Այս տարի ընդունելության քննությունները չեն դադարում սկանդալային լինելուց: Շատերի գնահատմամբ` երբեւէ այնքան անօրինականություններ չեն եղել ընդունելության քննությունների ժամանակ, որքան այս տարի է:
Դասախոսներից շատերի գնահատմամբ էլ` իրավիճակն այս տարի իսկապես սարսափելի է, քանի որ եթե անցած տարիների ընթացքում այս կամ այն պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխային մի կերպ 18-20 բալ են նշանակել, ապա դրան զուգահեռ՝ նույն գնահատականին են արժանացել նաեւ բոլոր այն դիմորդները, ովքեր արժանի են եղել դրան` անկախ նրանից, թե ում երեխան կամ ազգականն է: Երեկ մենք այցելեցինք Վանաձոր, որտեղ մեկնարկել էին անգլերենի, գերմաներենի, իսպաներենի ու ֆրանսերենի քննությունները: Այստեղ քննություն հանձնողների ընդհանուր թիվը 627 է, որից 591-ը քննություն է հանձնել անգլերենից, 33-ը` գերմաներենից, մեկ հոգի` իսպաներենից եւ երկու հոգի էլ՝ ֆրանսերենից: Երեկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես Վանաձորում էր: Նա եղավ երկու քննական կենտրոններում ու զրուցեց բակում հավաքված ծնողների հետ: Այստեղ եւս դժգոհությունները քիչ չէին` ինչպես հայոց լեզվի քննությունից, այնպես էլ` մաթեմատիկայի: «Էստեղ խայտառակ վիճակ ա: Հիմա ինչի՞ ա եկել էս նախարարը, որ եկել ա` օգնելո՞ւ ա մեր էրեխեքին: Հատկապես էս 5-րդ դպրոցում պատկերը ահավոր ա»,- նշեց ծնողներից մեկը` առանց ներկայանալու: Ի դեպ, այն բոլոր ծնողները, ովքեր դժգոհում էին, վախենում էին ներկայանալ, անգամ խնդրում էին անջատել ձայնագրիչը ու հարեւան ծնողներին ասում էին, որ իրենց անունները չասեն: «Այս տարվա նման քննություններ չկան: Վանաձորում միջին գնահատականը 11,5 ա, իսկ էն բարձր գնահատականները ստացել են միայն հարուստների երեխաները»,- ասաց վրդովված ծնողներից մեկը: Այնուհետեւ մեզ մոտեցավ Ելենա տատն ու հակադրվեց դժգոհ ծնողներին: «Աղջիկ ջան, թոռնիկիս եմ սպասում: 10 տարի գերազանցիկ ա սովորել ու ստացել ա 19,25 բալ: Մեզ փող որտեղի՞ց. դաժե էրեխեն կիսասոված ա գալիս քննության, բայց մի գրեք էդ մասին»,- պատմում էր Ելենա տատը ու շեշտում թոռան անուն-ազգանունը` Սեւակ Մարտիրոսյան: Տատն արդեն երկու ժամ սպասում էր թոռանը ու անգամ զրուցելիս աչքը չէր կտրում դպրոցի մուտքից: Սակայն Ելենա տատի թոռան դեպքը խիստ եզակի էր: «Էս տատիկի թոռնիկը անհեր ա, ու ես էլ եմ լսել, որ լավ ա սովորում»,- նկատեց դիմորդներից մեկի մայրը: Վերջինս չհրաժարվեց պատասխանել իմ հարցերին ու ներկայացնել իրական պատկերը: «Դե գիտե՞ք ինչ կա. հարուստի էրեխեքը շատ են, բայց ես անունները հիմա չեմ կարա ասեմ: Էն, որ ասում են` ամեն ինչ արդար ա, սուտ ա: Աղջիկս հայոց լեզվի քննության ժամանակ տեսել էր, թե ինչպես էին էդ մարդկանց էրեխեքից մեկին գրած թեստը փոխանցում: Երբ էդ մասին հանձնաժողովի անդամին ասաց, որ ինքը տեսել ա, հանձնաժողովի անդամը պատասխանեց` աղջիկ ջան, տեսողությունդ լավ չի»,- պատմեց Լուսինեն, ում աղջիկը հայոց լեզվի քննությունից ստացել է 14 միավոր: Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ որդին կտրվել էր քննությունից, մեր զրուցակիցը տեղյակ չէր, սակայն նշեց. «Հետո մի բան կանեն էլի, որ ընդունվի»: Իսկ անգլերենի քննության ժամանակ կինն ինքն էր ականատես եղել երկու մարդկանց խոսակցությանը, ովքեր քաղաքի հայտնի դեմքերից էին: «Պատկերացնո՞ւմ եք. նրանք արդեն վերեւներում էին պայմանավորվել: Հա, համ էլ ամեն ինչ վերեւից ա գալիս»,- եզրափակեց կինը: Ծնողներից տիկին Հասմիկն էլ զայրացած էր մաթեմատիկա քննության արդյունքների համար: «Մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահը սկզբից վերցրել էր էրեխեքի հաշվիչները, հետո նորից բաժանել նրանց»,- նշեց ծնողներից Հասմիկը, ով այլեւս հույսեր չունի, որ աղջիկը կարող է ընդունվել` 11,5 եւ 12,5 միավորներով: Իսկ թե արդյո՞ք հաշվիչներն արգելվում են քննասենյակի ներսում օգտագործել, Կրթության նախարարը պատասխանեց, որ չեն արգելվում միայն պարզ գործառույթներ կատարող հաշվիչները: «Որեւէ մեկի ձեռքից հաշվիչ չէին վերցրել: Բայց եթե թեստերը նայում եք, հաշվիչի կարիք այդ թեստերում չի եղել: Որեւէ լուրջ խնդիրներ մենք չենք ունեցել»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Վերջերս մամուլում հրապարակում կար այն մասին, թե բուհական քննությունները հանձնելու նպատակով, Վանաձորում հատուկ քննական սենյակ է տրամադրվել տեղի մեծահարուստների երեխաներին: Ընդ որում, ըստ հրապարակման, այնպիսի պայմաններ էին ստեղծվել այդ երեխաների համար, որոնք ստեղծվում են, մեղմ ասած` «փափկակյաց» դիմորդների համար: Ա. Աշոտյանը երեկ լրագրողներին ասաց, որ այդպես էլ իրեն չեն փոխանցել այն կնոջ կոորդինատները, ով զանգահարել էր խմբագրություն ու հայտարարել, որ Վանաձորում մեծահարուստ դիմորդներին տրվել է հատուկ քննասենյակ: Նշենք, որ հավաքված ծնողներն անգամ սեփական երեխայի գնահատականների մասին խոսելիս էին վախենում ներկայանալ ու որեւէ «ավելորդ» տեղեկատվություն փոխանցել մեզ:
Օրինակ, ծնողներից մեկը մեծ վրդովմունքով պատմում էր, թե ինչպես են թիվ 5 դպրոցում երեխաներին հանել քննասենյակից, հետո հերթով սենյակ հրավիրել: Մինչդեռ դիմորդներից շատերի կարծիքով, թեստերում կատարած սխալներն իրենց ուշադրության կամ չիմացության պատճառով են: «Ներսում ամեն ինչ նորմալ է, մոնիտորներ կան, կարող են նայել: Ուղղակի խնդիրը հայոց լեզվի քննության այն էր, որ շատ պահանջներ խճճված ձեւակերպումներ ունեին: Օրինակ, պահանջ կա, որ պետք է տրված անկանոն բայերի մեջ գտնենք անկանոնությունը, կամ գրականությունից, օրինակ, թեստում կար Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մի հատված, ես շփոթել էի «Լիլիթի» հետ: Էնտեղ բառեր կան, որ նման էն «Լիլիթին». ասենք՝ շուրթերի պահը»,- նշեց դիմորդ Լիլիթ Թորոսյանը, ով դիմել էր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան:
Քննասենյակներից դուրս բոլորը խորացել էին միավորների հաշվարկում, մինչդեռ Վանաձորի կենտրոնական շուկայում ամեն ինչ նույնն էր` 1 կիլոգրամ բալն արժեր 850 դրամ: