Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների մասին զեկույցներից մեկի հեղինակները
գրում են, թե դատելով ըստ ամենայնի՝ հասարակության մեջ հրեաների նկատմամբ
ատելությունը գնալով աճում է։ Այս տարի Ռուսաստանում գրանցվել է
հակահրեական միջադեպերի թվի շեշտակի աճ։ Մեծացել է հրեական գերեզմանոցների
պղծման դեպքերի թիվը, շատացել են հարձակումները հրեայի արտաքին ունեցող
մարդկանց վրա, ինչպես նաեւ՝ հրեական ինտերնետային կայքերը փչացնելու
փորձերը։
2005 թվականի սկզբին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը մի հուշագիր է
ստացել, որը հուդայականությունն ու հրեական կրոնական կազմակերպությունները
Ռուսաստանում արգելելու պահանջ էր պարունակում։ Այն ստորագրել էին
հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաեւ՝ խորհրդարանի քսան դեպուտատ։ Անցած
ամիս՝ համարելով, որ հուշագրի հեղինակները ճիշտ են, գլխավոր դատախազը
հետաքննություն սկսեց հրեական մի կազմակերպության ղեկավարների նկատմամբ,
ովքեր զբաղվում էին «Շուլխան Արուխի» (16-րդ դարի հրեական կրոնական
օրենքների ժողովածու) ռուսերեն թարգմանության տարածմամբ։ Իսրայելի եւ այլ
երկրների կոշտ դիրքորոշումը գլխավոր դատախազին ստիպեց հայտարարել, որ
գործը փակված է։
Զեկույցի հեղինակները պնդում են, թե Ռուսաստանում հրեաների նկատմամբ
ատելության ուժգնացումը տեղի է ունենում հասարակության մեջ կատարվող
փոփոխությունների արդյունքում, առաջին հերթին՝ ռուս հասարակության մեջ
ազգայնական եւ հակաամերիկյան տրամադրությունների բարձրացման պատճառով։
Հրեաներն ավելի ու ավելի շատ են ընկալվում որպես Միացյալ Նահանգների
հովանավորյալներ եւ ազգային հարստության թալանի գծով նրանց գործընկերներ։
Զեկույցի հեղինակները նշում են, թե Ռուսաստանի եւ նրա հարեւան երկրների
իշխանությունները հակահրեականությունը ճնշելու համար կոշտ միջոցներ չեն
ձեռնարկում, քանի որ այդ տրամադրությունները ժողովրդականություն են
վայելում։ Դրանք կիսում է ռուսական բյուրոկրատիայի եւ հատուկ
ծառայությունների աշխատակիցների մեծ մասը, եւ ավելի մեծ ընդունելություն
են գտնում տեղական իշխանությունների մոտ, որոնց առանձնապես շատ չի
հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը Ռուսաստանի մասին։
Տ.Պ.