Երեկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ողջունելով «նախընտրական քարոզարշավում տիրող մթնոլորտի որոշ բարելավումները», առաքելությունը մտահոգություն է հայտնել բուն ընտրությունների անցկացման վերաբերյալ, քանի որ «շատ ընտրողներ չեն կարողացել ազատ կերպով իրացնել իրենց ժողովրդավարական իրավունքները»: «Գովելի է ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որ հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային միջոցներով ներկայանալու իրենց ընտրողներին: Չնայած որոշ ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ լուսաբանումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվել, քան իշխանական կոալիցիայի կուսակցություններին, սակայն, ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, բովանդակային առումով ընդդիմության լուսաբանումը ընդհանուր առմամբ չեզոք էր»,- նշված է հայտարարության մեջ: Այդուհանդերձ, ըստ նրանց, քվեարկության գործընթացը «բոլորովին այլ պատկեր է ներկայացնում»: «Երեւանում մեր դեսպանության դիտորդների հաղորդումների եւ տեղական ու միջազգային այլ դիտորդների հետ ունեցած քննարկումների հիման վրա մենք կարող ենք սոսկ եզրակացնել, որ ընտրությունների օրը քվեարկության գործընթացն անցել է լայնատարած խախտումներով ու ահաբեկմամբ: Մենք տեսել ենք քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի կեղծման, կուսակցությունների վստահված անձանց եւ դիտորդների ահաբեկման եւ տեղամասերում անհայտ ու չարտոնված անձանց ներկա գտնվելու դեպքեր»,- ասված է հայտարարության մեջ: «Ի վերջո, չնայած խախտումներով ընթացած ընտրություններին, հարկ է նշել, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը Երեւանի ավագանում զգալի թվով տեղեր է ստացել: Մենք հասկանում ենք այն հուսախաբությունը, որ ընդդիմության կողմնակիցներն ապրում են քվեարկության անցկացման հետ կապված, սակայն կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին ընդունել ավագանու իրենց մանդատները եւ Երեւանի կառավարման հարցերում լիակատար ու ակտիվ մասնակցությամբ ներկայացնել իրենց ընտրողներին»,- գտնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը: