Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ իշխանության հանրապետական վերնախավը հետեւողականորեն աշխատում է ԱԺ մի քանի դեռեւս անկախ պատգամավորներին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմում ընդգրկելու ուղղությամբ, ինչի համար վերջիններիս արդեն բաժանվել են «պատրաստի դիմումներ»: Այդ գործընթացը, սակայն, ՀՀԿ-ի համար դեռեւս հաջողությամբ չի պսակվում եւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրանտ Վարդանյանի որդուց` Կարեն Վարդանյանից բացի, այլ ստորագրողներ առայժմ չկան: Իսկ անկախ պատգամավորների ՀՀԿ-ացումն այնքան էլ հարթ չի ընթանում, ինչը կանխելու համար էլ ՀՀԿ-ն սկսել է այս գործընթացը: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, ՀՀԿ-ին զուգահեռ անկախ, հիմնականում` գործարար պատգամավորներին «վերբովկա անելու» ուղղությամբ աշխատում է նաեւ «Բարգավաճ Հայաստանը»: Ըստ լավատեղյակ աղբյուրների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանի իր հանդիպումների ժամանակ նշված պատգամավորներին եւ նրանց վրա ազդեցություն ունեցող գործիչներին «հարեւանցիորեն» փորձում է համոզել, որ այսպես շարունակվելու դեպքում կզրկվեն իրենց բիզնեսներից: Այս ուղղությամբ աշխատում են նաեւ ԲՀԿ մյուս անդամները եւ այս կուսակցության «իդեոլոգները»: Եվ որպես վախեցնելու հիմնավորում՝ բերվում է հարկային վերջին փոփոխությունների օրինակը, որի ժամանակավոր կասեցումը այս «պրոյեկտի» հեղինակները կապում են Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերի հետ: Մի խոսքով, այս ամբողջ խաղի իմաստն իշխանություններից դժգոհ, բայց դեռեւս լծակներ ունեցող ուժերին ԲՀԿ-ի շուրջ հավաքելն է` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ծրագրի շրջանակներում: Մեր տեղեկություններով, դրա «հրապարակայնացումը» նախատեսվում է առաջիկա աշնանը:
ԲՀԿ-ամերձ աղբյուրները չեն բացառում անգամ, որ հնարավոր է դա կատարվի Քոչարյանին ԲՀԿ պատվավոր նախագահ դարձնելու ճանապարհով, ինչը մի քանի ամիս առաջ նախատեսված էր, բայց վերջին պահին տեղի չունեցավ: Այսպիսով, ընդդիմադիր դաշտում միասնական պլատֆորմի շուրջ միավորվելու հեռանկարների մասին քննարկումներին զուգահեռ՝ որոշակի գործընթացներ են տեղի ունենում նաեւ իշխանության վերնախավում: Եվ, ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, ՀՅԴ-ում վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, որոնց առանցքում կուսակցության հետագա դիրքորոշման հստակեցման հարցն է: Բանն այն է, որ ՀՅԴ վերնախավում կան գործիչներ, ովքեր պնդում են, թե պետք է առժամանակ ընդդիմադիր կեցվածք ընդունած սպասել ԲՀԿ-ի շուրջ ընթացող գործընթացներին եւ Վարդան Օսկանյանի հետ հարմար պահի միանալ «Քոչարյանի վերադարձը» օպերացիային, որոշ
ՀՅԴ-ականներ էլ գտնում են, որ վերջապես հնարավորություն են ստացել իրական ընդդիմության հետ միավորվելու միջոցով փրկել իրենց հեղինակությունը: Ինչ վերաբերում է այս ծրագրի ամենաակտիվ մասնակցին` ԲՀԿ-ին, ապա վերջինիս դեռեւս ոչ հրապարակային որոշ քայլերի կանդրադառնանք մեր առաջիկա համարում: