Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Բռինչը (կալինա) ժողովրդական բժշկության մեջ
Բռինչը շատ գեղեցիկ է գարնանը, երբ թուփը ծածկված է ծաղիկների ճերմակ ժանյակով, եւ ուշ աշնանը, երբ կարմրագույն տերեւների արանքից երեւում են վառ կարմիր պտուղները: Բռինչը վիտամինային հատկություններով չի զիջում սեւ հաղարջին: Իհարկե, ժողովրդի լեզվով ասած, մինչեւ ցուրտը խփելը, բռինչի պտուղները դառն են ու թթվաշ: Բայց հետո օգտագործելու ժամանակ թթվայնությունը փոխարինվում է քաղցրությամբ: Շատ բնության սիրահարներ այն համարում են դեկորատիվ բույս, չնայած, որ բռինչն օժտված է շատ օգտակար հատկություններով:
Բռինչն անփոխարինելի նշանակություն ունի հատկապես գարնանը` ավիտամինոզների ժամանակ: Բուժման նպատակով ավելի շատ օգտագործվում են ոչ թե պտուղները, այլ կեղեւը: Դեռեւս հին ժամանակներում բռինչի կեղեւը գինեկոլոգիական գործունեության մեջ օգտագործել են որպես արյունահոսությունը դադարեցնեղ միջոց: Շատերը խորհուրդ են տալիս կեղեւն օգտագործել հազի, մրսածության, սկլերոզի, ստամոքսի ու երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ:
Բռինչի պտուղներն աշխուժացնում են օրգանիզմը, կարգավորում սրտի աշխատանքը: Այն օգտակար է անոթների սպազմի, հիպերտոնիայի ու նեւրոզների ժամանակ: Այն երբեմն էլ օգտագործվում է նաեւ որպես միզամուղ միջոց: Պտուղների հյութը եւ եփուկը մեղրի հետ խմում են վերին շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ:
Նեւրոզների ժամանակ շատ լավ օգնում է սովորական բռինչի կեղեւի եփուկը: Դրա համար պետք է վերցնել 15գ չորացրած-մանրացրած կեղեւահումք եւ եռացնել 30 րոպե 2 բաժակ ջրում, լավ քամել: Քանի որ եռալու ժամանակ ջուրը պակասում է, պետք է ջրի քանակը հասցնել 2 բաժակի` ավելացնելով առանձին եռացրած ջուր: Այն ընդունել 1 ճաշի գդալից` օրը 3 անգամ:
Բռինչի թուրմն ընդունում են որպես հակացնցումային միջոց: Դրա համար անհրաժեշտ է 5 ճաշի գդալ բռինչի թարմ պտուղները լվանալ, չորացնել ու տրորելով աստիճանաբար ավելացնել 3 բաժակ ջուր: Ստացված զանգվածը 1 ժամ թրմել ու քամել: Այս թուրմը խմում են 1/2 բաժակից, 4 անգամ, ուտելուց առաջ:
Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում ընդունել բռինչի կեղեւաթուրմը: Այն պետք է խմել 1-2 գդալ օրվա մեջ 3 անգամ ուտելուց հետո: Մրսածության ժամանակ օգտակար է բռինչի ծաղիկներից պատրաստված թուրմը: Այն պետք է խմել 1 ճաշի գդալից` օրը 3 անգամ:
Մի քանի ժողովրդական միջոց կոկորդի հիվանդության դեպքում
Չինաստանում կոկորդի հիվանդությունների դեմ ամենալավ եւ անփոխարինելի միջոցը համարվում է ծովի ջուրը: Նման խնդիրներ ունեցող չինացիները, հիմնականում՝ ամառային ամիսներին, գնում են ծովափ: Նրանցից ոմանք կատարում են կոկորդի ողողումներ սառը ջրով, ոմանք էլ` մի քիչ տաքացրած ծովի ջրով: Սակայն այս միջոցը գործածելու համար պետք է ապրել ծովափին, որովհետեւ ծովի ջուրը երկար չի կարելի պահել, քանի որ այն փչանում է: Իհարկե, շատերը կարող են ամռան հանգիստը ծովում անցկացնելու ժամանակ կատարել այս պրոցեդուրան:
Կոկորդի հիվանդությանը շատ լավ օգնում է նաեւ անիսոնի պտուղներից պատրաստված եփուկը: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ ջուր, հետո ավելացնել կես բաժակ անիսոնի պտուղներ ու 15 րոպե եռացնել: Այնուհետեւ քամել, պտուղները թափել, իսկ եփուկը եռացնել քառորդ բաժակ մեղրի հետ եւ ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Լավ կլինի վերցնել լորու մեղր:
Խմել 1 ճաշի գդալ` յուրաքանչյուր կես ժամը մեկ: Այս միջոցն օգնել է նույնիսկ երգիչներին, որոնք կարեւոր ելույթից 1 օր առաջ հիվանդացել են: Այս պատրաստուկը 1 օր օգտագործելուց հետո նրանց ձայնը վերականգնվել է:
Ալոճի թուրմը կրծքային հեղձուկի համար իսկական պանացեա է
Ալոճի թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 7 բաժակ տարողության կաթսա, մեջը լցնել 7 լիքը ճաշի գդալ ալոճի պտուղներ, վրան լցնել եռացրած ջուր, այնուհետեւ կաթսան դնել ջերմադիմացկուն տեղ, փաթաթել տաք շորով ու պահել 20-24 ժամ: Հետո դա քամել թանզիֆի հաստ շերտով, իսկ ուռած պտուղներն էլ լավ ճզմել, որպեսզի հյութն ամբողջովին դուրս գա, եւ հյութը դնել սառնարանում: Խմել օրը 3 անգամ 1 բաժակից` ուտելու ընթացքում: Արդյունքը կզգաք մի քանի ամսից:
Գերմանիայում ալոճի թուրմը սպիրտի հետ համարվում է միակ արժեքավոր դեղամիջոցը կրծքի հեղձուկի դեմ: