Նախաբանի փոխարեն
Ինչպես ցանկացած ժողովուրդ, այնպես էլ հայ ժողովուրդը ծնում է անհատներ, որոնք մարդկային կյանքի տարբեր բնագավառներում դառնում են մտքի կրողներ: Իհարկե, նրանց թիվը սահմանափակ է, եւ, բնականաբար, նրանք պետք է կազմեն տվյալ երկրի կամ ազգի հավաքական միտքը: Մարդկային կյանքի ո՞ր հիմնական ոլորտներն են մեզ հետաքրքրում: Ելնելով իմ առջեւ դրված հիմնախնդրից` ինձ ամենից առաջ հետաքրքրում են ազգային-պետական մտքի հասարակական-քաղաքական, պետական, գիտատեխնիկական, բժշկական, հումանիտար ոլորտները: Այսպիսով, ի՞նչ կարելի է ասել հայկական մտքի մասին: Յուրաքանչյուր սերնդի մեջ ծնվում են անհատներ, որոնք որոշակի հիերարխիայում պետք է զբաղեցնեն կարեւոր պետական պաշտոններ: Նրանք ծնվում են սոցիալական տարբեր խավերի մեջ, իրարից միանգամայն տարբեր ընտանիքներում: Մարդկանց այդ սահմանափակ պայմանական խումբը սոցիալական միջավայրում անցնում է առաջին սելեկցիան` ընտրությունը. այդպես է ձեւավորվում աշխարհայացքը, ապա եւ՝ ողջ հասարակության մեջ աշխարհընկալումը: Հասարակության ինտելեկտուալ ձգտումներից է կախված մտքի տոնուսը, նրա զարգացումը: Հասարակության պատրաստված լինելը ստեղծում է պետական այրերի եւ հասարակական-քաղաքական միավորումների ու նրանց առաջնորդների կերպարը, որոնք որոշակի հարաբերությունների մեջ են մտնում իրար հետ: Եթե տաղանդավոր մարդը դեռ դպրոցական նստարանից տեսնում է, որ կյանքի այս կամ այն բնագավառում առաջնորդներն ընտրվում են ոչ արդարացիորեն, ապա այդ ուժեղ, բնությունից օժտված մարդկանց մի մասը զարգացման իր ուղղվածությունը կառուցում է օտար էթնո-պետական միջավայրում: Նրանք լքում են հայ հասարակությունը եւ իրենց կարիերան ստեղծում ուրիշ երկրներում` մտածելով, որ մի օր անպայման կվերադառնան եւ օգուտ կբերեն Հայաստանին: Մյուս մասը հայրենիքից կհեռանա ավելի ուշ, երբ նրան կճնշի արժեհամակարգը, որտեղ նա տեղ չունի, քանզի տաղանդավոր, խելացի մարդը հույսը դնում է իր տաղանդի եւ խելքի վրա (ինչը բնական է), իսկ հասարակությունը, ի հակակշիռ նրանց, հենվում է այլ արժեքների վրա` ծանոթության, բարեկամության, փողի: Այսպես մարդկանց երկու կարեւորագույն մասեր լքում են երկիրը` թուլացնելով Հայաստանում ինտելեկտուալ գործընթացները: Այժմ ընտրենք նրանցից, ովքեր մնացել են: Ինչպես հներն էին ասում, այժմ կեղտոտ սպիտակեղենից ընտրում ենք համեմատաբար քիչ կեղտոտվածը: Սակայն պարադոքսն այն է, որ ինչքան բարձր է կրթվածության մակարդակը, որքան ուժեղ եւ սկզբունքային է առաջնորդը, այնքան քիչ հնարավորություններ ունի ներգրավվելու Հայաստանի պետական կառույցներում կամ հարաբերությունների հասարակական համակարգում: Եվ սա՝ այն դեպքում, երբ երկիրը հենց նման մասնագետների ու նման անհատների կարիքն ունի: Այսպես է եղել մեր պատմության ողջ ընթացքում. դրա օրինակներն այնքան շատ են, որ չարժե թվարկել:
Այստեղից հետեւություն. դարեր շարունակ Հայաստանը վատ է հասկացել եւ մեծ սարսափով է կարեւորագույն որոշումներ կայացրել` իրեն վերապահելով միայն իներցիոն գործընթացները, այն, ինչ մենք անվանում ենք գավառամտություն եւ պարտվողականություն:
Այսօր քարոզվում է հայի պաշտամունքը. այս մեկը այսինչ երկրում հանճար է, սա այսինչ բնագավառում տաղանդավոր է, այսինչ մարդը հայկական արմատներ ունի, իսկ այս մեկը պարզապես չի խոստովանում իր հայկական ծագումը… Հայ են, հայ են, հայ են…
Ազգի մասին այս պատառ-պատառ, չհամակարգված պատկերացումը աղետալի է անդրադառնում ազգային ինքնագիտակցության, ազգի, Հայաստանի մասին հասարակական պատկերացումների վրա: Այս պայմաններում ազգն ապագա չունի, քանի որ չկա զարգացում: Ինչպե՞ս փոխել ընտրություն կատարելու ընկալումը. պետք է դուրս գալ ազգային արժեքային համակարգի կործանարար շրջանակներից, դառնալ ազատ եւ հասկանալ, որ նրանք, ովքեր ծնված են երկրի առաջնորդող ուժը դառնալու՝ պետք է դառնա՛ն այդ առաջնորդող ուժը, ովքեր պետք է դառնան գիտական միտքը՝ պետք է դառնա՛ն, իսկ նրանք, ովքեր պիտի բուժեն մեզ՝ պիտի բուժե՛ն, ոչ թե ձեւացնեն, թե բուժում են: Անհեթեթն այն է, որ ընտրության համակարգն այնքան արատավոր է, որ իշխանության մեջ գտնվողները չեն հասկանում, որ այս անհարմարավետ, վտանգավոր, թունավորված միջավայրում իրենք եւս ապրում են: Եվ ոչ մի քարե հինգմետրանոց պարիսպ չի փրկի իրենց կյանքը տեխնոծին կամ ֆինանսական կամ այլ աղետից: Ի դեպ, նման հոգեբանությամբ ինչպե՞ս են երեկվա չքավորները երկրում ուզում ժողովրդավարություն կառուցել…
Հիվանդոտ այն գաղափարախոսությունը, թե հայերը տաղանդավոր ժողովուրդ են եւ ամենուր հաջողության են հասնում, խանգարում է հասարակության առաջընթացին: Ելնելով այս ամենից` Հայաստանը ի դեմս իշխանությունների՝ ասում է. ոչինչ, որ մեր երկրում արդարություն չկա. փնտրե՛ք արդարություն ուրիշ երկրներում: Եթե մեկը հաջողության հասնի, կհպարտանանք նրանով, իսկ ով որ չհասնի, այստեղ էլ բանի պետք չէր: Սակայն իրականում դա այդպես չէ. երկրից հեռանում է մրցունակը, հայրենիքը նրա համար խորթ մայր է: «Որտեղ հաց, էնտեղ կաց» ասացվածքը ցույց է տալիս ազգային կյանքի տխմարությունն ու դաժանությունը, որովհետեւ ինչո՞ւ մարդը պետք է այդ մի կտոր ՀԱՑԸ իր տանը չունենա: Անվիճելի է, որ հայերը տաղանդավոր ազգ են անհատների մակարդակով, սակայն ընտրության համակարգը խեղաթյուրված է: Մենք դեռ վատ ենք պատկերացնում, թե ում եւ ինչպես պետք է ընտրենք այս կամ այն պաշտոնում` այդպիսով ապահովելով մեր ազգի առաջընթացը: Իշխանությունն ամեն անգամ խոժոռվում է եւ նեղանում, երբ նրա հետ խոսում են ազատ, անկեղծ, առանց քծնանքի եւ շողոքորթության: Իշխանությունը ցույց է տալիս իր սահմանափակ լինելը եւ ներպետական հիմնախնդիրները լուծելու անկարողությունը: Այն ավելի ու ավելի է խճճվում բարեկամական-ազգակցական հարաբերություններում, քանզի հասարակությունն այնքան ճկուն չէ, ու Հայաստանն էլ այնքան մեծ չէ ու այդքան ռեսուրսներ չունի գոյատեւելու, այդ պատճառով մի օր ամեն ինչ փլվելու է ավազե տնակի պես: Արդար ընտրությունը կարեւորագույն արժեք է, ինչը նշանակում է հասարակության, ազգի ներսում անհատի, տաղանդի դերի ընկալում: Սակայն ո՞վ է այդ արդարության կրողը հայոց պետության մեջ: Ի՞նչ են հասկանում արդարություն ասելով, օրինակ, ակադեմիկոսները կամ դատավորները, խորհրդարանը կամ քաղաքական կուսակցությունները, կառավարությունը կամ հասարակ դպրոցը, սովորական մանր պաշտոնյաները յուրաքանչյուր պետական օղակում: Նրանք ամեն ինչից վեր են դասում միանգամայն այլ արժեքներ. զազրելի ու անհասկանալի խոստումների եւ պայմանավորվածությունների համար անգամ առանձին լեզու է հնարվել… Ափսոս, որ միջազգային դիվանագիտությունը չի օգտվում հայ հասարակության այդ «ձեռքբերումներից», թե չէ մենք աշխարհում լավագույնը կլինեինք: 21-րդ դարը հայ ազգի համար դար չէ, քանզի հայ ժողովուրդը ամենաանհեթեթ որոշումներն է կայացնում, այն էլ՝ չափազանց ուշացած: Սակայն սա դար է հայերի համար, քանզի նրանք օտար ափերում են կառուցելու իրենց կարիերան` միանգամայն գոհ տվյալ երկրի տված գնահատականից:
Մեծ ազգերը նրանց դարձնում են իրենց մեծ գիտնականներ, բանաստեղծներ, նկարիչներ ու կոմպոզիտորներ, այնինչ մենք մեր գավառամտությամբ ու մեծամտությամբ (տգիտությունն ու անհիմն պարծենկոտությունը կողք կողքի են քայլում) չենք տեսնում, իսկ երբեմն էլ պարզապես չենք ուզում տեսնել իսկական տաղանդը, իսկական մեծությունը, հատկապես, եթե այն իրոք մեծ է: Այսպես է եղել շատ-շատերի հետ: Այս շարքից նշենք վերջին փաստը` մեր վերաբերմունքը Մերգելյանի անվան եւ մահվան նկատմամբ…
Մեր կյանքում այս անարդարությունները շարունակվում են: Սակայն տաղանդավոր երիտասարդները, նրանք, ովքեր մեր ապագան են դառնալու, գիտեն՝ ինչպես պայքարել անարդարության դեմ. այդ ուղին մենք ենք գծել: Ուրախացե՛ք, երիտասարդ անտաղանդներ, 20 տարի հետո դուք դառնալու եք Հայաստանի մեծ գիտնականներն ու արվեստագետները…
Մեր բոլոր փակուղիները, պարտությունները, դժբախտություններն ու վտանգները մեր մեջ են, քանի որ մենք չենք հասկանում, թե ում եւ ինչին պետք է նախապատվություն տանք այս կամ այն բնագավառում: Իսկ Հայաստանը դեռ մնալու է անարդարության ու ինքնակեղեքման իշխանության տակ, քանզի մեզ ոչ ոք չի կարող հաղթել, բացի մեր իսկ կիսագրագետ ու անկիրթ հայից, որը մինչեւ արյան վերջին կաթիլը կանգնելու է իշխանության իր խրամատներում:
Այո, մեր հասարակության մեջ շատ անարդարություն կա, որը քայքայում է մեր կյանքը: Սակայն… նայե՛ք եւ ասե՛ք. ինչո՞ւ է հայ միտքը այսքան երկար ժամանակ գտնվում հայկական տգիտության իշխանության ներքո: Սրանում մեղավոր ենք մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրը: