Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Արեւքուրիկը (զվերաբոյ) ժողովրդական բժշկության մեջ
Այս բույսը թեեւ բուժիչ է, բայց թունավոր է: Նույնիսկ չոր վիճակում այն անասունների վրա կարող է խոցեր առաջացնել: Նախկինում մարդիկ հավատում էին, որ այն կախարդական ուժ ունի եւ բույսի փունջը կախում էին դռան հետեւում` վայրի կենդանիներին վախեցնելու համար:
Այս բույսը ծաղկում է հունիսից մինչեւ աշուն: Տարածված է անտառոտ վայրերում, աճում է նաեւ բացատներում ու ծառահատած վայրերում: Բույսն ընդհանրապես հավաքում են ծաղկած ժամանակ: Ժողովուրդն արեւքուրիկը համարում է 99 հիվանդության դեղ: Այն ունի բարդ քիմիական բաղադրություն: Այն բուժման նպատակով օգտագործում են եւ՛ թարմ, եւ՛ չորացրած վիճակում: Արեւքուրիկը կարեւոր հումք է իմանին ստանալու համար, որը վերք բուժելու ուժեղ միջոց է: Բույսից ստանում են արեւքուրիկի յուղ, որը գործածվում է վերքերը, խոցերը, այրվածքները բուժելու համար: Այս յուղը փոքր չափաբաժնով ներմուծվում է օրգանիզմ խոցի ու գաստրիտի բուժման նպատակով: Իսկ փոքրիկ վնասվածք ստանալու դեպքում թարմ բույսը տրորում են ու դնում մարմնի տվյալ մասի վրա: Նախկինում արեւքուրիկն օգտագործում էին որպես գլխացավն ու գլխապտույտը հանգստացնող միջոց, նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ու կանանց սեռական օրգանների խնդիրների ժամանակ: Այն նույնիսկ ախորժակ է գրգռում, օրգանիզմի համար կարող է հանդիսանալ դիմադրողականությունը բարձրացնող միջոց: Իհարկե, այս ամենը հաշվի առնելով, պետք է չմոռանանք այս բույսի թունավորության մասին: Արեւքուրիկի ներքին գործածության համար պետք է շատ զգույշ լինել: Երկարատեւ օգտագործումից արյունատար անոթները նեղանում են, ինչի պատճառով էլ կարող է արյան ճնշումը բարձրանալ:
Արեւքուրիկի խոտից պատրաստված թուրմը շատ լավ օգնում է ստամոքսի, աղիների, լյարդի, միզապարկի ու լեղապարկի հիվանդություններին ու թութքին:
Արեւքուրիկի թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. 10գ արեւքուրիկի խոտը լցնել 200մլ եռջրի մեջ, թրմել 30 րոպե ու քամել: Թուրմը խմել օրվա մեջ 3 անգամ ուտելուց առաջ` 1 ճաշի գդալից:
Արեւքուրիկի եփուկը շատ օգտակար է կոլիտի դեպքում: 20գ արեւքուրիկի մանրացրած խոտը 10 րոպե եռացնել 250մլ ջրում, քամել ու խմել օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 50մլ-ից:
Այս բույսից պատրաստված մազը հանգստացնում է արթրիտի, ռադիկուլիտի ու իշիասի ցավերը: Դրա համար անհրաժեշտ է խոտը մանրացնել, խառնել բուսական յուղ ու սկիպիդար (աչքաչափով) ու ստացված խառնուրդը դնել ցավող մասին:
Ինչո՞ւ են եղունգների վրա սպիտակ բծեր առաջանում
Եղունգների վրա սպիտակ, փոքրիկ բծերը, որպես կանոն, հայտնվում են այն ժամանակ, երբ ձեր կերակրացանկից պակասում է պրոտեինը կամ ցինկը: Սկսեք շատ օգտագործել ձու, պանիր, տավարի միս եւ ծովամթերք: Քանի որ եղունգները դանդաղ են աճում, բծերը կսկսեն անհետանալ մոտ 6 ամսից:
Ժողովրդական բուժամիջոց գլխացավի դեմ
Կիտրոնի թարմ կեղեւի արտաքին մասը մաքրել, խոնավ կողմով դնել քունքին եւ պահել որոշ ժամանակ: Շուտով կիտրոնի կեղեւի տակ կառաջանա կարմիր խալ, որը կսկսի մի քիչ վառել ու քոր գալ, ու գլխացավը շուտով կանցնի: Այս պարագայում մի ցավը դուրս է մղում մյուս ցավին:
Ինչ դիետա է առաջարկվում կոլիտի բուժման ժամանակ
Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի ուտեստները համտեսել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր, պետք չէ շատ խմել: Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ՝ խոզ, հորթ եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ ընդհակառակը՝ միրգ կերեք: Խուսափեք զանազան սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն: Աշխատեք մրգերը կորիզով չուտել, պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից ու սուրճից:
Կարելի է ուտել գրեթե բոլոր հացաբույսերը (բացառությամբ թեփի), հավի եւ ոչխարի միս: Բոլոր մրգերն ու բանջարեղենները պետք է ուտել առանց կորիզի եւ ցանկալի է՝ եփած: Հացը պետք է լինի կիսաչոր եւ յուղի քիչ քանակությամբ ու ճարպերն էլ քիչ: Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած չափով, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը չպետք է շատ լինի: Եթե հիվանդը ճշգրտորեն պահպանի դիետան եւ ընդունի դեղամիջոցներ` բժշկի խորհրդով, ապա լրիվ կառողջանա: Պետք է հիշել, որ կոլիտի բուժման մեջ կա մեկ կարեւոր «ոչ». երբեք չօգտագործել լուծողականներ: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Կարելի է երբեմն ընդունել հոգնա, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա: