Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի` քաղաքական այս փուլի վերջին հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, իսկ դադարի ամիսներն օգտագործվելու են քաղաքական պայքարը շարունակելուն ուղղված աշխատանքների համար: «Մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին»,- իր ծավալուն ելույթի վերջում ասել է Լ. Տեր-Պետրոսյանը` մինչ այդ մի քանի կարեւոր հայտարարություններ անելով` ուղղված ինչպես արտաքին աշխարհին, այնպես էլ հայաստանյան ուժերին: Նախ երեկ ՀՀ առաջին նախագահն ամբողջացրել եւ, այսպես ասած, վերջնական տեսքի է բերել Արեւմուտքին ուղղված իր գնահատականները` դրանք, ըստ էության` հավասարեցնելով ՀՀ իշխանություններին տրված որակումների հետ: «Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ, որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը` առաջին հայացքից տպավորություն թողնելով, որ ՀԱԿ-ն արդեն պայքարում է ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաեւ Արեւմուտքի հետ:
Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթի մյուս կարեւոր շեշտադրումը Հայաստանի քաղաքական ուժերին ուղղված առաջարկն է` միավորվել 12 կետերից բաղկացած պլատֆորմի շուրջ: