
իրավունքների ոտնահարում»: Հարցիս, թե հաշվի առնվո՞ւմ է արդյոք կասկածյալի
համաձայնությունը կամ ցանկությունը, պրն Շիրինյանը հետաքրքիր պատասխան
տվեց. «Մենք ստանում ենք օպերատիվ ամփոփագիր, որտեղ արձանագրված են լինում
կատարված դեպքերը, եւ ըստ դրա ենք աշխատում: Իհարկե, եթե կասկածյալը չի
ուզում, չենք նկարում»: Դժվար է պատկերացնել մի մարդու, որը ցանկություն
կունենա հեռուստատեսությամբ ներկայանալ հանցագործության մեջ մեղադրվող
կասկածյալի կարգավիճակով: «Իզուր եք այդպես կարծում, որովհետեւ շատերն
իրենց լավ են զգում «02»-ում նկարահանվելու համար: Մարդկային մի տեսակ կա,
որը նույնիսկ հպարտանում է իր արարքով եւ լավ է զգում, երբ բոլորն իմանում
են: Իսկ բռնություններ չեն կիրառվում. այն կազմակերպությունները, որոնք
մարդու իրավունքների պաշտպանության գործունեության քողի տակ գրանտներ են
շորթում, ամեն կերպ ուզում են այս համակարգի վրա ստվեր գցել: Դրանք անհիմն
եւ կեղծ տեղեկություններ են, որոնք բոլորովին չեն համապատասխանում
իրականությանը»,- ասաց պրն Շիրինյանը:
Այսօր, երբ մեր պետական այրերին չի մտահոգում մարդու տարրական
իրավունքների խնդիրը, հասարակական կազմակերպություններն են արտասահմանյան
կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով ինչ-որ ծրագրեր
իրականացնում: Սակայն ո՞վ կարող է պատկերացնել, որ որեւէ մեկն իրեն լավ
կզգա «02»՝ շաբաթվա հանցագործությունների մասին պատմող հաղորդաշարում
նկարահանվելիս: «02» հաղորդաշարը դարձել է դետեկտիվ-ֆանտաստիկ-սարսափ
ժանրի մի հաղորդաշար, որը դիտում են ոչ միայն մեծահասակները, այլեւ
երեխաները: Երեխաները լսում եւ տեսնում են, թե, ասենք, հարսը ինչպես է մեծ
քարով խփել սկեսուրի գլխին եւ սպանել, կամ, թե ինչպես է որդին հորը կացնով
կտոր-կտոր արել… Ներկայացվում են մարդկային դաժանության,
հանցագործությունների եզակի նմուշներ, որոնք մարդկանց հանցագործություն
կատարելու նոր գաղափարներ ու ձեւեր են հուշում: