Անցած ապրիլին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ղրիմի Ինքնավար
Հանրապետության կառավարության ղեկավար է նշանակել Անատոլի Մատվիենկոյին։
Հանրապետության խորհրդարանում ձայների աննշան տարբերությամբ այս
նշանակումը հաստատվել է։ Մատվիենկոն կոմերիտմիության նախկին քարտուղար է,
եղել է վարչապետ Տիմոշենկոյի զինակիցը։
Գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցի այն հարցին, թե անհանգստության
տեղիք չի՞ տալիս Ղրիմի ազգային կազմը (ռուսներ՝ 58%, թաթարներ՝ 12),
Մատվիենկոն պատասխանել է. «Ղրիմում կամ այլուր խնդիրը ոչ թե
ազգություններն են, այլ հիմար քաղաքական գործիչներն, ովքեր թեժացնում են
իրավիճակը։ Ռուսաստանն այստեղ միշտ ուզում է իր ձեռքում պահել
հաղթաթուղթը։ Երբ լարվածություն է առաջանում, նա փորձում է անաչառ
դատավորի դեր ստանձնել»։
«Die Welt»-ի «Կանխատեսելի՞ է ռուսական քաղաքականությունը» հարցին ի
պատասխան, Մատվիենկոն ասել է. «Վերջերս նախագահ Պուտինը հայտարարել է, թե
Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն որոշ
քաղաքական գործիչներ, օրինակ՝ Պետական դումայի պատգամավոր Օլեգ Ռոգոզինը,
օգտագործում են այդ թեման Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում
ձայներ շահելու համար։ Խնդիրներ է հարուցում նաեւ Ռուսական Սեւծովյան
նավատորմի ներկայությունը։ Նավատորմը ծիծաղելի աստիճանի ցածր վարձավճար է
տալիս, բայց շրջակա միջավայրին հասցնում է ահռելի վնասներ, որոնք հարյուր
միլիոնավոր դոլարներ են կազմում։ Ռուսական զորքերը զորավարժությունների
ընթացքում դեսանտ են իջեցնում՝ առանց նախապես տեղյակ պահելու։
Անվտանգության մեր ուժերը մի անգամ ստիպված էին արգելափակել նրանց։ Սա էլ
մի բան չէ»։
Հարցազրույցում Մատվիենկոն խոսում է նաեւ Ղրիմում ծաղկում ապրող ստվերային
տնտեսության մասին։ «Իշխանությունները չպետք է հիվանդ լինեն։ Մեզ հարկավոր
է թափանցիկ տնտեսություն, եւ մենք ուզում ենք վերականգնել վստահությունն
իշխանության նկատմամբ։ Այնպիսի առողջարանային տարածաշրջանն, ինչպիսին
Ղրիմն է, չպետք է ապրի դոտացիայով։ Յալթան հողերի անօրինական,
սպեկուլյատիվ վաճառքի արդյունքում 300 միլիոն դոլար է կորցրել, ինչը երեք
անգամ շատ է քաղաքի բյուջեից»։
Ղրիմի կառավարության նոր ղեկավարն ասում է, թե Գորբաչովի ժամանակ
հարբեցողության դեմ պայքարի շրջանակում ոչնչացվել են խաղողի շատ այգիներ։
Հիմա փորձում են վերականգնել։ Նույնիսկ հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն
է Ղրիմում հող գնելու եւ խաղողի այգիներ ստեղծելու ցանկություն հայտնել։
Տ.Պ.